Logo

Կինոն ու բիզնեսը փոխկապակցված են․ Հարցազրույց ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 26.08.2022Ռեժիսորներ
Սարիկ Անդրեասյան-2022

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատասխանել է Gazeta.Ru-ի հարցերին: 

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․

2020 թվականին ասում էիք, որ կինոն, որպես բիզնես, մեռնում է, դադարել է եկամտաբեր լինել։ Երկու տարի անց վիճակը կայունացա՞վ, լավացա՞վ, թե՞ վատթարացավ։

Լիամետրաժ ​​ֆիլմերի դեպքում իրավիճակն է՛լ ավելի է վատացել։ Հանդիսատեսը, ինձ թվում է, վերջնականապես առցանց հարթակներն է ընտրել։ Իհարկե, միշտ կլինեն «Ավատարներ», որոնք կդրդեն հանդիսատեսին կինո գնալ, բայց դա հազվադեպ երևույթ է: Աշխատող հանդիսատեսը բացարձակապես ժամանակ չունի, իսկ ավելի երիտասարդ հանդիսատեսին այլևս չի հետաքրքրում կինոթատրոնը՝ որպես ժամանցի վայր:

— Եթե որոնողական համակարգերում մուտքագրենք Ձեր անունը, անմիջապես ցուցադրվում է «սկանդալ» բառը: Խոսքը Լերա Կուդրյավցևայի հետ սկանդալի մասին է, որը «Նոր ալիքի» հեռարձակման ժամանակ քննադատել է Ձեր ֆիլմերը։ Ինչո՞ւ որոշեցիք պատասխանել նրա խոսքերին։ 

Մեր խնդիրն է զվարճացնել հանդիսատեսին: Մեր շուրջը ամեն ինչ շոու է: Բայց կա տարբերություն շոուի, որը դուք ինքներդ եք անում, և շոուի, որի ժամանակ ձեզ ուղղակի որոշել են վիրավորել:

— Դուք հաճախ եք քննադատում հեղինակային կինոն ու դրա ռեժիսորներին։ Ինչո՞ւ է դա Ձեզ նյարդայնացնում։ Կարծես հենց այդպիսի ռեժիսորների շնորհիվ է, որ աշխարհը խոսում է ժամանակակից ռուսական կինոյի մասին։

Պատմությունը, թե փառատոնային ռեժիսորները ռուսական կինոն ինչ-որ կերպ տեղափոխում են համաշխարհային շուկա, բացարձակ սուտ է։ Հեղինակային կինոն վերագրված պատմություն է, որը ստեղծվել է, որպեսզի որոշակի թվով մարդիկ գումար վաստակեն դրանից և, նստելով Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններում, իրենց էլիտա հռչակեն։ Սրանք դատարկ մարդիկ են ու դատարկ ֆիլմեր։ Իհարկե, ոչ բոլորը և ոչ միշտ, բայց հաճախ հեղինակային կինոն տապալված ֆիլմ է, և ստեղծողները որոշել են այն անվանել հեղինակային, որպեսզի չամաչեն ձախողման համար։

Ընդհանրապես, ես նման ֆիլմ չեմ նկարահանում և չեմ էլ պատրաստվում։ Ես չեմ խանգարում, որ հեղինակները փառատոներում հավաքվեն։ Ես սիրում եմ բացառապես հեռուստադիտողին ու դիտողի համար արվեստը, որում ես ուղեցույց եմ։

— Եվ վերջապես, Ձեզ համար կինոն ավելի շատ արվե՞ստ է, թե՞ բիզնես։

Կինոն ինձ համար իմ ամբողջ կյանքն է և այն ամենը, ինչ ինձ շրջապատում է: Իմ գլխում ես յուրաքանչյուր գաղափարի հնարավորություն եմ տալիս: Կինո եմ փնտրում ամեն ինչում։ Եվ ես դարձա գործարար, քանի որ հաջող ֆիլմեր եմ նկարահանում։ Այս բաները փոխկապակցված են։ Դուք չեք կարող լինել հաջողակ և աղքատ: Եթե ​​այո, ուրեմն հաջողակ չեք։ Կինոն ինձ համար հիմքն է։ Որոշակի ժանրի մեջ պատմելու արվեստը հիմքն է: Եվ ես ուրախ եմ, որ դա անելու ունակությունն ինձ բերեց դեպի բիզնես: Ով գալիս է կինո՝ փող աշխատելու, դատարկաձեռն է հեռանում։