Logo

Գլխի ընկնել (ո՞ւր ընկնել ։))․ հայերենի դարձվածքները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:27 / 18.03.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հայերենի դարձվածքներ

Հայերենում կան այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստ են արտահայտում: Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ: Դրանք կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված կապակցություններ են։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցներն այդ խմբում ներգրավում են նաև առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները։ 
Մենք պարբերաբար կներկայացնենք մեր հարուստ լեզվի դարձվածքները և կբացատրենք, թե որն ինչ իմաստ է արտահայտում։

Եվ այսպես՝

ԳԼԽԻ ԸՆԿՆԵԼ

1. Հասկանալ, ըմբռնել:
2. Կռահել, իմանալ:

Գլխի ընկա՝ մտադրությունը գուշակեցի, մտքով յուրացրեցի, գիտակցեցի, պատկերացրեցի, զգացի, ընկալեցի։

◆ Ես պատահաբար գլխի էի, թե որտե՛ղ է նա, բայց չասացի։ Երեկոյան Երևան 
◆ Ընտրել են իշխանավորներին և գլխի չեն, որ իրենց խաբում են, գռփում։ «Ազգ» 
◆ Դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ նպատակ է հետապնդում․․․
(բրբ․) 
◆ Հասկացա՞ք, թե բան ուրտեղեն ծագում առավ, Շամիլի տաշտը ուրտեղեն ծակվեց, գլխո՞ւ եք։ (Ավետիք Իսահակյան) 
◆ Ան չէ, գլխո՞ւ ես ինտոր ճափոնը Սիբերիան պատառ պատառ կուլ կու տա։ (Լեռ Կամսար)