Logo

Համաշխարհային արխիվների բացառիկ նյութերը՝ «Երախտագիտության քարտեզ»-ում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:08 / 11.03.2022Ռեժիսորներ
null

Ցեղասպանություն ապրած ժողովուրդների երախտագիտությունն ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին  այդ մասին է «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարը, որի երկրորդ՝ մեր հայրենակիցների նկարահանած «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի մի քանի օրից։

«Ամերիկացի բարի սամարացիները»` «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2015թ. ապրիլին, թարգմանվել 13 լեզվով և առ այսօր ցուցադրվել է արդեն 20 երկրի բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, տարածվել համացանցում:

Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, իսկ «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:

Нет описания.

«Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում  է փրկվածների ու նաև այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորները նրանց առաքելությունը մարդկային կյանքի փրկությունն էր:                 

Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Նա անկախ հետազոտողների հետ ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուքիայում  ծրագրված և իրագործված ցեղասպանությունները` ներկայացնում է ԱՄՆ-ի հետաքրքիր տեղեկություններ հումանիտար օգնության մասին:

Нет описания.

Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ` պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ: 

Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:

68 րոպե տևողությամբ ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է` հայերեն թարգմանությամբ:       

Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը՝  Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի միջոցով:                                       

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում: Երևանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին`«Մոսկվա» կինոթատրոնում: