Logo

«Սիմֆոնիկ պարեր»․ հայ ազգի և պարերի պատմությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:16 / 23.03.2022Համերգ
Սիմֆոնիկ պարեր

Այսօր՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունը՝ հիմնված հայկական ազգային պարերի ռիթմերի և մոտիվների վրա։ Այն կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ 

Ստեղծագործությունը բաղկացած է 6 մասից։ Առաջին մասը կոչվում է «Պարի ծնունդը», 2-րդը՝ «Շորոր», 3-րդը՝ «Յարխուշտա», 4-րդը՝ «Բերդ», 5-րդը՝ «Լալիք», այն եզրափակվում է «Քոչարի»-ով։

Առաջին մասը՝ «Պարի ծնունդը», խորհրդանշում է պարի սկիզբը հնագույն ժամանակներում՝ նկարագրելով պարի էվոլյուցիան, որը դարձել է հայկական ծիսակարգի մաս։ Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը, և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։

«Քանի որ պարերը մեր, այսպես ասած, գենետիկ կոդը փոխանցել են մինչ օրս, այդ պարերը նաև մեր պատմության կոդն են փոխանցել մեզ։ Եվ այս սիմֆոնիկ ստեղծագործության միջոցով ներկայացրել ենք այս երևույթը»,- VNews.am-ի հետ զրույցում ասում է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը։

Այս ստեղծագործության մեջ շոշափվել է նաև 44-օրյա պատերազմի թեման: Այն ներկայացվում է 4-րդ՝ «Բերդ» կոչվող մասում:

«Բերդը փլուզվում է՝ նկարագրելով պատերազմը։ Այնուհետ հաջորդում է «Լալիքը», որը նշանակում է ողբ»,- ասում է կոմպոզիտորը՝ հավելելով, որ վերջում ստեղծագործությունը եզրափակվում է «Քոչարի»-ով, որն ազգի վերածնունդն է խորհրդանշում․․․