Logo

Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի հավաքականում ելույթներն ավարտելու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:21 / 03.03.2022ՍՊՈՐՏ
ՀրատապՊաշտոնական
Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում երկրպագուներին հայտնել է միջազգային կարիերան ավարտելու մասին:

«Սիրելի՛ ընկերներ,

Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում,  իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:

95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ​​ամենը, ինչ կարող էի:
Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, որոնք աջակցել են ինձ, որոնք մարզել ու կրթել են ինձ, որոնց հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, որ նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ կայացմանը։

Հաջողություններ իմ ազգային հավաքականին:

Ընդմիշտ ձեր՝

Հենո»,- գրել է Մխիթարյանը:

Հավելենք՝ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 2007-2021 թվականներին, անցկացրել է 95 խաղ՝ դառնալով 32 գոլի հեղինակ. նա մեր ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն է: