Logo

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 10.07.2021Ռեժիսորներ
room view - Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Շարունակում ենք պատմել կարևոր` ամառային շնչով ու տրամադրությամբ հագեցած ֆիլմերի մասին, որոնք դուք կարող եք գտնել համացանցում և դիտել օնլայն։ Այս անգամ ներկայացնում ենք եռակի օսկարակիր «Տեսարանով սենյակը» (”A Room With A View”, 1985 թ. ) կատակերգական էլեմենտներով մելոդրաման, որի ստեղծողն է ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Այվորին, ով, կարծես, ավելի բրիտանացի է, քան բազմաթիվ անգլիացի, իռլանդացի ու շոտլանդացի կինոգործիչներ։ Այվորիի ֆիլմագրության զգալի մասն են կազմում Միացյալ Նահանգներից հեռու-հեռավոր երկրների (օրինակ` Մեծ Բրիտանիայի կամ Հնդկաստանի) կենսակերպը, կենցաղը, ավանդույթներն ու սովորույթները։ Անգլիացի դասական, գրող և վիպասան Էդվարդ Ֆորթսերի «Տեսարանով սենյակը» գրքի համանուն էկրանավորումը Այվորիի ամենաէսթետիկ, նուրբ և մթնոլորտային աշխատանքներից մեկն է՝ գերող վիզուալ բաղկացուցիչից զատ հաջողած նաև փայլուն դերասանական կազմի շնորհիվ։

Լյուսի Հանիչըրչը (պատանի Հելենա Բոնեմ Քարթերը) իր բարեկամուհու՝ խիստ և երբեմն տաղտկալի գլխաշուք Շարլոթի (Մեգի Սմիթ) հետ ճամփորդում է Իտալիայով։ Բրիտանուհիները հյուրընկալվել են «Բերտոլինի» պանսիոնատում, որտեղ իրենց, դժբախտաբար, բաժին են հասել անշուք և մռայլ ներսի բակ նայող ննջասենյակներ։ Պանսիոնատի առաջին իսկ ընդհանուր ճաշասենյակում կազմակերպված ընթրիքի ժամանակ, որտեղ Լյուսիին և Շարլոթին միացել էին նաև այլ հյուրեր, կանայք բարձրաձայնում են, որ չեն ստացել խոստացված՝ Առնո գետի վրա դուրս եկող լուսամուտներով սենյակները։ Այդ ժամանակ երկու բրիտանացի ջենթլմեններ՝ հայր և որդի Էմերսոնները, որոնք նստած էին նույն սեղանի շուրջ, առաջարկում են կանանց փոխվել սենյակներով՝ սիրով տրամադրելով իրենց՝ հիանալի տեսարան ունեցող ննջարանները։ Այդ իսկ պահից սկսած զուսպ, սակայն արդարամիտ և զգայուն Լյուսիի և խանդավառ, բայց ինքնամփոփ Ջորջ Էմերսոնի ուղիները անսպասերիորեն խաչվում են: Երիտասարդների շփումը շարունակվում է Սանտա Կրոչե բազիլիկում, այնուհետև, տեղափոխվելով ֆլորենտիական բլուր, որտեղ էլ Ջորջը տրվում է գեղատեսիլ իտալական բնապատկերի, թմրաբեր, ծաղկաշատ դաշտերի և բնածին ցանկությունների կանչին, սակայն ընդհատվում է անսպասելիորեն հայտնված Շարլոթի գալուստով:
Հուզառատ Իտալիայից հերոսները տեղափոխվում են հայրենի Անգլիա, որտեղ առաջին հերթին տեղեկանում ենք Լյուսիի նշանդրեքի մասին. Լյուսիի նշանածի՝ Սեսիլի (Դենիել Դեյ-Լյուիս) կերպարին հակադարձվում են Էմերսոն-կրտսերն ու իր հայրը, որոնք խստականոն անգլիական շրջանակների համար չափազանց էմոցիոնալ են, անսպասելի և պոռթկուն։ Սեսիլն անդադար վերլուծում է և քննադատում, խոսում մեջբերումներով և ձանձրացնում համեմատականներով, գրեթե 24/7 շրջապատում է իրեն արվեստի նմուշներով, անգամ՝ թենիսի կորտում բուռն խաղի ժամանակ զբաղված է բարձրաձայն ընթերցանությամբ։
Ստեղծելով վեպը 1908-ին՝ Ֆորսթերը զգուշորեն և անգլիացուն բնորոշ նրբանկատությամբ խոսում է հասարակության դասակարգերի վերացման մեկնարկի մասին, երբ ազատամտությունն ու այլախոհությունը հաղթում են զսպաշապիկի մեջ փաթեթավորված նախապաշարմունքներին։ Առանց խիստ ընդգված, բայց և տեղ-տեղ հումորային կոնտրաստներով թե՛ Ֆորսթերը, թե՛ Այվորին ներկայացնում են բազմազան և իրար լրացնող հետաքրքրական ու համակրելի հերոսների գունապնակ, որտեղ ներկայացված երկրորդական հերոսների շարքում առկա է ընտանիքի ընկեր քահանա բարեշնորհ պարոն Բիբը (Սայմոն Քելոու), ով բալանսավորում ու հավասարակշռում է զարգացող հույզերի ընթացքը՝ փշազատելով բոլոր մասնակիցների կտրուկ փոխգործողությունները։
bd23b313807519094f4ddac3c1603528 960x536 - Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»
Այս պատմությունն ի տարբերություն Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունքի» կամ «Զգացմունքի և բանականության» ավելի ժամանակակից է և ըմբռնելի, քանի որ խոսքն էդվարդական, այլ ոչ վիկտորյանական կամ նախավիկտորյանական դարաշրջանի մասին է։ «Տեսարանով սենյակը» սեփական հույզերի և ներքին կրակի արթնացման, ճիշտ որոշումների, բայց և րոպեական հաճույքներին տեղ տալու մասին է։ Եվ բացարձակ պարտադիր չէ, որ դրանք լինեն մարմնական. ամառային տապին մոտակա անտառի լճակում բարեշնորհ եկեղեցականի՝ հարևանների հետ մերկ լոգանքին ընկերակցելն ու ջրոցիի ժամանակ զվարճանալը, տարեց տիկնանց վարսերն ու անկողինները թարմ քաղած դաշտային տերեփուկներով զարդարելը, խստաբարո Շարլոթի՝ արկածասեր զուգընկերուհու (Ջուդի Դենչ) հետ իտալական նրբացնքներում կորելն ու տեղացիների թեժ և արյունարբու վիճաբանության ականատեսը լինելը՝ ահա սա է կյանքը։ Իր ամբողջ հմայքով, դաժանությամբ, անսպասելիությամբ ու ցանկությամբ։ Մնում է սովորել լինել այնքան խելամիտ, բայց միևնույն ժամանակ և խիզախ, ինչպես բողբոջող ու փփթող Լյուսին, ով նման է զուսպ, բայց ճիշտ պայմաններում կերպարանափոխվող՝ բուրող ու բացվող անգլիական վարդի։