Logo

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 07.05.2021Ռեժիսորներ
mail - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Օրեր առաջ սկսնակ ռեժիսոր Վահան Գրիգորյանն ավարտեց իր դեբյուտային՝ «Ցեխը» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Պատմությունը ծավալվում է հայաստանյան գյուղերից մեկում, որտեղ գլխավոր հերոսի կինը, տեսնելով գետնին ցեխոտ ոտքերի հետքերն ու ճերմակ փետուրները, կարծում է, թե իրենց տուն հրեշտակ է մտել։ Կատակերգական առակ հիշեցնող պատմության բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ում հետ միասին մշակվել է ֆիլմի նախապատրաստական ընթացքը։

Զրուցել ենք ռեժիսորի հետ անդրանիկ ֆիլմի ստեղծման ընթացքի և արդի հայկական կինեմատոգրաֆի մասին։

– Մարդիկ երբեմն ասում են, որ պրակտիկ գիտելիքն ավելի է օգնում, քան տեսականը՝ անգամ լավագույն համալսարանների։ Դու կինոռեժիսորի կրթություն չունես, բայց մինչ այս արդեն տեսահոլովակ էիր նկարահանել։ Ըստ քեզ, օգնե՞լ է ակադեմիական կրթություն չունենալը, թե՞ խանգարել։

– Պրոցեսը շատ ավելի դժվար էր, քան ես պատկերացնում էի: Երևի թե կրթությունն այստեղ հենց կօգներ, որովհետև, բացի փորձից, շատ գիտելիքներ ու հմտություններ կան, որոնք ձեռք են բերվում կրթության միջոցով։ Դրանց շնորհիվ է, որ աշխատանքի ընթացքն էլ ավելի որակյալ և արագ է դառնում։ 

 

-Առհասարակ՝ որքա՞ն ժամանակ պահանջվեց հասնել ֆիլմի բուն ստեղծման ընթացքին։

– Միտքը հասունացել էր մոտավորապես 3-4 տարի, բայց հենց ֆիլմարտադրության գործընթացը սկսեցինք 2019 թվականին։ Այդ ժամանակ որոշ պատճառներով չհասցրինք դիմել «Ազգային կինոկենտրոն», դիմեցինք 2020-ի սկիզբին։ Առաջին անգամ ֆիլմը չընտրվեց, որովհետև գնահատող հանձնաժողովը որոշակի մտավախություններ ուներ։ Հաշվի առնելով դրանք՝ մենք նախագծում որոշ շտկումներ իրականացրեցինք թե՛ սցենարի մասով, թե՛ աշխատանքի կազմակերպման։ Դիմեցինք երկրորդ անգամ, հաջողեցինք ու ստացանք դրամաշնորհը։ 

Կինոկենտրոնը, որպես ավարտուն առաջարկ, ունի միայն քո ուղարկած սցենարը, որին ծանոթանալով՝ պատկերացում է կազմում նախագծի մասին։ Սակայն բացի սցենարից՝ շատ կարևոր է նաև, թե ովքեր են նկարահանող խմբում, ինչ պրոդյուսերական կազմակերպություն է ներկայացնում նախագիծը։ Ինձ հաջողվել էր շուրջս համախմբել պրոֆեսիոնալների, որոնց աշխատանքներին Կինոկենտրոնը ծանոթ էր։ Մասնավորապես կուզեի նշել մեր ֆիլմի բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանին ու նկարիչ Տիգրան Առաքելյանին, ովքեր ինձ մեծապես օգնեցին նախագիծն իրականացնելու գործում։ Շնորհակալ եմ Կինոկենտրոնին ու  նկարահանող ողջ անձնակազմին ինձ վստահելու համար, որի շնորհիվ էլ կյանքի կոչվեց իմ առաջին ֆիլմը։ Նշեմ, որ Կինոկենտրոնի համագարծակցությունը միայն իրավաբանական անձանց հետ է, այս դեպքում՝ պրոդյուսերական կազմակերպությունների, որոնք էլ իրենց հերթին ստորագրում են նախագծի տակ։ Ֆինանսական առումով էլ է պրոդյուսերական կազմակերպությունը մասնակցում գործընթացին, մեր դեպքում՝ 80/20 հարաբերակցությամբ։ Հավաքեցինք պահանջված մինիմալ բյուջեն և հասկացանք, որ այս գումարի սահմաններում հնարավոր է նկարել ֆիլմը։ 

 

image 6487327 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

«Ցեխը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

 

– Իմիջիայլոց՝ տրամադրված ֆինանսը չէ՞ր սահմանափակում։

– Իհարկե շատ լավ է, երբ ֆինանսական միջոցներն ավելի մեծ են։ Այդ դեպքում հնարավորություն ես ունենում նկարահանման օրեր ավելացնել, որպեսզի ավելի հանգիստ աշխատես․վստահ եմ, որ հանգիստ աշխատելով վերջնական արդյունքն ավելի լավն է լինում։ Ելնելով մեր միջոցներից՝ մենք ստիպված եղանք նկարահանումներն անցկացնել մի քանի օրում։ Բայց չնայած շատ դժվարություններին, դրա հետ մեկտեղ վստահեցնում եմ,  որ Հայաստանում սկսնակ ռեժիսորի համար հնարավորություններ կան, եթե ունես հետաքրքիր գաղափար և լավ սցենար՝ ֆիլմդ իրականացնելու համար օժանդակություն ստանալու պայմաններ կան․ 80/20 հարաբերակցությամբ, թե 70/30, բայց այդ հնարավորությունը կա։ Կինոկենտրոնը շատ էր օգնում նաև իր խորհուրդներով։ Երբեմն դա ինձ համար տրամադրված բյուջեից ավելի կարևոր էր։

 

– Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է այսօր հայաստանյան կինեմատոգրաֆը, և ո՞ր կողմ է այն շարժվում։ 

– Ես  ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց, քանի որ կան ֆիլմեր որոնք ինձ դուր են գալիս, և դրա հետ մեկտեղ կան բազմաթիվ ֆիլմեր, որոնք ես չեմ տեսել։ Մեկ-մեկ ասում են՝ «լավ ֆիլմ է ստեղծվել Հայաստանում», իսկ ես դրա մասին անտեղյակ եմ։ Կարող է՝ ես եմ անուշադիր եղել, կամ գուցե ֆիլմն ավելի մեծ PR-ի կարիք ուներ։ 

 

– Տես, օրինակ հեղինակավոր Կլեղմոն-Ֆերանի կարճամետրաժների կինոփառատոնում արդեն երկու տարի շարունակ հայկական ֆիլմեր են ընդգրկված եղել…

– Կարծում եմ, նրանից է, որ թե՛ մեր ֆիլմարտադրության մակարդակն է որոշակի առումով բարձրացել, թե՛ ֆիլմերի մատուցման գործում ենք հաջողություններ արձանագրել։ Վատ ֆիլմը շատ հեռու չես տանի, իսկ լավ ֆիլմն առանց ճիշտ կոմունիկացիայի կարող ես թողնել դարակի վրա։ Երկկողմանի աշխատանք է։ 

image 6487327 1 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Ռեժիսոր Վահան Գրիգորյանը դերասանների հետ՝ «Ցեխը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

 

– Տարածաշրջանում իրանցիներն ու վրացիներն են ակտիվ, մեծ երկրների հետ են համագործակցում, որպեսզի էլ ավելի հեշտացնեն իրենց մուտքը կարևոր կինոփառատոներ։

– Ինձ թվում է, որ շատ ճիշտ փորձ է, և շատ լավ հնարավորություն է սեփական երկրի կինոյի որակը բարձրացնելու համար։ Ավելի փորձառու երկրների հետ աշխատելը բնականաբար իր դրական հետևանքներն է ունենալու։ Կարծում եմ, կինոարտադրությունն այն ոլորտը չէ, որտեղ պետք է փակվես և առաջնորդվես «չխանգարեք ինձ՝ ես իմ կինոն եմ նկարում, ոչ մեկդ ինձ պետք չեք» սկզբունքով։ Կարծում եմ, համագործակցությունը շատ կարևոր է։ Հետագայում այդ ուղղությամբ աշխատելու եմ, որովհետև նման պարագայում շահում է թե՛ անհատ կինոարտադրողը, թե՛ երկիրը, որի շուկան զարգանում է։ 

 

– Հայաստանում բացի լիամետրաժ, կոմերցիոն ֆիլմերից՝ հանդիսատեսը շատ հաճախ անտեղյակ է մնում ավելի համեստ կինոպրոդուկտից, օրինակ՝ կարճամետրաժներից, կինոյի ոլորտից դուրս մարդկանց չի հասնում փոքր ֆիլմը։ Ինչի՞ հետևանք է։

– Կարծում եմ, այդ նույն կարճամետրաժները պետք է ավելի շատ հեռարձակվեն հեռուստատեսությամբ… Պետք է նայենք, թե առհասարակ աշխարհում ինչպես է դա արվում։ Օրինակ՝ գնում ենք կինոթատրոն, և 15 րոպե գովազդի փոխարեն կամ թեկուզ գովազդից հետո մի հատ էլ կարճամետրաժ ֆիլմ ցուցադրվի։ Մենք ծանոթանանք մեր կինոյին և իմանանք, թե առհասարակ ինչ է այս ոլորտում կատարվում։ Ոչ թե մարդիկ հետաքրքրված չեն, այլ ամեն ինչ ուշ է հասնում կամ առհասարակ չի հասնում, մի տեղ արգելակվում է։ Իհարկե, լավ բան նկարես՝ մեկ է, քո հանդիսատեսը կլինի, բայց այնուամենայնիվ պետք է կապը ստեղծես՝ սոցիալական ցանցերով կամ այլ հարթակներով։

 

– Ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք պատրաստվում են նկարահանել իրենց դեբյուտային ֆիլմը։

– Շատ կարևոր է նախապատրաստական փուլը։ Երկար պատրաստվեք, ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մանրուքին, հստակ պատկերացրեք, թե ինչ եք ուզում ստանալ արդյունքում և հետո գնացեք առաջ՝ չհանձնվելով, բոլոր դժվարությունները հաղթահարելով։ Oրուգիշեր աշխատեք, բայց արդյունքում ստացեք ձեր ուզածը։