Logo

Հիչքոքի կաթոլիկ ծնողները, մտրակող ուսուցիչները, շատակերությունը, կոմպլեքսներն ու ԿԻՆՈՆ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.04.2021Ռեժիսորներ
05 16 - Հիչքոքի կաթոլիկ ծնողները, մտրակող ուսուցիչները, շատակերությունը, կոմպլեքսներն ու ԿԻՆՈՆ

41 տարի առաջ այս օրն է կյանքից հեռացել հաճարեղ Սըր Հիչքոքը՝ սարսափի արքան ու սասպենսի վարպետը: Իր կարիերայի 60 տարիների ընթացքում, կինոմատոգրաֆիայի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ, ստեծել է իր ուրույն ռեժիսորական ոճը, հիմնադրել սասպենսի և հոգեբանական թրիլերի մի շարք էլեմենտներ, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ից՝ ասպետի կոչում։

Սակայն սա մեդալի միայն մի երեսն է. հակառակ երեսին խիստ կաթոլիկ ծնողներն են, մտրակող ուսուցիչները, միայնությունը, ծաղրը, կոմպլեքսները, «սիրելի» մարդասպանները, շատակերությունը, ավելորդ քաշն ու դեպրեսիան և բազմաթիվ այլ փոքրիկ, մարդկային դժբախտություններ: 

Իսկ այժմ, ավելի մանրամասն: 

Ինչպես ծնողներն ու ճիզվիտները վախեցրին փոքրիկ Ֆրեդին

(և ինչպես նա սկսեց համակրել մարդասպաններին)

Ընտանիքում երկրորդ որդին և երեք երեխաներից ամենափոքրը՝ Ալֆրեդը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնում։ Տղան մեծացել է կաթոլիկ նպարավաճառի ընտանիքում, ծնողներն  անգլիական-իռլանդական ծագում ունեին: Ալֆրեդի մանկությունն անամպ չէր. հետագայում ռեժիսորը ժպիտով չէր հիշում այդ տարիները: Մանուկ հասակում Ալֆրեդը վախենում էր, որ իրեն կպատժեն: Նրա բարեպաշտ ծնողները, կարծես, վախենում էին, որ իրենց հանգիստ և համեստ որդին կարող է չշարունակել ընտանեկան ավանդույթը, որը նրան պարտավորեցնում էր բանջարեղենի վաճառքով զբաղվել՝ իր հոր ու պապի պես, մի բան էլ՝ սխալ շրջապատ ընկնել, վատագույն դեպքում՝ հանցագործ դառնալ: Վաղ տարիքից Ֆրեդի մայրը հետևում էր նրա ամեն մի քայլին, ամեն գիշեր նա որդու համար մի փոքրիկ «խոստովանություն» էր կազմակերպում իր անկողնու մոտ ու ստիպում ապագա կինոռեժիսորին մանրամասն պատմել, թե ինչ է եղել այդ օրվա ընթացքում: Իհարկե, Ալֆրեդը, ոչ մի կրիմինալ բան չէր պատմում, սակայն ծնողները չէին դադարում անհանգստանալ, կասկածել ու խիստ հսկողության տակ պահել որդուն:

Մի անգամ Ալֆրեդի հայրը՝ Ուիլյամ Հիչքոքը 5-ամյա որդուն ուղարկեց ուղիղ ոստիկանություն՝ նրա գրպանում ինչ-որ նամակ դնելով: Ոստիկանը, կարդալով նամակը, փակեց երեխային բանտախցերից մեկում ու ասաց՝ «ահա, թե ինչ է լինում չենթարկվող երեխաների հետ»: Ճիշտ է, 5 րոպե անց նույն ոստիկանը բացեց բանտախցի դուռն ու ազատեց Ալֆրեդին, սակայն ոստիկանական բաժանմունքից դուրս եկավ, արդեն, լրիվ այլ երեխա՝ փակ, կասկածամիտ ու վախվորած: Այդ «դասը» նրա հիշողության մեջ շատ ամուր դաջվեց: Մինչև կյանքի վերջին օրերն էլ, Հիչքոքը վախենում էր ոստիկաններից:

Հետագայում, դպրոցական տարիներին էլ ավելի սրվեց Ալֆրեդի՝ պատժվելու վախտը: Ծնողները տղային ուղարկեցին ճիզվիտների ենթակայության տակ գործող Սուրբ Իգնատիոսի վարժարան, որտեղ կարգապահություն էին սերմանում՝ ռետինե մտրակներով: Հիչքոքը չարություն չէր անում, լավ էր սովորում, սակայն իրեն անվտանգ չէր զգում՝ անդադար վախենալով ճիզվիտ հայրերից:

Ավելի ուշ, Հիչքոքը, այնուամենայնիվ, գտավ այն, ինչն օգնում էր նրան մոռանալ ծնողների գերխնամքն ու ուսուցիչների նախատանքը. Հիչքոքը սկսեց այցելել Լոնդոնի գլխավոր քրեական դատարան՝ Օլդ Բեյլի: Ներկա գտնվելով բազմաթիվ աղմկահարույց գործերի դատական նիստերին, Հիչքոքը հասկացավ ու մի օր էլ հայտարարեց ծնողներին, որ պատրաստվում է դատավոր դառնալ Օլդ Բեյլիում:

Իհարկե, հասարակ վաճառականի տղան չէր կարող իրեն թույլ տալ սովորել իրավաբանական ակադեմիայում. այդուհանդերձ, Հիչքոքն ընդունվեց Լոնդոնի համալսարանի անվճար դասընթացների: Նա սկսեց ուսանել տնտեսագիտություն, քաղաքագիտություն և նկարչություն: Տղան հատկապես հաջողում էր նկարչության ոլորտում: Ավարտելով կուրսերը, Հիչքոքը սկսեց աշխատել Հենլի հեռագրական գործակալությունում, շատ չանցած նա արդեն գովազդների նկարիչն էր: Իսկ 1919 թվականին Հիչքոքը աշխատանքի անցավ Լոնդոնի կինոստուդիայում, որպես ենթագրերի դիզայներ. այստեղ էլ սկսվեց նրա 60-ամյա կինոկարիերան:

Երկար տարիներ անց, արդեն իր սերնդի կարևորագույն ռեժիսորի կարգավիճակում, Հիչքոքը վերադարձավ իր մանկության դատարան: Խոսքը 1971 թվականի «Frenzy» կինոնկարի նկարահանումների մասին է: Ֆիլմը լի էր ինքնակենսագրական մանրամասներով. հենց Օլդ Բեյլիում Հիչքոքը նկարահանեց ֆիլմի կուլմինացիոն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը, որը անարդարացիորեն մեղադրվել էր մի շարք սպանությունների մեջ, դատապարտվում է անազատության… ինչպես Հիչքոքը մանկության տարիներին: Դե իսկ իրական մարդասպանը շարունակում էր բանջարեղեն վաճառել Քովենթ-Գարդենի շուկայում՝ ճիշտ Ալֆրեդի հոր ես:

Рынок Ковент-Гардена в фильме «Безумие», 1972 Frenzy, 1972. Քովենթ-Գարդենի շուկա

Հիչքոքի ստեղծագործության մեջ մեկ անգամ չէ, որ հանդիպում ենք անարդարացիորեն դատապարտված մարդկանց. The Wrong Man ֆիլմում Նյույորքաբնակ կոնտրաբասիստին մեղադրում են ապահովագրական մի ընկերություն թալանելու մեջ՝ իրական հանցագործի հետ ունեցած արտաքին նմանության պատճառով: 1929 թվականին լույս տեսած Blackmail ֆիլմում երիտասարդ աղջիկը ինքնապաշտպանության արդյունքում սպանում է իրեն բռբաբարող տղամարդուն, աղջկա ընկերը՝ դետեկտիվ Սքոթլենդ-Յարդը բարդում է այդ սպանությունը մի մանր հանցագործի վրա, որին հայտնի է իրականությունը և որը շանտաժի է ենթարկում դետեկտիվին ու վերջինիս սիրեցյալին: Նմանատիպ թեմա է արծարծվում նաև 1954 թվականի  To Catch a Thief  ֆիլմում: 

Кадры - Шантаж - Перси Парсонс 1280x1100

Blackmail, 1929

Ինչպես Հիչքոքն ատեց սեփական մարմինն ու հայտնի դարձավ

Ալֆրեդ Հիչքոկը տարված էր սնունդով: Կախվածությունը ի հայտ էր եկել դեռևս մանկության տարիներին: Մի օր փոքրիկ Ալֆրեդն արթնացավ գիշերվա կեսին ու երկար փնտրտուքներից հետո հայտնաբերեց, որ ծնողները տանը չեն: Նա այնքան էր վախեցել, որ, մի մսի կտոր ձեռքն առած, կուչ էր եկել խոհանոցի անկյունում: Ուտելով մսի կտորը՝ Ալֆրեդը հասկացավ, որ այն իր վրա հանգստացնող ազդեցություն է թողնում. այդպես էլ ծնվեց ռեժիսորի՝ սթրեսը ուտելու միջոցով հաղթահարելու վատ սովորությունը: Տարիքակիցները ծիծաղում էին Հիչքոքի գիրության վրա, ինքն էլ ամաչում էր իր մարմնից, տառապում էր ու էլ ավելի շատ ուտում: Շատակերությունն, իսկական խնդիր էր դարձել Ալֆրեդի համար, սակայն մի այնպիսի խնդիր, որի շնորհիվ նա չզորակոչվեց Առաջին համաշխարհային պատերազմին, մի բան էլ՝ աստղ դարձավ:

Հիչքոքը բրիտանացի մյուս ռեժիսորներից շուտ հասկացավ, որ ֆիլմի հաջողությունը կարող է կախված լինել նաև ռեժիսորի ճանաչելիությունից. սկզբում նորահայտ ռեժիսորը լրագրողներին ու կինոքննադատներին դիմավորում էր գունավոր, մետաքսե գիշարազգեստներով ու նախշավոր հողաթափերով: Նման հանդերձանքով էլ լուրջ քննարկումներ էր վարում, օրինակ՝ Էյզենշտեյնի հետ կինոմանտաժի մասին: Այդուհանդերձ, թեև լրագրողներին զարմացնում էր ռեժիսորի տեսքը, ֆիլմերին նրանք առանձնակի ուշադրություն չէին դարձնում: Մի բան էլ՝ ասում էին, թե այդ գիշերազգեստներով Հիչքոքն ավելի գեր է երևում: Շուտով, Հիչքոքը հրաժարվեց իր էքստավագանտ կերպարից ու նախապատվությունը տվեց սև կոստյումին, ինչն էլ կրեց հետագա ամբողջ կյանքի ընթացքում:

Ամեն դեպքում, կյանքը ցույց տվեց որ ռեժիսորի էքսպերեմենտներն անտեղի չէին: Հանդիսատեսը սկսեց հետաքրքրվել այդ տարօրինակ կինոռեժիսորով ու գնել նրա ֆիլմերի տոմսերը՝ երբեմն, հենց ռեժիսորին տեսնելու համար: Բանն այն է, որ սկսած 1927 թվականին լույս տեսած The Lodger ֆիլմից, Հիչքոքը նկարահանվում էր իր իսկ ֆիլմերում: Ալֆրեդի ֆիլմերի ճանաչելիությունը մեծանում էր՝ նրա քաշի հետ զուգընթաց. պարբերականները նրան անվանում էին Մեծն Ալֆրեդ՝ ոչ միայն տաղանդի համար: Շուտով Հիչքոքը դարձավ ամենակասսային բրիտանացի ռեժիսորն ու սկսեց կշռել 140 կիլոգրամ:

Обложка журнала Holiday, 1976

1938 թվականին նա թողեց «գավառական» բրիտանական կինոն ու մեկնեց ԱՄՆ՝ «Քամուց քշվածների» պրոդյուսերի հրավերով: Վերջինիս հետ էլ կնքեց 7-ամյա պայմանագիր: Գուցե Հիչքոքին նոր հանդիսատես էր անհրաժեշտ, որն ավելի քիչ ուշադրություն կդարձներ իր արտաքինին ու ավելի շատ՝ իր կինոներին: Թեև, ինչպես պարզ դարձավ հետագայում, Հոլիվուդը լավագույն վայրը չէր՝ իմիջի փոփոխության համար:

Գալով ԱՄՆ՝ Հիչքոքն անմիջապես արժանացավ պարբերականների ուշադրությանը. թեև, նա հայտնվում էր հեղինակավոր ամսագրերում՝ կրկին, իր ախորժակի շնորհիվ: Մի օր Ալֆրեդին «հայտնաբերեցին» 3 բաժին սթեյք ու 3 բաժին պաղպաղակ ուտելից. լրագրողի այն հարցին, թե ինչպես է նրան հաջողվում այդքան ուտել Հիչքոքը պատասխանեց. «Ես ուտում եմ հաճույքի համար. սնվելն, ինձ համար, շատ ավելի՝ հոգեբանական, քան ֆիզիոլոգիական պրոցես է»: Սա սխալ մեկնաբանություն էր. ավելի ճիշտ՝ մեկնաբանություն, որից հետո ամբողջ ամերիկյան մեդիան սկսեց քննարկել կինոռեժիսորի գաստրոնոմիական սովորությունները: Հիչքոքին քննադատում էին, Հիչքոքը էլ դեպրեսվում էր ու շարունակում էր գիրանալ:

Իր կյանքի ընթացքում, Հիչքոքը միայն մեկ անգամ է փորձել նիհարել. դեպքը տեղի է ունեցել 1940-ականներին՝ մի օր, երբ Ալֆրեդը չկարողացավ կապել իր կոշիկի կապիչները, քանի որ նրան խանգարում էր իր իսկ ստամոքսը, սակայն շուտով, կոմպուլսիվ շատակերությունը հաղթեց նիհարելու ցանկությանը: Արդյունքում, Հիչքոքը հասկացավ, որ իր արտաքինի մասին խոսակցությունները չեն դադարելու ու սկսեց համակերպվել դրա հետ. այդուհետ նա անկաշկանդ հայտարարում էր. «Աշխարհում ամենից շատ ես սիրում եմ ուտել, խմել ու քնել, մասնավորապես՝ վերջինը: Այո՛, ես ուտում եմ՝ խոզի պես»:

Թեև նեղ ընկերական շրջանակներում լավ գիտեին, որ Հիչքոքի համար չկա ավելի մեծ վիրավորանք, քան «գեր» բառն է: 

Սնունդը կարևոր դեր է խաղում նաև Հիչքոքի կինոնկարներում. այդպես, օրինակ՝ Notorious ֆիլմում սնունդն օգնեց շրջանցել ցենզուրան: Ըստ կանոնակարգի, ֆիլմերում թույլատրելի էին առավելագույնը 3,5 վայրկյան տևողությամբ համբույրի տեսարանները: Հիչքոքի ֆիլմի հերոսները յուրաքանչյուր 3,5 րոպե մեկ ընդհատում էին համբուրվելու պրոցեսը՝ քննարկելով առաջիկա ընթրիքը ու այն, թե ինչ են նրանք ուտելու: Այդպիսով, համբույրի տեսարանը տևեց ավելի քան 3 րոպե (թեև փոքրիկ ընդհատումներով): 

«Дурная слава», 1946

Notorious, 1946 

Ինչպես էր Հիչքոկը վախենում մահից

(և ինչպես դա դարձավ երկարատև ամուսնության գրավականը)

Հիչքոքի՝ ավելորդ քաշի հետ կապված բարդույթները ազդում էին նաև ռեժիսորի անձնական հարաբերությունների վրա: Ավելի շուտ, պատճառն էին հանդիսացել, որպեսզի Ալֆրեդը խուսափի հակառակ սեռի հետ շփումից՝ մինչև 20 տարեկանը: Հենց այդ տարիքում նա հանդիպեց իր ապագա կնոջը: Ալմա Ռեվիլը Հիչքոքի տարիքակիցն էր՝ ծնվել էր կինոռեժիսորի ծննդյան հաջորդ օրը, թեև կինոյում շատ ավելի մեծ փորձ ուներ: Նա արդեն հասել էր ռեժիսորի օգնականի պաշտոնին ու բոլորը վստահ էին, որ նրան մեծ կինոկարիերա է սպասվում, սակայն ամեն ինչ այլ ընթացք ունեցավ, երբ աղջիկը հանդիպեց Ալֆրեդին: Հիչքոքը նկատել էր Ալմային անմիջապես, կարելի է ասել՝ սիրահարվել էր առաջին հայացքից, բայց, քանի որ աղջիկն ավելի բարձր պաշտոն ուներ, քան՝ ինքը, վարանում էր ծանոթանալ նրա հետ: Այդպես շարունակվեց մի քանի տարի, մինչ Հիչքոքը հասավ ենթագրերի դիզայների պաշտոնին:

Նրանք սկսեցին հանդիպել, Ալման սպասում էր ամուսնության առաջարկության, իսկ Ալֆրեդը, կարծես, չէր շտապում այդ հարցում: Ամեն ինչ փոխվեց 1926 թվականին. վերադառնալով նկարահանումներից՝ Հիչքոքը և Ալման հայտնվեցին փոթորկի կիզակետում: Հիչքոքը, որը միշտ էլ վախենում էր անսպասելի մահվանից, վազեց Ալմայի մոտ ու հարցրեց, թե արդյոք նա կամուսնանա՞ իր հետ: Ինչին ի պատասխան, ծովային հիվանդությամբ տառապող Ալման գլխով արեց ու, անմիջապես, փսխեց. ահա, թե ինչպես է սկսվել կինոաշխարհի ամենապինդ ու կայուն սիրո պատմություններից մեկը:  

Շարունակությունն ավելի հետաքրքիր է:

Նրանց սերը վտանգի տակ էր գեթ մեկ անգամ, երբ Ալման հղիացավ: Հիչքոքը չէր ակնկալում, որ բարեկազմ կինն այդքան կփոխվի արտաքնապես ու գրեթե կհասնի իր չափսերին, բայց մեծագույն փորձությունը հենց ծննդաբերությունը դարձավ: Բանն այն է, որ այդ տարիներին, ծննդաբերության ընթացքում, մայրերի մահացության ցուցանիշը բարձր էր ու Հիչքոքը խիստ անհանգստացած էր կնոջ կյանքի համար: Չկարողանալով հաղթահարել խուճապը՝ նա փախավ ու մեկ էլ վերադարձավ ծննդաբերության հաջորդ օրը: Ալմայի խոսքով, Հիչքոքն այնպիսի տեսք ուներ, որ թվում էր՝ ինքն է ծննդաբերել: 

Այդ պահից սկսած, Հիչքոքին չէր լքում այն տագնապը, որ կինը կարող է մեռնել. այդ էր պատճառը, որ նա ջանում էր միշտ լինել Ալմայի կողքին: Ալման դեմ չէր: Անկեղծորեն հավատալով, որ իր ամուսինը մեծ ռեժիսոր է, նա սիրով ստանձնում էր համահեղինակի դերը: Դստեր ծննդից հետո, Ալման վերջնականապես հրաժարվեց իր կինոկարիերայից ու սկսեց զբաղվել միայն Հիչքոքի ֆիլմերով: Ինչպես պարզ դարձավ հետագայում, Ալման նույնքան հիանալի գործընկեր ու գաղափարակից էր. նրա պատասխանատվության տակ էին մի շարք կարևոր որոշումներ, նա հեղինակում էր Հիչքոքի այնպիսի կարևոր ֆիլմերի սցենարներ, ինչպիսին են «Sabotag»-ը և «Suspicion»-ը, նա հաստատում էր սցենարիստներին ու կոմպոզիտորներին, իսկ «Ալմային դա դուր եկավ» արտահայտությունը համարվում էր լավագույն կոմպլիմենտը՝ Հիչքոքի շուրթերից:

С Альмой Ревиль во время съемок «Марни», 1964

Մահացած տիկնանց մասին ֆիլմերն, այդուհետ, դառնում են Հիչքոքի սիրելի թեմաներից մեկը: Նա հեղինակում է Rebecca-ն. պատմություն գլխավոր հերոսի մահացած կնոջ մասին, որը դառնում է կենտրոնական պերսոնաժը՝ ոչ մի անգամ չհայտնվելով էկրանին: 1958 թվականին լույս է տեսնում ռեժիսորի Vertigo կինոնկարը, որտեղ մահացած կնոջ կերպարը հասցնում է հերոսին խելագարության: 

Головокружение (1958) - Узнай лучшее предложение для просмотра онлайн | КиноискательVertigo, 1958

Ինչպես էր Հիչքոքը տառապում մեծ հավաքույթներին

(և ինչպես էին մնացածն էլ ավելի տառապում)

Ալմա Ռեվիլը Հիչքոկի միակ ընկերն էր՝ ռեժիսորի ամբողջ կյանքի ընթացքում: Մնացածի հետ հարաբերությունները չէին դասավորվում. մասամբ՝ ամաչկոտության, մասամբ էլ տարօրինակ հումորի զգացողության պատճառով, որը վախեցնում էր նույնիսկ նրա կնոջը: Հիչքոքը շփվող չէր. մանկության տարիներին նա բակի տղաների հետ ֆուտբոլ խաղալու փոխարեն նախընտրում էր նստել սենյակում և ուսումնասիրել տրանսպորտային քարտեզներ (նա անգիր գիտեր Տրանսսիբիրյան երկաթուղու բոլոր կանգառները), նույնիսկ ընտանեկան արձակուրդների ժամանակ. Հիչքոքը չէր մասնակցում զրույցներին. նա լռում էր ու նայում: 

Մեծանալով շատ բան չփոխվեց. կոմունիկացիայի բոլոր ձևերից Հիչքոքն ընտրեց կատակելն ու ծաղրելը: Եթե լրատվամիջոցների հետ զրույցներում նրա սև հումորն ընդգծում էր էքսցենտրիկ կերպարը, ապա ընկերական շրջանակում վանում էր մարդկանց նրանից: Հիչքոքի «չար կատակներն» ունենում էին դաժանության տարբեր աստիճաններ: Մի անգամ, նա դերասանուհի Թիպպի Հեդրենի դստերը նվիրեց մի տիկնիկ. այն պատկերում էր Թիպպիին՝ դագաղի մեջ: Հիչքոքը կարող էր, օրինակ, իր նկարահանող թիմից մեկի բաժակի մեջ լուծողական ավելացնել. և սա իրական դեպք է:

Ընկերների բացակայությունը դժվար էր տրվում Հիչքոքին. նա վախենում էր անծանոթ մարդկանց հետ լինելուց, և նրա ծանոթներից շատերը նախընտրում էին խուսափել նրանից. հիմար կատակները Հիչքոկին վատ համբավ էին բերել: Հասարակական միջոցառումներին Հիչքոկը նախընտրում էր հարբել ու քնել. այդ սովորությունը վերաճեց մի ծիծաղելի պատմության, երբ Հիչքոքի աչքը կպավ՝ Թոմաս Մանի հետ զրույցում, երբ վերջինս խոսում էր գեղարվեստական ​​և վավերագրական ֆիլմերի միջև եղած սահմանի մասին:

Հիչքոքի «չար կատակներից» շատերն էլ իրականացել են հենց նկարահանման հրապարակում: Այդպես, օրինակ, Psycho ֆիլմի նկարահանումների ժամանակ Հիչքոքը որոշեց ստուգել, թե որքան բարձր կարող է գոռալ դերասանուհի Ջանեթ Լին ու վերջինիս հարդարման սենյակում թաքուն տեղադրեց նորման Բեյթսի մոր մումիան: 

«Психо», 1960

Psycho, 1960

Այս ամենը հանճարի բոլոր ապշեցնող կողմերը չեն. նրա կենսագրությունն ու բնութագիրը լի է տարատեսակ անսովոր, խելահեղ, անհասկանալի, բայց արտառոց դրվագներով, որոնց էլ, անպայման,կանդրադառնանք առաջիկայում: