Logo

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 16.06.2021Կինո
The Last of the High Kings 37428 High - Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Ասում են՝ ամառը փոքր կյանք է, որի ժամանակ հնարավոր է ինչպես որ դասեր քաղել և հասունանալ, այդպես էլ տրվել խելահեղ և պոռթկուն ցանկություններին՝ վերապրելով անմոռանալի պահեր:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի դերասանների մասնակցությամբ ամառային ֆիլմեր, որոնք վարձույթում ու կինոփառատոներում մեծ նվաճումների չեն արժանացել և հայտնի են ավելի նեղ շրջանակներին: Սակայն բոլորն էլ այս կամ այն կերպ պարուրված են ամառային մթնոլորտով՝ էկրանից արձակելով դաշտային ծաղիկների  ու արկածասեր որոշումների բույրը:

 

The Last of the High Kings 37428 High 960x641 - Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել
«Մեծ թագավորներից վերջինը» / The Last of High Kings, 1996
17 ամյա Ֆրենկին (Ջարեդ Լեթո) զբաղված է թատրոնով, քաղաքի ամենապոպուլյար աղջկա հետ մտերմանալու առաքելությամբ և դեռևս չի պատրաստվում մուտք գործել ինքնուրույն կյանք։ Իր էքսցենտրիկ ծնողները՝ դերասան հայրը և պատմությամբ տարված մայրն ավելի են խճճում Ֆրենկիին՝ բարդացնելով առանց այդ էլ հասունության ու պատանեկության անպարզ շրջանը։
Ռեժիսոր Դևիդ Քիթինգի բրիտանական մշակույթով, ոգով ու կենցաղով ողողված «Մեծ թագավորներից վերջինը» ծնողական խրատների, առնականության արթնացման և առաջին մեծ որոշումների մասին է, նման հայրական բնից թևերը բացող ու երկար թռիչքի պատրաստվող ճտի զգուշավոր քայլերին։ Աստղային դերասանական կազմն ու հատկապես երիտասարդ Ջարեդ Լեթոն ստեղծում են ընկերական ու հարազատ միջավայր, կարծես, ինքդ ես ավարտական, ով պատրաստվում է մեծ ճամփորդության։
768a78d0328c4f04b4047cd9bc32 960x540 - Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել
«Մեքենավարության դասեր» / Driving Lessons, 2006
Բենի (Ռուփերթ Գրինթ) ամառային արձակուրդներն անցնում են խստապահանջ և կրոնապաշտ մոր (Լոռա Լինի) հսկողության տակ։ Աստվածաշնչի ընթերցում, եկեղեցական այցեր և մեքենավարության դասեր, որոնք ընդհատվում են Էվիի՝ (Ջուլի Ուոլթերս) բրիտանական կինոյի ու թատրոնի էքս-աստղի մոտ աշխատանքի անցնելուն պես։ Էվին ու Բենը հայտնվում են իրար կյանքում, որպեսզի պատմությունը ստանա հմայիչ ու արկածային կատակերգության ընթացք։ Երիտասարդ, ամաչկոտ տղայի ու աղմկոտ, էքսցենտրիկ կնոջ առօրյան վերածվում է համատեղ թերապիայի, որն ինքնատիպ ընկերության շնորհիվ փոխում է երկուսի կյանքը։
Ռեժիսոր ու սցենարիստ Ջերեմի Բրոքի պատմությունն ինքնակենսագրական է, բացի այդ շատ մթնոլորտային, էսթետիկ ու ամառային, նման է և՛ փոքրիկ արկածի, և՛ հասունացման պատմության, որը տեղի է ունենում բոլորիս կյանքում։ Հետաքրքրական ու անձանձրալի է, երբ հնարավոր է մեծանալ այս կերպ։
Walk on the moon 04 960x706 - Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել
«Զբոսանք լուսնի վրայով» / A Walk On The Moon, 1999
1969 թվական, Միացյալ Նահանգներ։ Մինչ ամբողջ աշխարհն ու մասնավորապես Ամերիկան անհամբեր սպասում են Նիլ Արմսթրոնգի պատմական քայլին՝ երիտասարդ ու հմայիչ Փյորլը,  (Դայան Լեյն) ցանկանալով մի փոքր հանգստանալ միապաղաղ կյանքից՝ Նյու Յորքից տեղափոխվում է խուլ ու կորած տեղայնք՝ թարմ օդի ու նոր տպավորությունների հետևից։ Մտերմանալով տեղացիների հետ ու վայելելով անշտապ ամառային կենսակերպը՝ Փյորլը տրվում է անհոգ տենչանքին ու սիրավեպ սկսում ինքնաբնույթ ու հիպպիոտ հագուստի վաճառականի (Վիգո Մորտենսեն) հետ, ով իր ֆուրգոնով ժամանակ առ ժամանակ այցելում է ձանձրացող հանգստացողներին։ Այդ պահից սկսած արկածախնդիր կնոջ կյանքում սկսվում է կրքոտ սիրավեպի, խելահեղ Վուդսթոքի ու ադուլտյերի շրջանը: