Logo

Հայկական Musk Factor-ի տեխնոկոմիքսը հավաքել է ավելի քան 12.000 դոլար․ նախագիծը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:57 / 14.03.2022Կինո
Musk Factor

Musk Factor ֆիլմի ստեղծագործական թիմի նոր նախաձեռնությունը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Թիմը ստեղծում է «Տամպլիերների կոդը» (Templars' Code) խորագրով կոմիքսը, որի համար սկսել է դրամահավաք kickstarter.com կայքում։ Ժամերի ընթացքում բազմաթիվ մարդիկ գնել են կոմիքսը և այլ նվերներ, որը դրամահավաքը (crowdfunding) հասցրել է իր նպատակին՝  նախատեսված 6600 դոլարից հավաքելով կրկնակի շատ` 12000 դոլարից ավելի ընդամենը մի քանի ժամում։

Կոմիքսի գիրքը պատմում է Մարսի կոլոնիզացիայի մասնակից մի ինժեների մասին, ով գտնում է Սուրբ Գրալը և օգտագործում այն տեղափոխելու ժամանակի մեջ՝ օգնելու Նիկոլա Տեսլային կանխարգելել 21-րդ դարի ամենամեծ աղետը։ Օրիգինալ կոմիքսը լի է առեղծվածային արկածներով, ժամանակի մեջ տարաբնույթ ճանապարհորդություններով։ Իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Մարսը կոլոնիզացվում է՝ դառնալով մարդկանց համար բոլորովին նոր աշխարհ՝ լի առեղծվածներով ու ինտրիգներով։

«Ուրախ ենք, որ միջազգային հարթակում կոմիքսն արդեն մեծ հետաքրքրություն է վայելում։ Նախատեսում ենք այս ամառ այն ներկայացնել հանրությանը»,-նշում է կոմիքսի գաղափարի հեղինակ, Musk Factor ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Կոմիքսում առանձնահատուկ տեղ է հատկացվում հայկական մշակութային կոթողներին, մասնավորապես՝ Մատենադարանին, որտեղ էլ պահվում է Մարսի քարտեզը։