Logo

Հայկական սիրուն-սիրուն պարերգեր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 20.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
ddddd - Հայկական սիրուն-սիրուն պարերգեր
Պարերգերը գյուղական ժողովրդական երգեր են, որոնք հիմնականում կատարվում են շուրջպարի ուղեկցությամբ: Հնում Պարերգերը ունեցել են ծիսական  նշանակություն. Հետագայում աստիճանաբար ծեսից անջատվելով, դարձել գյուղական ժողովրդական կենսակերպի, կենցաղի, արվեստի ամենատարածված տեսակը:  Պահպանված ավանդական պարերգերի մեջ գերակշռում են քնարական բնույթի պարերգեր, իսկ ամենաշահարկվող թեման, իհարկե, սերն է։ Այդ ամենն, անշուշտ, ուղեկցվում է նաև կոլորիտով ու բնության նկարագրություններով։ Հայ բոլոր երաժիշտ բանահավաքները գրի են առել գյուղական պարերգի բազմաթիվ նմուշներ, որոնցից են Կոմիտասի գրառած «Ալագյազ»-ը, «Հոդալլո ջան»-ը և շատ այլ պարերգեր: Vnews-ն արանձնացրել է մի քանի սիրուն ու սիրված պարերգեր՝ լավ ու հայկական տրամադրության համար։

«Խնկի ծառ»

Կոմիտաս

Հայկական ժողովրդական երգը պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Երգը առաջին անգամ հիշատակվել է Կոմիտաս վարդապետի և իր ընկերոջ՝ Մանուկ Աբեղյանի 1903 թվականին խմբագրած «Հազար ու մի խաղ» ժողովածուում։ Մենք ունենք Կենաց ծառի և կնոջ պաշտամունքին նվիրված ծիսական պարեր, որոնցից մեկը կոչվում է «Խնկի ծառ»: Կենտրոնում պարող տոհմի ամենամեծահասակ կինը խորհրդանշում է կենաց ծառ, իսկ նրա շուրջ հավաքված տոհմակիցները, որ գովերգում են կենաց ծառին, վերջինիս երկրպագողներն են ու պաշտողներն են:

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Ձեր դըռանը խընկի ծառ.
Գյուլո՜ւմ ջան.
Խընկենին ա բերել բար,
Գյուլո՜ւմ ջան.
Իմ խորոտիկ, պըզտիկ յար:
Գյուլո՜ւմ ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Նախշուն բըլբուլ վըրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան.
Երթար ու գար, շորոր տար,
Գյուլո՜ւմ ջան.
Սիրուն յարին օրոր տար:
Գյուլո՜ւմ ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Մարջան բըլբուլ վըրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան.
Գընար ու գար, շըվին տար,
Գյուլո՜ւմ ջան.
Անուշ յարի թևին տար:
Գյուլո՜ւմ ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Ոսկի բըլբուլ վըրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան.
Կարմիր խընձոր անել տար,
Գյուլո՜ւմ ջան.
Ալվան ծաղիկ տանել տար:
Գյուլո՜ւմ ջան։

«Թամզարա»

Թամզարան պարել են շատ հայկական բնակավայրերում։ Գրառվել է բազմաթիվ տարբերակներ, սակայն գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվան ծագումը չի կարողացել բացատրել։ Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն  ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։
Բարակ մեջքիդ յոթը ծամ,
Թամզարա, հայ թամզարա,
Սրտիդ միջին ունիս կամ,
Թամզարա, հայ թամզարա:
Համ լե-լե, համ զարա
Թամզարա, հայ թամզարա:
Ախչի, ծամդ ծիրանի,
Թամզարա, հայ թամզարա,
Քամին տա՝ թել-թել անի,
Ինչ բան ըսես՝ ըմեն կա:
Կաքավ թռավ մեր արտեն,
Թամզարա, հայ թամզարա,
Կտրավ իմ խաղի ղայդեն,
Ինչ բան ըսես՝ ըմեն կա:
Կրկ. Թամզարա, հայ թամզարա,
Ինչ բան ըսես՝ ըմեն կա: 
Աղջի, դու լուսնագ երես,
Թամզարա, հայ թամզարա,
Ի՞նչ կըլնի՝ ինձի սիրես,
Ինչ բան ըսես՝ ըմեն կա:
Գարուն էկավ ու գնաց,
Թամզարա, հայ թամզարա,
Հուրն ընկավ սիրտս, մնաց,
Ինչ բան ըսես՝ ըմեն կա:
Կրկ. Թամզարա, հայ թամզարա,
Ինչ բան ըսես՝ ըմեն կա:
Այ էտինը, էտինը,
Ծունկս զարնեմ գետինը,
Ինձի չհավնող աղջիկը,
Սաղ-սաղ մտնի գետինը:
Էրթիկ-էրթիկ կայնել ես,
Էրթնկա պետ բռնել ես,
Հերս քեզ աղջիկ չի տա,
Իզուր քնեդ կտրել ես:

«Ալագյազ»

Կոմիտաս

Ալագյազ բարձր սարին,
Ձյուն ա կիտվել կատարին.
Սարի՛ ճամփեք, բա՛ց ելեք,
Երթամ, հասնեմ իմ յարին:
Օ յա՜ր, օ յա՜ր,
Ա՜յ սարեր, ա՜յ սարեր,
Վա՜յ արևոտ սարեր,
Կանաչ արոտ սարեր.
Օ յա՜ր, օ յա՜ր,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ:
Ա՜խ, իմ ճամփեն քարոտ ա,
Սիրտս էրված, յարոտ ա,
Ղարիբի օրն ըլնի սև,
Ազիզ յարի կարոտ ա:
Յարիս տեսա. լալիս էր,
Լալիս, գլխին տալիս էր,
Ճամփա՛ տվեք, ա՛յ սարեր,
Ձեռով արի, գալիս էր:
Էն ի՞նչ ղուշ ա էն քարին,
Սիրտս կաթում ա արին,
Ա՛յ իմ թառլան, թև՛ տուր ինձ,
Թռչեմ, հասնեմ իմ յարին:

«Հո՛դալլո ջան, հո՛դալլո»

Կոմիտաս

Հո՛դալլո ջան, հո՛դալլո, հո՛դալլո ջան, հո՛ դալլո,
Հո՛դալլո ջան, հո՛ դալլո, դալալո ջան, դալալո:
Մեր բաղումը նըռնի ծառ,
Հոդալլո ջան,հոդալլո,
Խընձոր թալեմ արի տար,
Դա՛լալլո ջան, դա՛լալլո,
Սարի լանջը հովվել է,
Հո՛դալլո ջան,հո՛դալլո,
Երնակ էսօր մեկ էլ գար,
Դա՛լալլո ջան,դա՛լալլո:
Ո՞ր պարտեզը, ո՞ր պարտեզը չունի ծառ,
Ո՞ր տնկին է, ո՞ր տնկին է՝ չունի բար,
Վայրի թռչուն, վայրի թռչուն դառել ես,
Զու՛ր ես թըռել, ուր ես թըռել, չունիս յար:
Հո՛դալլո ջան, հո՛դալլո, հո՛դալլո,
Դալալո ջան, դալալո ջան, դալալո:
Կանաչ արտը, կանաչ արտը հաց տարա,
Յարիս տեսա, յարիս տեսա ետ դառա:
էն ի՜նչ հուր էր, էն ի՜նչ հուր էր արևի,
Սիրտըս հալավ, սիրտըս հալավ ու վառավ:
Հո՛դալլո ջան, հո՛դալլո, դալալո ջան, դալալո,
Հո՛դալլո ջան, հո՛դալլո, դալալո ջան, դալալո։
Հո՛դալլո ջան, հո՛դալլո, դալալո ջան, դալալո,
Հո՛դալլո ջան, հո՛դալլո, դալալո ջան, դալալո։

«Լիկիլի»

Ջավախքի հարսանեկան պար, որը գրի է առել մեր Ռուդիկ Հարոյանը։

Գետի բոլոր մանրիկ ուռ է,
Շեկ աղջկա ծոցվին նուռ է,
Շեկ աղջկա ծոցվին նուռ է,
Ասի քաղեմ, ասաց ժուռ է,
Աղջի, քու մեջք թրի բուռ է,
Քու պագ սրտիս դեղ ու դուր է:
Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:
Աղջի, արի քեզ բան ասեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Քեզի թագվոր ախպորս ուզեմ,
Հերիք ման գաս օրոր-շորոր,
Տղոցն անես շիվար-մոլոր:
Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ: