Logo

Հադրութի մասին…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 08.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
4F2A9644 min 7 - Հադրութի մասին...

Գետահատը՝ Հադրութը, տեղակայված է Արցախի հարավարևելյան մասում՝ Ստեփանակերտից շուրջ 50 կմ հարավ-արևելք։ Քաղաքն այսօր ունի շուրջ 4500 բնակիչ։

Հադրութի հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Քաղաքի և նրա շրջակայքի տասնյակ հուշարձանները վերաբերում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններին։ Հադրութ պարսկերեն նշանակում է «գետահատ», «գետամեջ» կամ բառացի՝ երկու գետերի միջև. բնակավայրի երկու կողմերով հոսում են երկու գետակներ, որոնք միախառնվում են Հադրութի ստորին մասում՝ Խորը աղբյուրի մոտ։

Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։

Հադրութը, գավառով հանդերձ, բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին, սակայն, միշտ վերակառուցվել է։ Այդ են վկայում Հադրութի և շրջակա գյուղերի Սպիտակախաչ վանքի, Շախկախի, Շինատեղի, Անապատի, Սուրբ Հարություն, Սուրբ Աստվածածին, Գրիգոր Լուսավորիչ, Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր վանքերի ու եկեղեցիների (IX-XVII դդ.) վիմագրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշարձաններ։

XIX դարում, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մի քանի տասնամյակում քառապատկվել է Հադրութի բնակչության թիվը։ Աշխուժացել են արհեստները, որոնց թիվը XX դարի սկզբին շուրջ 25 էր։ Հայտնի էին որմնադիրները, դարբինները, հյուսները, ոսկերիչները, գորգագործները, մետաքսագործները։ Հադրութը, Շուշիից հետո, երկրամասում երկրորդ արհեստագործական կենտրոնն էր։

հադրութ 960x289 - Հադրութի մասին...

1913-ին Հադրութն ուներ 2795 բնակչություն, գործում էր մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան։

Հադրութի մետաքսը ներկայացվել է համաշխարհային ցուցահանդեսների.

1882-ին Մոսկվայի տոնավաճառում այն արժանացել է բրոնզե, իսկ 1883-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։

1918-ին հադրութցիներն ուժեղ դիմադրություն են ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ Խորհրդայնացումից հետո, բռնի հայտնվելով Ադրբեջանական ԽՍՀ կազմում, Հադրութը զրկվել է իր զարգացման հնարավորություններից, փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, կտրտվել կամ արմատահան են արվել հարյուրավոր հեկտար շահութաբեր թթենու այգիներ։

 1988-ի Ղարաբաղյան շարժման շնորհիվ Հադրութի բնակչությունն ազգային վերածնունդ է ապրել։

XIX դարում կազմակերպվել է Հադրութի կանոնավոր հատակագծով կառուցապատումը. անխաթար պահպանվել են քաղաքի հին հատվածը, փողոցի երկու կողմում հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր կառույցներ՝ պատշգամբավոր բնակելի տներ (1-3-հարկանի), խանութներ, արհեստանոցներ։

Հադրութում տպագրվում է «Դիզակ» թերթը։