Logo

Հեղինակային կինոյի դարբնոցը. պատմում ենք A24 ստուդիայի տասը լավագույն ֆիլմերի մասին 

Հեղինակ
Արման Գասպարյան
17:06 / 21.04.202310 Բան
Բացառիկ
A24 ստուդիա

Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության ֆավորիտ ֆիլմերից երկուսը` գլխավոր մրցանակների մեծ մասին արժանացած «Ամեն ինչ, ամենուր ու միանգամից» (Everything Everywhere All At Once) պոստմոդեռնիստական դրաման ու տղամարդու լավագույն դերի համար մրցանակ ստացած «Կետը» (The Whale), արտադրվել են անկախ հեղինակային կինոյի արտադրությամբ զբաղվող A24 ստուդիայում։

Իր գոյության 11 տարիների ընթացքում ստուդիան արդեն ձեռք է բերել անկախ հեղինակային, հաճախ` էքսպերիմենտալ կինոյի դարբնոցի կոչում, որտեղ հեղինակները, առանց խոշոր ստուդիաների վերահսկողությունից վախենալու, կարող են արարել իրենց կինոաշխարհները։ Ժամանակն է, որ A24-ն իր հարուստ ու բազմազան ֆիլմադարանով գրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։

Իսկ մենք կփորձենք պատմել (բացի վերոնշյալ երկուսից) ընկերության արտադրած, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի, 10 լավագույն ֆիլմերի մասին, չնայած ցուցակը կարող էր բաղկացած լինել նույնիսկ 30 ֆիլմից։ Ընտրությունը բավականին բարդ էր․

«Լոք» (Locke), 2013թ, ռեժիսոր Սթիվեն Նայթ 

Locke

«Սուր հովարներ» (Peaky Blinders) սերիալի հեղինակ, անգլիացի դրամատուրգ Սթիվեն Նայթի կամերային դրաման այնքան կամերային է, որ ամբողջ ընթացքում ավտոմեքենայի ղեկին նստած Թոմ Հարդիից բացի ոչինչ ու ոչ ոքի չեք տեսնի, սակայն հմտորեն կառուցված դրամատուրգիայի ու հիանալի դերասանական խաղի շնորհիվ այս, առաջին հայացքից, կենցաղային թվացող պատմությունն ընթացքում կվերածվի մեկ մարդու սուր սոցիալական դրամայի ու անգամ թրիլլերի։ 

«Մեքենայից» (Ex Machina), 2015թ, ռեժիսոր Ալեքս Գարլանդ 

Ex Machina

Այն, ինչ հիմա անհանգստացնում է շատերին արհեստական բանականության զարգացման բումի հետ մեկտեղ, առանցքային էր բրիտանացի սցենարիստ ու ռեժիսոր Ալեքս Գարլանդի նեո նուարային գիտաֆանտաստիկ ֆիլմի համար։ Գարլանդի բոլոր հեղինակային ֆիլմերի քննարկման առանցքը մարդու, Բնության ու տեխնոլոգիաների փոխհարաբերություններն են ու դրանց հետևանքով ծնվող դևերը։ Այս ֆիլմում Գարլանդի եզրակացությունը միանշանակ է. եթե կարող է լինել մարդուց ավելի զարգացած արարած, ապա այն անխուսափելիորեն գահընկեց է անելու իր արարչին։

«Սենյակ» (Room), 2015թ, ռեժիսոր Լեննի Աբրահամսոն 

Room

Մինչև Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքում դեր ստանալը, դերասանուհի Բրի Լարսոնի անունը թնդաց աշխարհով մեկ հենց այս ֆիլմում իր անկրկնելի դերի համար` գնահատվելով, ի թիվս այլ մրցանակների, նաև «Օսկարով»` կնոջ լավագույն դերակատարման համար։ Մեկուսացման մեջ ապրելու, փախուստի ու մեծ աշխարհում կրկին ադապտացվելու մասին այս մռայլ դրաման բռնության զոհերի նկատմամբ հասարակության ոչ միշտ միանշանակ վերաբերմունքի մասին է։ 

«Վհուկը» (The Witch), 2016թ, ռեժիսոր Ռոբերտ Էգերս 

The Witch

Ժամանակակից ամենահեռանկարային ռեժիսորներից Ռոբերտ Էգերսն իր խոստումնալից կարիերան սկսեց 17-րդ դարի Նոր Անգլիայում ծավալվող ֆոլկլորային պատմությամբ, որը դարձավ նաև դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյի հաղթական տոմսը դեպի մեծ կինո։ Էգերսը հիանալի տիրապետում է նյութին ու բարձր ռեժիսորական վարպետությամբ պատմում է գրեթե հեքիաթի (բավականին մռայլ հեքիաթի) եզրին գտնվող, բառի բուն իմաստով մոգական պատմություն նոր աշխարհում մարդկանց դարանակալած չարիքի մասին։ 

«Ժառանգական» (Hereditary), 2018թ, ռեժիսոր Արի Ասթեր 

Hereditary

Ասթերն էլ խիստ հեռանկարային երիտասարդ ռեժիսորների աստղաբույլի երկրորդ ներկայացուցիչն է, որը մեծ կինո թափանցեց այնպիսի աղմուկով, որ կինոքննադատները մինչև հիմա փորձում են ուշքի գալ։ «Ժառանգականը», վստահաբար, լինելու է ձեր տեսած ամենավախենալու հորրորը, որի պատճառով որոշ ժամանակ կորցնելու եք քունը։ Ճիշտ տեղերում արված շեշտադրումների ու Թոնի Կոլետի աննկարագրելի դերասանական խաղի շնորհիվ այս ֆիլմը հավերժ դաջվում է կինոդիտողի կոպերին։ 

«Կլիմաքս» (Climax), 2019թ, ռեժիսոր Գասպար Նոե 

Climax

Գասպար Նոեն հանճարեղ է։ Թե ինչպես է իրեն հաջողվել LSD-քաոսն ու դրա աճը ներկայացնել ոչ թե կերպարների ներսից (ինչպես Enter the Void-ում էր), այլ կինոդիտողի դիրքից, անհնար է նկարագրել, բայց ֆիլմի երրորդ ակտի դժոխային վիճակը նույն կինոդիտողին անհարմար դրության մեջ է դնելու՝ շեշտակի կոնտրաստ ստեղծելով առաջին երկու ակտի բավականին փափուկ մթնոլորտի հետ։ Վերջում կա՛մ ատելու եք այս ֆիլմը, կա՛մ սիրելու եք. միջինը տրված չէ։ 

«Արևահավասար» (Midsommar), 2019թ, ռեժիսոր Արի Ասթեր 

Midsommar

Իր երկրորդ ֆիլմով Արի Ասթերը շատ ավելի ամբիցիոզ նպատակներ է դնում։ Ընտրելով սկանդինավյան ժողովուրդների՝ աշխարհի չափ հինավուրց ու խորհրդավոր մշակութային առանձնահատկությունները` ռեժիսորը բացում է դրանք մեծ էկրանին։ Հանդարտ, վայելելով վիրտուոզ օպերատոր Պավել Պոգոժելսկու կառուցած ամեն մի կադրը՝ Ասթերն աստիճանաբար, լարելով օդում կախված նյարդը, ձեզ կուղեկցի դեպի արևոտ, լուսավոր դժոխք, ցույց կտա, որ իրական սարսափը մութ անտառում ու հրեշի երախում չէ, ու որ տարբեր մշակույթների բախման պարագայում ավելի կայուն մշակույթը ենթարկվողին կլանելիս վերջինիս համար կլինի իրական հրեշն ու սարսափը։ Տարօրինակ ու խճճված, խելամիտ ու հանդուգն այս կինոկտավը բացում է հսկայական, խայտաբղետ մշակութային մի շերտ, որից անհնար է աչք կտրել. իզոլացված հանրույթը, ձուլված բնության ու սեփական հավատալիքների հետ, սնվելով արտաքին աշխարհից ու մնալով ինքնատիպ, ծայրահեղ դաժան է օտարի նկատմամբ, ինչպես ժամանակին իրենց նախնիներն էին։ 

«Փարոսը» (The Lighthouse), 2019թ, ռեժիսոր Ռոբերտ Էգերս 

The Lighthouse

2015-ի ցնցող «Վհուկից» հետո Էգերսը հավաքում է ուժերն ու հանդիսատեսի դատին հանձնում ֆիլմ, որի ավարտից հետո դեռ ժամանակ է պետք շունչդ հետ բերելու համար։ Եթե «Վհուկը» մանրակրկիտ ուսումնասիրում էր կանացի սկիզբը, ապա «Փարոսը» նույն ազնվությամբ ու սկուրպուլյոզությամբ ուսումնասիրելու է տղամարդկայինը՝  նորից ֆոլկլորը միաձուլելով մարդկային հոգեբանության հետ, Ֆրոյդին միացնելով Լավքրաֆթին ու ծնելով մռայլ, դեպրեսիվ, կլաուստրաֆոբիկ, սակայն ծայրահեղ էլեգանտ կինո՝ մենակության ու մարդու ներքին դժոխքի մասին։ 

«Չմշակված գոհարներ» (Uncut Gems), 2019թ, ռեժիսորներ Ջոշ ու Բեննի Սաֆդի 

Uncut Gems

Երիտասարդ ռեժիսորներ Ջոշուա ու Բենջամին Սաֆդիների կարիերան շատ է նմանվում իրենց երկրորդ լիամետրաժ ֆիլմի անվանմանը. նրանք, միանշանակ, ծայրահեղ տաղանդավոր, բայց սկզբում դեռ լիովին չբացահայտված ստեղծագործողներ էին, «չմշակված թանկարժեք քարեր»։ Անկախ կինոյի Independent Spirit մրցանակի տրիումֆատոր «Չմշակված գոհարներն» արդեն այս ռեժիսորների լուրջ, ծանրակշիռ հայտն է կինոաշխարհում։ Ֆիլմը դանդաղ, բայց հաստատուն կերպով թափ է հավաքում, որ ֆինալին մոտ, անցկացնելով կինոդիտողին լարվածության ամենաբարձր աստիճանի միջով, եզրափակիչ կատարսիսին հարվածում է պատերով։ Ու, իհարկե, սա Ադամ Սենդլերի լավագույն դերն է։ Հասկանալու համար, թե ինչ լավ դրամատիկական դերասան է Սենդլերը, ուղղակի պետք է նայել այս ֆիլմը։ Սա Սենդլեր-դերասանի վարպետության իսկական մաստեր կլասս է, դերասանի, ում ստեղծած կերպարի հետ անցնելու եք կրակի, ջրի ու պողպատյա խողովակների միջով։ 

«Կանաչ ասպետը» (The Green Knight), 2021թ, ռեժիսոր Դեյվիդ Լոուրի 

The Green Knight

«Կանաչ ասպետը» միանշանակ, ամենահետաքրքիր ու տարօրինակ կինոփորձերից է։ Անհնար է կտրվել էկրանից՝ այնքան սիրուն ու մոգական է տեղի ունեցողը։ Եթե շատ կարճ, սա 14-րդ դարի անհայտ հեղինակի Sir Gawain and the Green Knight պոեմի բավականին ազատ, գրեթե պոստմոդեռնիստական էկրանավորումն է։ Իհարկե, Լոուրին պահպանել է բոլոր պայմանականությունները. առատ սիմվոլիզմ, կելտական, գերմանական ու սկանդինավյան միֆոլոգիական մթնոլորտը, հեթանոսության ու քրիստոնեության հավերժ հակադրությունը և այլն։ Բայց Լոուրին պատմում է սեփական պատմությունը՝ հետևելով սկզբնաղբյուրին միայն սկզբնական ֆաբուլայի ու որոշ գործող անձանց հարցում։ Լոուրին չի կենտրոնանում խիզախության ու ասպետական պատվի թեմաների վրա, ինչպես պոեմում։ Ռեժիսորն ուսումնասիրում է ժամանակները, երբ աշխարհը բավարար հին էր՝ ամեն քայլափոխին մոգություն ու կախարդանք կրելու համար։ Բավարար հին էր, որպեսզի ամենակարող Բնության ուժի դեմ մարդը խոնարհվի ու հնազանդվի, ինչպես ուժեղագույն մոգության առջև։