Logo

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 21.01.2020Գրադարան
կազանձակիս - ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ
Հույն ամենահայտնի գրողներից մեկի՝ Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» վեպը 20-րդ դարի լավագույն վեպերից մեկն է համարվում իրավամբ: Ալեքսիս Զոռբան՝ գլխավոր հերոսը, կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելով` Զոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ:
Այս վեպի հայերեն թարգմանությունը սիրվեց ու շատ քննարկվեց։ Շատերը սիրեցին այս գործը մեծ մասամբ անթերի թարգմանության շնորհիվ։
Մենք այդ առիթով որոշեցինք զրուցել թարգմանչուհի Շամրիկ Խաչատրյանի հետ, որն ապրում է Հունաստանում, թեպետ հոգով ու սրտով միշտ Հայաստանում է։
d63sa90tyeh8bnow - ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ
  • Շամրիկ ջան, «յա՛ սա՛ս» (բարև ձեզ), ինչպես կասեն հույները։ Հայաստան-Հունաստան առցանց զրույցն ուզում են սկսենք հենց թարգմանական հարցերով։ Հայերենի և հունարենի, լեզվից լեզու միտքն ու հոգին փոխանցելու դժվարությունների մասին կխոսե՞ք։

– Գեղարվեստական գրականություն թարգմանելիս՝ թարգմանչի ամենակարևոր ու դժվար խնդիրներից է ստեղծագործության միտքն ու հոգին լեզվից լեզու փոխանցելը: Դրան հասնելու համար թարգմանիչը նախ ինքը պիտի որսա բնագրի ոգին, իրենը դարձնի այն, հետո գտնի իր սեփականը դարձած մտքերի ու հույզերի` բնագրի լեզվին և ոճին հարազատ բառերն ու արտահայտությունները: Հայերենի և հունարենի, ու մասնավորապես «Հույն Զոռբայի» պարագայում նույնպես դա էր ամենակարևոր խնդիրը ու ես էլ հենց այդ սկզբունքով եմ աշխատել:

  • Ինչպես տեքստը հայերեն դարձրեցիք այնքան, որ այդքան սիրելի ու շնչող դարձան կերպարները, ու ինչպե՞ս այդ արանքում չտուժեց բնագիրը։

Շատ ուրախ եմ, եթե դա ինձ հաջողվել է: Հավանաբար հենց այն բանի շնորհիվ, որ ես կարողացա վեպն իմ միջով անցկացնել, իմը դարձնել, հետո դա փոխանցել լեզվական մակարդակով։

  • Հույների ու հայերի նմանությունների ու տարբերությունների մասին կխոսե՞ք։ Բավական երկար ժամանակ է՝ ապրում եք Էլլադայում։

Հույներն ու հայերը շատ նմանություններ ունեն` ունեն նման պատմություն, երկուսն էլ հնագույն ազգեր են, երկու ազգերն էլ, որպես քրիստոնյա, հալածանքների են ենթարկվել թուրքերի կողմից, ցեղասպանություն տեսել, իրենք էլ մեզ նման սփյուռք ունեն, նման են նաև արտաքինով ու խառնվածքով` մեզ նման տաքարյուն են, հնարագետ` միշտ հնար են գտնում դժվար իրավիճակներից դուրս գալու, ունենք նմանատիպ ճաշատեսակներ:

Տարբերություններ նույնպես կան` հույներն ավելի Եվրոպական մտածելակերպ ունեն, ավելի ազատ են, օրինակ, նախամուսնական կապերի հարցում: )

 

  • Իսկ լեզունե՞րը։ Հունարենի ու հայերենի նմանությունների ու տարբերությունների մասին կխոսե՞ք։

Հունարենն ու հայերենն էլ շատ նմանություններ ունեն, քանի որ երկուսն էլ Հնդեվրոպական լեզվաընտանիքին են պատկանում, երկու լեզուներն էլ պատմության ընթացքում շփվել են շատ լեզուների հետ, ազդել նրանց վրա, ազդեցություն կրել: Հունարենից փոխառյալ շատ բառեր և քերականական մասնիկներ գործածական են հայերենում։ Հայերենում հունարենից փոխառյալ բառերը բավական շատ են` անձնանուններ, հայերենի բառապաշարի տարբեր շերտերին վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բեմ, զմուռս, կամար, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս: Եվ հունարենում, և հայերենում պահպանվել ու խոսակցական լեզվում օգտագործվում են փոխառություններ թուրքերենից` քեֆ, մանղալ, աղա, զոռ, ղազան, ղալամ, լաքա, լագան, բամիա, բախչա, փլավ, սախաթ, դավթար և այլն։

Կազանձակիսն իր գործերում համարձակորեն օգտագործել է այս փոխառությունները, ու ես էլ թարգմանության մեջ հենց այդ բառերն եմ պահպանել, որպեսզի փոխանցեմ ստեղծագործության կոլորիտը, համուհոտը:

Տարբերություններից կարելի է նշել հունարենի քերականական սեռը՝ արական, իգական և չեզոք, որը հայերենում անհետացել է: Տարբերություններ կան նաև հնչյուններում:

 

  • Թարգմանության ընթացքում ի՞նչ բարդություններ եք ունեցել։

Թարգմանությունը ևս ստեղծագործական գործընթաց է, որ թերևս ավելի դժվարին է ու պատասխանատու, քան հեղինակի աշխատանքը, քանի որ գրողն ազատ է ստեղծագործում, անկաշկանդ, կարող է իր ուզած ոճով ու իր ուզած բառերով արտահայտվել, իսկ թարգմանիչն այդ ազատությունը չունի, և պիտի չափուձև անի, պահպանի թարգմանական օրենքներն ու չափորոշիչները, ու պատասխանատու է թե՛ բնագրի հեղինակի, թե՛ իր թարգմանությունն ընթերցողի առաջ:

 

  • Ինչն էր լեզվական մակարդակում ամենադժվարը «Հույն Զոռբան» թարգմանելիս։

Դժվարություններ շատ են եղել, առաջին հերթին այն պատճառով, որ հունարեն-հայերեն լավ բառարաններ չկան, ու եղել են անգամներ, որ մի քանի ժամ կորցրել եմ միայն մի բառի ճիշտ իմաստը, նրբերանգը գտնելու համար:

Կրետեական բարբառից շատ բառեր նույնիսկ հունարենի բացատրական բառարաններում չկային, ու շատ անգամ դիմել եմ հույն ընկերներիս օգնությանը, որ կարողանամ ճիշտ հասկանալ բառն ու հայերենում գտնել դրա համարժեքը:

Կազանձակիսը գտնում էր, որ մեծ գրականությունը պետք է լինի ազգային գրականություն: Նրա համոզմամբ Հունաստանի հոգին ու շարժիչ ուժը գյուղացիությունն էր, և որ գյուղացիության մեծ նվաճումն ու արտահայտությունը ժողովրդական լեզուն էր` դիմոտիկա (δημοτική): Իր բոլոր գործերում նա պահպանել է ժողովրդական լեզուն՝ ի հակադրություն աթենական մտավորականների հավանությանն արժանացած  «մաքուր»`օտարալեզու խառնուրդներից ազատված լեզվին (կաֆարևուսա καθαρεύουσα):

Թարգմանության ընթացքում ձգտել եմ հնարավորինս պահպանել այս տարրը:

 

  • Իսկ հայերենից ի՞նչ կթարգմանեիք հունարեն ու, ըստ Ձեզ, ի՞նչը հայ գրականության մեջ կարող է գրավել հույներին։

– Հայերենից հունարեն թարգմանելը դեռ իմ ծրագրերում չկա, եթե երբևէ որոշեմ փորձ անել, Հրանտ Մաթևոսյանի, Վարդգես Պետրոսյանի գործերից որևէ մեկը կընտրեմ: Ցավոք, միայն համացանցով եմ կարդացել որոշ գործեր ժամանակակից մեր արձակագիրներից, բայց կարծում եմ հույն ընթերցողներին դուր կգան նաև Դավիթ Սամվելյանի, Անուշ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Նարինե Աբգարյանի ստեղծագործությունները:

Կարծում եմ, հույն ընթերցողներին շատ դուր կգա նաև Պարույր Սևակի, Համո Սահյանի, Հովհաննես Գրիգորյանի, երիտասարդ, բայց շատ շնորհալի Ծովինար Բանուչյանի պոեզիան:

 

  • Թարգմանություն անելիս, ըստ ձեզ, ամենակարևորն ի՞նչն է։

– Շատ կարևոր է` 2 լեզուներին լավ տիրապետելը: Իմ դեպքում ինձ շատ է օգնել նաև անգլերենի ու ռուսերենի իմացությունը, որովհետև բացի բնագրից ձեռքիս տակ եմ ունեցել նաև ռուսերեն ու անգլերեն թարգմանությունները: Ի դեպ, անգլերեն ու ռուսերեն թարգմանություններում ընթերցողը որոշ չափով զրկված է Կազանձակիսի` այդ լեզուների համար բոլորովին օտար խոսքի հետ հանդիպման հիացմունքից:

 

  • Որն է ըստ ձեզ «Հույն Զոռբան» հաջողության գաղտնիքը։

– Կարծում եմ` պատահական չէ, որ Կազանձակիսի «Հույն Զոռբան» դասվել է համաշխարհային գրականության բոլոր ժամանակների 100 լավագույն գրքերի շարքում ու թարգմանվել 40-ից ավելի լեզուներով: Հաջողության գաղտնիքն, իմ կարծիքով, Կազանձակիսի ոճն է, ասելիք ունենալը, հարուստ բառապաշարը: 1957 թվականին Կազանձակիսը կորցրեց Գրականության Նոբելյան մրցանակը, զիջելով այն Ալբեր Քամյուին: Ավելի ուշ Քամյուն ասաց, որ Կազանձակիսն այդ մրցանակին արժանի էր «հարյուր անգամ ավելի», քան ինքը:

 

  • Այսքան շատ գրքեր են թարգմանվում այսօր հայերեն, ինչու «Հույն Զոռբան» այդքան սիրվեց։

Նախ` Կազանձակիսի հերոսը, կարծում եմ, հոգեհարազատ է հայ մարդուն ու շատ ընդհանուր գծեր ունի հայ մարդու հետ` զրուցասեր է, կատակասեր, տաքարյուն, նվիրված, վստահելի ընկեր: Թարգմանության որակն էլ է, հավանաբար, դրան նպաստել: Շատ եմ ոգևորվում, երբ հիացական ու շնորհակալական նամակներ եմ ստանում ընթերցողներից թարգմանության որակի վերաբերյալ, ու հպարտանում եմ, որ իմ թարգմանության շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն ունեցավ ճանաչելու այս յուրօրինակ կերպարին:

 

  • Հունաստանում ապրելու մասին, ձեր ծրագրերի, գործերի մասին պատմեք մի փոքր էլ, սիրելի Շամրիկ․․․

– Հունաստանը դրախտային երկիր է, աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ինձ համար` իհարկե, Հայաստանից հետո: Համարյա 30 տարի է արդեն, որ ապրում եմ Հունաստանում, շատ դժվարությունների միջով եմ անցել, հատկապես առաջին տարիներին, երբ հունարեն ոչ մի բառ չգիտեի: Անգլերենի իմացությունը շատ օգնեց ինձ, որ շուտ սովորեմ հունարենը, հետո, մի քանի առարկաների տարբերություններից քննություններ հանձնելով` պաշտպանեցի Բրյուսովի անվան ինստիտուտի դիպլոմս ու սկսեցի անգլերեն դասավանդել հույն երեխաներին:

Վերջերս ավարտեցի Կազանձակիսի մի ուրիշ հանրահայտ գործ` «Վերջին փորձությունը», որը շուտով կհրատարակի «Անտարես» հրատարակչությունը: Սա ամենավիճահարույց վեպերից մեկն է ու հաճախ է հայտնվել «արգելված գրքերի» ցուցակներում: Այս գրքի հիման վրա նույնպես ֆիլմ է նկարահանվել` Մարտին Սկորսեզի «Քրիստոսի վերջին գայթակղությունը»:

Հիմա հաջորդ թարգմանությանս փնտրտուքների մեջ եմ: Շատ հավանական է, որ սկսեմ թարգմանել հույն կին գրող Դիդո Սոտիրիուի «Արնաշաղախ հողեր» վեպը` հզոր, հետաքրքիր պատմություն Փոքր Ասիայի հունական համայնքների աղետալի դեպքերի վերաբերյալ: