Logo

5 ֆիլմ + 5 գիրք. Լիլիթ Մուրադյան

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 08.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

«5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: 

Այս շաբաթ մեզ և ձեզ հետ իր սիրելի ֆիլմերի և գրքերի ցանկով է կիսվել հաղորդավար և պրոդյուսեր Լիլիթ Մուրադյանը:

Եվ, այսպես, Լիլիթի սիրելի ֆիլմերից են՝ 

Requiem for a Dream-Ռեքվիեմ երազանքի համար

Ռեժիսոր` Դարեն Արոնոֆսկի
Ժանրը՝ հոգեբանական դրամա

Ֆիլմը հիմնված է Հյուբերտ Սելբի կրտսերի՝ 1978 թվականի համանուն վեպի վրա, որի հետ Արոնոֆսկին գրել է սցենարը։ Կինոնկարի կենտրոնում 4 թմրամոլ հերոսներն ու նրանց ֆիզիկական և էմոցիոնալ վիճակն է: 
Թմրադեղերից կախվածությունը ստիպում է հերոսներին բանտարկվել մոլորության և հուսահատության աշխարհում: 
Երիտասարդներից յուրաքանչյուրն ունի իր երազանքը, որոնց հասնելու ճանապարհին հայտնաբերում են բազմաթիվ խոչընդոտներ: Երազանքները մնում են անհասանելի, իսկ հերոսների կյանքն անդառնալիորեն փլուզվում է։

One Flew Over the Cuckoo's Nest-Թռիչք կկվի բնի վրայով

Ռեժիսոր` Միլոշ Ֆորման
Ժանրը՝ դրամա

Պաթոլոգիական հանցագործ Ռենդլ Պատրիկ ՄակՄերֆին գաղութից տեղափոխվում է հոգեբուժական կլինիկա, որը վերահսկում է գլխավոր բուժքույրը՝ սառնասիրտ և խիստ Միլդրեդ Ռաչեդը: ՄակՄերֆին ըմբոստանում է և մտադիր չէ հնազանդվել բուժքրոջ «կարգուկանոնին», սակայն Ռաչեդը վճռական է տրամադրված:  Ֆիլմը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է Օրեգոնի հիվանդանոցի հոգեբուժարանում:

Համաշխարհային կինոյի պատմության մեջ այն երկրորդ ֆիլմն է, որն արժանացել է «Օսկար»-ի՝ 5  ամենահեղինակավոր անվանակարգերում, ինչը նախկինում հաջողվել էր միայն «It Happened One Night» (1934) ֆիլմին:

The Machinist-Մեքենավարը 

Ռեժիսոր՝ Բրեդ Անդերսոն 
Ժանրը՝ թրիլլեր, դրամա

«The Machinist»-ը 2004 թվականին ստեղծված հոգեբանական թրիլլեր է: Ֆիլմի գլխավոր հերոսը Թրևոր Ռեզնիկն է։ Նա երկար ժամանակ չի կարողանում քնել և գտնվում է քնի ու իրականության եզրին, ինչի պատճառով էլ հայտնվում է սարսափելի իրադարձությունների ու ենթադրությունների լաբիրինթոսում։

Իմիջիայլոց, Քրիստիան Բեյլն այս ֆիլմի համար նիհարել է 30 կիլոգրամ՝ 4 ամիս հետևելով խիստ դիետայի՝ իրեն թույլ տալով օրական միայն ջուր, մեկ խնձոր և մեկ բաժակ սուրճ:

The Silence of the Lambs-Գառնուկների լռությունը 

Ռեժիսոր՝ Ջոնաթան Դեմի
Ժանրը՝ թրիլլեր, կրիմինալ, դրամա 

Հոգեպատն առևանգում և սպանում է երիտասարդ կանանց Միջին Արևմուտքից: Հետաքննությունների դաշնային բյուրոն, վստահ լինելով, որ բոլոր հանցագործությունները կատարում է միևնույն անձը, գործակալ Կլարիս Սթարլինգին հանձնարարում է հանդիպել մարդակերության համար բանտարկված Հանիբալ Լեքթերի հետ, ով կարող է օգնել պատրաստելու մարդասպանի հոգեբանական դիմանկարը: Լեքթերը համաձայնում է օգնել Կլարիսին պայմանով, եթե վերջինս բուժի իր հիվանդ երևակայությունը՝ իր անձնական կյանքի մանրամասներով։

Inglourious Basterds-Անփառունակ սրիկաները

Ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինո

Ժանրը՝ դրամա, ռազմական, արկածային ֆիլմ

Երկրորդ համաշխարհային պատերազմ... գերմանացիների օկուպացրած Ֆրանսիայում հրեական ծագմամբ ամերիկացի զինվորների խումբը վախ է սերմանում նացիստների մեջ՝ դաժանորեն սպանելով զինվորներին:

 

Լիլիթ Մուրադյանի սիրելի գրքերը՝

Ալբեր Կամյու, «Օտարը» 

«Օտարը» ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Կամյուի 1942 թվականին գրած առաջին վեպն է, որում հեղինակը ներկայացնում է աբսուրդի և Էքզիստենցիալիզմի փիլիսոփայության իր հայացքները։
Վեպի գլխավոր սյուժետային գծերը երեքն են՝


•    Հերոսի մոր մահը
•    Հերոսի դատավարությունը
•    Հերոսի սիրավեպը 

Արթուր Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի ծառայող է: Լուր է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց: Ստանալով երկշաբաթյա ազատում աշխատանքից՝ մեկնում է մոր թաղմանը:

Կամյուն գրքի մասին մեկ անգամ ասել է.

«Ես ամփոփել էի գիրքը շատ շուտ, հիացմունքով պետք է նշեմ ,որ այն չափազանց պարադոքսալ է․ մերօրյա հասարակության մեջ մարդը, որը չի սգում իր մոր մահը, իրեն ենթարկում է մահվան դատապարտվելու ռիսկին: Ես պարզապես նկատի ունեի այն, որ իմ գրքի հերոսը դատապարտված էր, որովհետև նա չի մասնակցում ընդհանուր խաղին»: 


Նիկոս Կազանձակիս «Վերջին փորձություն»

«Վերջին փորձության» լույս տեսնելու պահին Նիկոս Կազանձակիսն արդեն իր փառքի գագաթնակետին էր: Այս սիրավեպում Կազանձակիսը, որն իր երիտասարդության տարիներին զգացել է Նիցշեի և Բերգսոնի ազդեցությունը, վերապրել է բուդդայականության հմայքը և ոգեշնչվել վաղ ասկետիկ քրիստոնեության գաղափարներից, տվել է Քրիստոսի կերպարի կանոնականից տարբերվող իր մեկնաբանությունը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից բացասաբար ընկալվելով՝ վեպն անմիջապես հայտնվել է արգելված գրքերի ցանկում։ 30 տարի անց Կազանձակիսի ու նրա վեպի մասին կրկին խոսվել է Մարտին Սկորսեզեի համանուն ֆիլմի թողարկման կապակցությամբ, որն էլ, իր հերթին, դարձել է կինոյի պատմության ամենաաղմկահարույց գործերից մեկը:  

Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդեր, պատմվածքներ

Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդերն աբխազական ծագմամբ ռուս գրող է: Ծնվել է 1929 թվականի մարտի 6-ին Սուխումում։ Նրա հայրը ծագումով Իրանից էր և ուներ պարսկական ու աբխազական արմատներ: 1938 թվականին ապագա գրողի հայրն արտաքսվել է ԽՍՀՄ-ից, և նա նրա հետ այլևս չի հանդիպել։ Ապագա գրողի մանկությունն անցել է Աբխազիայի Չեգեմ գյուղում։

Իսկանդերի ստեղծագործությունն արժանացել է ընթերցողների համակրանքին։ Արդիականության սուր զգացումը, գրողի բարձր հումանիզմը, կյանքին նրբանկատորեն նայելու և դրա ամենահակասական կողմերը ցույց տալու ունակությունն իր ստեղծագործություններին բնորոշ հատկանիշներն են:

Ուիլյամ Ֆոլքներ, «Աղմուկ և կատաղություն»

Ուիլյամ Ֆոլքներ Բաթլերը (1897-1962) ամերիկացի գրող, բանաստեղծ և հեքիաթասաց էր և 20-րդ դարի ամենաակնառու մարդկանցից մեկը: Նրա ստեղծագործությունն ընդգրկում էր գրականության մի քանի ժանր՝ վեպ, թատրոն, պոեզիա, էսսե և պատմվածք:

«Աղմուկը և կատաղությունը» կամ «Ձայնը և կատաղությունը» Ֆոլքների 1929 թվականի վեպն է։ Այն հայտնի է դառնում տպագրվելուց 2 տարի անց՝ «The Sanctuary» (1931) ֆիլմի հաջողությունից հետո: Վեպում օգտագործվում է մի քանի ոճ, ներառյալ` գիտակցության հոսքի տեխնիկան, որը ներդրել են 20-րդ դարի եվրոպացի գրողներ Ջեյմս Ջոյսը և Վիրջինիա Վուլֆը: 

Վեպի գործողությունները տեղի են ունենում Միսիսիպի նահանգի Ջեֆերսոն քաղաքում: Հիմնական սյուժեն ամերիկյան հարավի արիստոկրատական ընտանիքներից մեկի՝ Կոմփսոնների ոչնչացման մասին է։ Մոտ 30 տարի ընտանիքը ֆինանսական կործանման եզրին է, կորցնում է կրոնական հավատքն ու հարգանքը Ջեֆերսոն քաղաքում, իսկ ընտանիքի շատ անդամներ ավարտում են իրենց կյանքը ողբերգականորեն:

Վոլֆգանգ ֆոն Գյոթե, «Ֆաուստ»

«Ֆաուստ» ողբերգությունը փիլիսոփայական ընթերցանության դրամա է, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր ստեղծագործությունը։ 

Կերպարի հիմքում ընկած է գերմանացի գիտնական, բժիշկ Ֆաուստի մասին լեգենդը: Ֆաուստն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը: Պատահական չէ, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ աշակերտներ էին գալիս նրա մոտ սովորելու: 
Որպես գիտնական` նա մեծ հաջողությունների էր հասել, սակայն մշտապես դժգոհ էր իր կյանքից. արդյունքում դաշինք է կնքում սատանայի հետ՝ իր անսահման գիտելիքը փոխանակելով հոգու հետ:
Ֆաուստն ուզում է վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքները, գտնել դրանք փոխելու ճանապարհը: Գիտնականին չի հրապուրում ո՛չ ոսկին, ո՛չ փառքը, ո՛չ երկրային վայելքները: Նրա ձգտումները մեծ են, բարձր ու համամարդկային: