Logo

Համաշխարհային փառքի ճամփին. կանոններ, որոնց Հին Հոլիվուդի աստղերը ստիպված էին ենթարկվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 04.04.2022Ռեժիսորներ
null

Հոլիվուդի ոսկե դարաշրջանի ներկայացուցիչների գլամուրային և անդարդ կյանքի հետևում մեծամասամբ թաքնված է դառը իրականությունը:

Ստուդիաների ղեկավարները հաճախ լիակատար իշխանություն ունեին աստղերի նկատմամբ՝ նրանց ընտրության հնարավորություն չթողնելով: Այսպիսին էր դերասանների անմահ փառքի գինը, որոնց ամբողջ աշխարհը հիշում է մինչ օրս։

Դերասանների վարձակալություն

Ստուդիայի հետ բազմամյա պայմանագիր կնքելով՝ դերասաններն այլևս ինքնուրույն չէին։ Հոլիվուդյան ղեկավարներն էին որոշում, թե որ ֆիլմերում և ինչ կերպարով է հանդես գալու արտիստը։ Ավելին, նկարահանումների համար ստուդիաները հաճախ միմյանցից դերասաններ էին «վարձակալում»։ Եվ որքան հայտնի էր այս կամ այն դերասանը, այնքան նրա «վարձույթն» ավելի թանկ արժեր։

«Դժոխքի հրեշտակները» ֆիլմի հաջողությունից հետո Հովարդ Հյուզը Ջին Հարլոուին տրամադրել է այլ կինոստուդիաների։ Columbia Pictures-ը Քլարկ Գեյբլին վերցրել է Metro-Goldwyn-Mayer-ից: MGM-ը «վարձակալությամբ վերցրել է» նաև Լանա Թերներին, Ջոան Քրոուֆորդին, Էլիզաբեթ Թեյլորին, Հեդի Լամարին:

Կեղծանուններ

Հին Հոլիվուդի ծագող աստղերն իրենց կամքին հակառակ շատ հաճախ հրաժարվում էին իրենց իրական անուններից: Մերիլին Մոնրո, Նատալի Վուդ - այս կեղծանուններով են կինոաստղերը հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Քերոլ Լոմբարդի իրական անունը Ջեյն Ալիս Փիթերս է:

Ջոան Քրոուֆորդի անունը բացարձակ դուր չէր գալիս կինոստուդիայի ղեկավարին. կինոընկերությունը մի ամբողջ մրցույթ էր կազմակերպել կեղծանուն ընտրելու համար։ Դերասանուհին ատում էր իր նոր անունը, թեև խոստովանել էր, որ իրեն ապահով է զգում դրա հետ։

Մամուլի հետ դժվարություններ

Դերասանները պետք է գոհացնեին լրագրողներին և պատրաստ լինեին լուսանկարվելու և դիրք ընդունելու։ Ճիշտ է, ոչ բոլորն են հետևել այս կանոնին. Քեթրին Հեփբերնը մի անգամ լրագրողի ձեռքից խլել է տեսախցիկը, քանի որ վերջինս լուսանկարել է դերասանուհուն առանց նրա թույլտվության։

Կեղծ հարաբերություններ

Կինոընկերությունները հաճախ էին կեղծ հարաբերություններ ստեղծում դերասանների միջև՝ ֆիլմերի վրա ուշադրություն գրավելու նպատակով:

Միկի Ռունին և Ջուդի Գարլենդը հանրության շրջանում սիրավեպի պատրանք էին ստեղծել, քանի որ երկրպագուները ոգեշնչվել էին դերասանների միջև եղած «քիմիայից»։ Ջուդին իսկապես սիրահարվել է Միկիին, սակայն Ռունիի խոսքով՝ նրանց կապում էր սիրուց ավելի ուժեղ զգացում։

Անձնական կյանքի վերահսկում

Էլիզաբեթ Թեյլորը պնդում էր, որ կինոստուդիան ամբողջովին վերահսկում է իր կյանքը, մասնավորապես՝ անձնական հարաբերությունները: MGM-ի ղեկավարությունը հատուկ կազմակերպել է 16-ամյա Էլիզաբեթի հանդիպումը ֆուտբոլիստ Գլեն Դևիսի հետ։ Երիտասարդները նշանադրվել են մեկ ամսվա ընթացքում, սակայն հարսանիք այդպես էլ չի կայացել։

Երբ 18-ամյա դերասանուհին պատրաստվում էր ամուսնանալ Քոնրադ Նիկի Հիլթոնի հետ, MGM-ն ստանձնել է հարսանիքի կազմակերպումը, որպեսզի այն դառնա մեդիա իրադարձություն։ Ամուսնությունը երկար չտևեց, սակայն միջոցառումը լավ գովազդ էր «Հարսնացուի հայրը» ֆիլմի համար, որում խաղում էր Թեյլորը։

Ջուդի Գարլենդը չի ենթարկվել իր ղեկավարներին՝ ամուսնանալով երաժիշտ Դեյվիդ Ռոուզի հետ՝ չնայած ստուդիայի արգելքին։ Ղեկավարությունը նրան կարգադրել է հարսանիքից հետո 24 ժամվա ընթացքում վերադառնալ նկարահանման հրապարակ՝ այդպիսով զրկելով նորապսակներին մեղրամսից։