Logo

5 ֆիլմ + 5 գիրք. Տաթև Հովակիմյան

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 21.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Տաթև Հովակիմյան

Խարիզմատիկ, յուրահատուկ ոճով և քնքուշ ձայնով.... ժամանակակից կինոյի ամենատաղանդավոր ու խոստումնալից դերասանուհիներից մեկը՝ «Poème» նախագծի հեղինակ Տաթև Հովակիմյանը, VNews Culture-ի հետ կիսվել է իր սիրելի գրքերի ու ֆիլմերի ցանկով՝ հավելելով, որ աշխարհում վերջին տարիներին կատարվող իրադարձություններն ազդել են իր ներքին աշխարհի վրա՝ այսպիսով ձևավորելով ներքոնշյալ շարքը:

«Ցանկության թևեր» (Wings of Desire), Վիմ Վենդերս

Վիմ Վենդերսի գեղարվեստական ֆիլմը կինոռեժիսորի ամենահայտնի գործերից է:

Երկու հրեշտակները՝ Դամիելը և Կասիելը, կարդում են մարդկանց ամենաներքին մտքերը, վայելում նրանց ազատությունը և միևնույն ժամանակ մի փոքր նախանձում մահկանացուներին, քանի որ իրենք դատապարտված են անմահության։

Հրեշտակների աշխարհում չկա ժամանակ և ֆիզիկական զգացողություններ, այլ՝ միայն հոգի և միտք: Սիրահարվելով կրկեսի ակրոբատ Մարիոնին՝ Դամիելն ընտրում է ոչ հավերժական երկրային սերն ու կյանքը՝ իր բոլոր թուլություններով ու անկատարությամբ:

Տիտրերում նշվում է, որ ֆիլմը «նվիրված է բոլոր նախկին հրեշտակներին, հատկապես Յասուջիրոյին, Ֆրանսուային և Անդրեյին»։ Խոսքը կինոռեժիսորներ Յասուջիրո Օզուի, Ֆրանսուա Տրյուֆոյի և Անդրեյ Տարկովսկու մասին է։

«Անսահմանության մասին» (About Endlessness), Ռոյ Անդերսոն 

Շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի 2019 թվականի գեղարվեստական ֆիլմն է, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին:

Ֆիլմը կինոնովելների հավաքածու է, որոնց միավորողը պատմողն է ու մեկ կերպար` քահանան, որն ամեն գիշեր երազում տեսնում է, որ հսկայական խաչ է քարշ տալիս ժամանակակից շվեդական քաղաքի փողոցներով: Պատմողը փակ լուսամուտներից ներս է նայում և թափանցում ուրիշների երազների մեջ՝ իր տարօրինակությամբ ու գեղեցկությամբ հետևելով սովորական կյանքի իրադարձությունների հաջորդականությանը:

Կինոնկարի վրա ռեժիսորն աշխատել է 5  տարի։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնում:


 «Գիշերային դռնապան» (The Night Porter), Լիլիանա Կավանի

1957 թվականին նախկին նացիստը և համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալը պատահաբար հանդիպում են Վիեննայի հյուրանոցներից մեկում: Երկուսն էլ երազում են արագ մոռանալ իրենց անցյալը։

Դահիճի և զոհի հիշողություններն անբնական գրավչություն են առաջացնում երկուսի միջև։ Այդ զգացմունքները, որոնք անսպասելիորեն տածում են հերոսները միմյանց հանդեպ, բացահայտում են իրենց իրական դեմքերը։ 

«Արի ու տես» (Come and See), Էլեմ Կլիմով

1943 թվական: Հայրենական մեծ պատերազմ: Գերմանիան ներխուժում է Բելառուս.  16-ամյա Ֆլորիային ուղարկում են անտառ՝ միանալու դիմադրությունից հոգնած մարտիկներին՝ հակառակ իր ընտանիքի ցանկության: Այնտեղ նա ծանոթանում է մի աղջկա՝ Գլաշայի հետ, որն ուղեկցում է նրան դեպի գյուղ։ Վերադառնալով տուն՝ Ֆլորիան հայտնաբերում է, որ իր ընտանիքն ու համագյուղացիները սպանվել են։ Պատերազմի դաժան ավերակների մեջ նրա շարունակական գոյատևումը դառնում է մղձավանջային՝ վերածվելով հուսահատության և հույսի միջև պայքարի:

«Կյանքը հիասքանչ է» (La Vita è bella), Ռոբերտո Բենինի

Իտալական կրքեր, սեր, երիտասարդություն.... «Կյանքը հիասքանչ է»-ն 1997 թվականի իտալական տրագիկոմեդիա է: Գլխավոր դերերում՝ Ռոբերտո Բենինի, Նիկոլետտա Բրաշկի։

Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, ներկայացվել է «Օսկար»-ի 7 անվանակարգում (լավագույն երաժշտություն, լավագույն դերասան, լավագույն ֆիլմ, լավագույն արտասահմանյան ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն ռեժիսոր, լավագույն մոնտաժ): 

Ռոբերտո Բենինին «Օսկար»-ի 2 արձանիկի է արժանացել «Լավագույն դերասան» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմի ռեժիսոր» անվանակարգերում, Նիկոլա Պիովանին՝ ֆիլմի երաժշտության համար։

Տաթև Հովակիմյանի սիրելի գրքերը՝ 

«Ընտրություն» (The Choice: Embrace the Possible), Էդիթ Եվա Էգեր 

The Choice: Embrace the Possible

Երիտասարդ տարիքում Էդիթ Եվա Էգերին ընտանիքի հետ ուղարկում են Օսվենցիմ (այն ավելի քան 40 համակենտրոնացման և բնաջնջման ճամբարներից բաղկացած համալիր էր, որը գործում էր նացիստական Գերմանիայի օկուպացրած Լեհաստանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի ժամանակ), որտեղ մահանում են աղջկա ծնողները՝ երեխաներին թողնելով մահվան ճիրանների սարսափներում։ Պատերազմի ավարտից 35 տարի անց, դառնալով հայտնի հոգեբան, Էդիթը վերադառնում է Օսվենցիմ՝ ազատվելու անցյալի հիշողություններից և վերապրածի մեղքից։

Այս գիրքը Հոլոքոստը վերապրածի հուշերի մասին չէ. այն հերոսության և տոկունության, գթասրտություն և ապաքինվելու անմոռանալի տարեգրություն է:

«Շան սիրտը» (Собачье сердце), Բուլգակով

Собачье сердце

Պատմության կենտրոնում պրոֆեսոր Պրեոբրաժենսկու և դոկտոր Բորմենտալի փորձն է: Պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչը շանը մահից է փրկում, որպեսզի նրա վրա փորձարկում անցկացնի՝ բացահայտելու հիպոֆիզային գեղձի գործառույթները։ Վիրահատության արդյունքում շունը վերածվում է մարդու։ Ստեղծագործության գաղափարն այն է, որ նոր տեսակի մարդիկ հասարակության մեջ չեն համակերպվում, նրանց քաղաքականությունը, մեթոդներն ու սկզբունքները հակասում են կյանքի բնականոն ընթացքին. բռնությունը չի կարող որևէ առողջ բանի սկիզբ լինել:

«Չքնաղ նոր աշխարհ» (Brave New World), Օլդոս Հաքսլի

Brave New World

 «Չքնաղ նոր աշխարհ»–ը 20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ անգլիացի գրող Օլդոս Հաքսլիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպի իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին: 

Ըստ սյուժեի՝ մարդիկ չեն ծնվում բնական ճանապարհով, այլ աճեցվում են շշերում՝ հատուկ գործարաններում։ Սաղմնային զարգացման փուլում նրանք բաժանվում են 5 կաստաների, որոնք տարբերվում են մտավոր և ֆիզիկական ունակություններով՝ առավելագույն զարգացմամբ «ալֆաներից» մինչև ամենապրիմիտիվ «էպսիլոնները»։ Ալֆաները բուծվում են որպես առաջնորդներ, իսկ էպսիլոնները՝ մեծ աշխատողներ:

«1984», Ջորջ Օրուել 

ՋորՋ Օրուել 

«1984»-ը բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպն է: «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների մասին։ Վեպում պատկերված է մ․թ․1984 թվականի արևմտյան քաղաքակրթությունը, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզելիս։

Օրուելի գաղափարների հիմքում 20-րդ դարն այլանդակող գաղափարական հրեշներն ու նրա հիմնական «իզմերի» առճակատումն են: Գրողը պայքարել է ֆաշիզմի դեմ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (պացիֆիզմը համարելով շքեղություն, որի համար վճարում են այլ մարդիկ), բայց նաև գիտակցել է կոմունիզմի դատարկ խոստումները: 

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» (Flowers for Algernon),  Դենիել Քիզ

Flowers for Algernon

Դենիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է, որը ստացել է «Հյուգո» մրցանակը՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը պատմվածքը դարձրել է ամբողջական վեպ: Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո երկու գիտնական որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Գիտնականներն ընտրում են Չառլիին: IQ անցկացված թեստի արդյունքում հստակ երևում է Չառլիի աճն ու նոր գիտելիքները: