Logo

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 26.06.2021Կինո
unnamed 7 - Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ամռանային ամենաշոգ ու կիզիչ օրերին առաջարկում ենք ծանոթանալ մեր «Ամառային կինո» շարքին, որի շրջանակներում պատմելու ենք ամենակրքոտ և տաքարյուն ֆիլմերի մասին, որոնք վաղուց հասանելի են համացանցում և արժանի են դիտման:

Մեքսիկացի կարևորագույն ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» (օրիգինալ անվանումը՝ Y tu mamá también) դրաման կարելի է դասել միաժամանակ երկու սիրված և պոպուլյար արևմտյան ժանրի՝ րոուդ-մուվի (ճանապարհային կինո) և բադի-մուվի (ընկերական կինո)։ Ճանապարհ ընկած երկու մտերիմ ընկերները՝ Տենոքը (Դիեգո Լունա) և Խուլիոն (Գաել Գարսիա Բեռնալ) օգտագործում են ազատ կյանքի շռայլությունն ու որոշում հնարավորինս քաղել ամառային արձակուրդից՝ կիսելով համատեղ երիտասարդական հետաքրքություններն ու տեստոստերոնի սպառման խնդիրները։ Տենոքի քրոջ հարսանիքին տղաները ծանոթանում են հմայիչ ու երիտասարդ կնոջ՝ Տենոքի եղբոր կնոջ՝ իսպանուհի Լուիզայի (Մարիբել Վերդու) հետ, ում հետ շփման ընթացքում պահի տակ հրավիրում են գոյություն չունեցող ծովափ՝ Դրախտի դարպասներ անունով։ Օրեր անց Լուիզան պարզում է, որ իր ամուսինն իրեն դավաճանել է և հուսահատ վիճակում որոշում է ընդունել տղաների առաջարկն ու ճամփա ընկնել գեղատեսիլ ծովափ՝ ծանոթանալով մեքսիկյան գավառի ու խուլ գյուղերի հետ։ Տղաներն, ում զուգընկերուհիները մեկնել են Եվրոպա՝ հասանելի են, ազատ, և արկաձախնդիր, իսկ ամուսնացած Լուիզան իր կանացիությամբ մարմնավորում է բոլոր ցանկալի կանանց, որոնց հետ մերձեցման մասին երազում են սեռահասուն պատանիները: Կիսաթափանցիկ ու կուրացնող կապույտ երկինքը, սևահեր ու թուխ մարմինները և փոշոտ մայրուղին ուղեկցում են եռյակին դեպի անսպասելին, որի ընթացքում բոլորը ցանկանում են փորձել նորը, անցնել ռուբիկոնը, մոռանալ հոգսերն ու տրվել հրապուրիչ պատրանքներին:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմն ուղղակի էրոտիկ ճանապարհորդություն է և դեռահասների հասունացման պատմության, բայց Կուարոնը կադրից դուրս տեղադրել է պատմողական նարատիվ՝ ձայն, որը ժամանակ առ ժամանակ նկարագրում է պատահական անցորդներին, մեքսիկական բնապատկերներն ու խորհրդանշական ատրիբուտները, որոնք իրենց հերթին հանդիպում են ավետյաց երկրի՝ երազանքների ծովափի ճանապարհին, այդ կերպ կերտելով էդեմական ուղին։
image 1 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին
Լուիզան հանդես է գալիս ոչ թե կռվախնձորի, այլ եթերային ու փարոսական հաղորդչի կարգավիճակում. նա սրացնում է հարցերն ու սևեռում ուշադրությունը, խտացնում տենչանքի և բարձրացնում ցանկության աստիճանը, սակայն բոլոր երկնային կանանց պես կատաղության րոպեին մեղադրում տղամարդկանց սեփական խոսքերի ու սկզբունքների՝ ընկերության մանիֆեստի տապալման մեջ։ Բայց ֆասադային թվացող ամենաթողության հետևում կանգնած են բազմաթիվ բարդույթներ ու արցունքներ, որոնք նա խնամքով թաքցնում է տղաներից՝ փորձելով արհեստավարժ և գրագետ հրաժեշտ տալ իր անցյալին՝ ի դեմս իրեն դավաճանած ամուսնու։ Ժամանակավորապես թաքցնելով իր վիշտը՝ նա դրդում է տղաներին անկեղծության, որի արանքում նրանք նույնպես վերարժեվորում են սեփական կյանքը, նոր՝ ավելի հասուն և պատասխանատու փուլ մտնելու նախօրեին։
Հիշողությունները ծանրաբեռնող են, ծավալուն, դժվարակիր, այդ իսկ պատճառով տասնյոթ տարեկանում ցանկալի է գրկաբաց ընդունել մոռացության շքեղությունը, ապրել միայն ներկայով՝ երազելով ապագայի մասին։ Տենոքն ու Խուլիոն կփախնեն ապահով առանձնատնից, անբան տարեկիցներից, քաղաքացիական բողոքի մարդաշատ ակցիաներից և կհայտնվեն ժամանակից դուրս՝ սեփական հողի մայրենի ակունքներում, որտեղ հայտնվում են բոլոր արկածախնդիր հարցվորները: Գլխավոր եռյակին ժամանակ առ ժամանակ միանում են ամենատարբեր մարդիկ՝ իրենցից կազմելով պայմանական հավաքական կերպարներ, որոնց սովորաբար կարելի է հանդիպել ֆոլկլյորային գրականության մեջ։ Ոստիկանները, ձկնորսներն ու մուրացկանները բնականոն կերպով հայտնվում և լքում են Խուլիոյին, Տենոքին և Լուիզային, մինչ վերջիններս զրուցում են, վիճում, խմում, զբաղվում սեքսով և ինքնամոռաց պարում:
Y Tu Mama Tambien 1600x900 c default 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին
Լինելով չափազանց նատուրալիստիկ և վավերագրական մթնոլորտին ձգտող կտավ՝ «Քո մայրիկին նույնպես»-ը զրկված է գռեհիկ կամ նմանատիպ աուտենտիկ միջավայրի համար կոպիտ տարրերից. այն անկեղծ է և սեփական պարզության մեջ չափազանց իմաստուն՝ առանց պաթոսի և ձևականության դուրս գալով հանդիսատեսի հետ ուղիղ երկխոսության։ Այնուամենայնիվ, տղաների պարծենկոտությունն ու անխոհեմությունը և՛ ծիծաղելի են, և՛ հմայիչ, միևնույն ժամանակ բնական և անհոգ, կարծես, երիտասարդության այցեքարտեր: Լուիզայի՝ տղաների համար սեքսի և պատասխանատվության ուղեկցելու ձգտումները պարուրված են կանացի՝ մայրական հոգատարությամբ: Դերասաններ Դիեգո Լունայի և Գաել Գարսիա Բեռնալի իրական կյանքի ընկերությունը էկրանային պատմությանը հաղորդում է անհերքելի արժանահավատություն, որտեղ մրցակցելով Լուիզայի համար նրանք կանցնեն հարաբերությունների տարբեր փուլեր՝ մտերմությունից և պառակտվածություն մինչև հաշտություն և ներում: Հարաբերությունների զարգացումը տրամաբանական է, իսկ հոգու «մերկացումը» այս էրոտիկ դրվագներով հագեցած պատմության մեջ թվում է ավելի ինտիմ, քան ֆիզիկականը:
«Կյանքը սերֆ է: Ուրեմն եղիր ծովի պես»՝ իմաստության և հասունացման այս դասը տղաները դժվար թե մոռանան: Իսկ մինչ աշնան գալը պետք է հիշել ամառվա արտոնությունների մասին և կուարոնական հույզերի հետ միասին սուզվել հեդոնիստական ​​փիլիսոփայության աշխար՝ փառաբանելով ներկան և բոլոր հնարավոր խելահեղությունները, որոնք հասունանում են կիզիչ և հյուսիսային արևի տակ: