Logo

Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 21.04.2020Արվեստանոց
սամվելսևադա - Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

Իր լուսանկարների մասին այս անգամ խոսում է գեղանկարիչ, բանաստեղծ ու լուսանկարիչ Սամվել Սևադան։ Վեջինս ներկայացրել է 5 լուսանկար, որի կենտրոնում մարդն է։ Ինչպիսի՞ն են մարդիկ Սևադայի օբյեկտիվում, և ի՞նչ պատմություններ են ամբողջացնում նրանք՝ ստորև։

«Ճակատագիր»

329807 10150498754786615 24587920 o 960x805 - Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

«Գորիս գնալու ճանապարհին, քարե հսկա հուշակոթողի մոտ տեսա ազնվական դիմագծերով, բարձրահասակ այս մարդուն: Միրգ էր վաճառում:
Երկու կիլո խնձոր ուզեցի: Գեղեցկադեմ փոքրիկ թոռնուհին հետն էր, նրան հանձնարարեց կշռել, ինքն էլ վրա-վրա ծխում էր ու քննախույզ հայացքով հետևում ինձ ու իմ լուսանկարչական հսկա սարքին:
Հարցրի ով լինելը: Զգացի որ խոսել շատ չի սիրում, բայց և կարծես վստահեց ու բացվեց: Քյավառցի եմ, ասաց: 37 տարի գիր-գրականության ուսուցիչ եմ եղել: Սեվ-մութ տարիներին կինս հանկարծակի մահացավ, երեխեքս ու ես մնացինք անտեր: Դպրոցներում դասաժամեր չկային, աշխատավարձ չկար: Հավաքեցի երեխեքիս, եկա էս կողմերը: Հիմա սրա-նրա համար եմ աշխատում: Մեկ-մեկ էլ միրգ եմ ծախում: Թոշակս ծխախոտիս էլ չի հերիքում:
Ասացի,- Ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդին ես նման, մենակ նրա ավելի “սիմպատիչնի” տեսակն ես: Դառնորեն ժպտաց, նոր ծխախոտ կպցրեց հնից ու ասաց:
– Մի քիչ առաջ գայիք, շատ բան կտեսնեիք… Վարչապետն էր անցնում էստեղից, էս քարի մոտ խորոված էին արել, որ հյուրասիրեն նրան ու իր պալատականներին: Մեզ էլ հեռացրին էստեղից, կարծես վարակիչ էինք… Կերան-խմեցին, գնացին..:
Երկար խոսեցինք : Հուսադրեցի.. անoգուտ:

Հեռացա` հետս տանելով մի քանի լուսանկար ու էս զարմանալի մարդու, որին եղբայր զգացի, հոգու դառնությունը»…

 

«Գիվամ ի’նչ…»

71648957 10156453080781615 7715551633618239488 o 960x824 - Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

«- Ըսըմ են չոբան ես, մի խոսա:
Շատ էլ որ չոբան եմ: Կարող ա՞ չոբան եմ ծնվե:
Այ ախպեր ջան, դու ընձի հարցեր տուր, ես պատասխանեմ:
– …
– Թե չէ ըսըմ են մի խոսա:
Գիվամ թե ընձնից խելոք են: 10 հատ ոխճար իրարից չեն ջոգըմ: Պալիտիկա են խաղըմ:
Արի գյուղապետին խոսցըրա, տես գլոխը քանի՞ կապեկի խելք կա, որ գյուղապետ է դառե:
Նիկոլը Նիկոլ չըլնի, որ ստրանց թողել է շնչըմ են: Արի ու տես, որ հըմ էլ երիշը փոխել հեղափոխական են դառե:
Ես չէ`դու, ախպեր ջան, հեղափոխութունը մեզի չի կպե: Էդ անտերը մինչև մեզի հասնի` կպրծնի:
Դու ընձի հասկըցար չէ՞:
– Հա’, պատկերացրու, ախպեր ջան, հասկըցա»…

«Մարու՜ս, Սամելին կոֆե սարքի»

տատ 960x846 - Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

«Լուսվարդ մայրիկը 107 տարեկան է: Շշմելու տատիկ է, բարի, լուսավոր:
Քյավառում ծնված մեծացած աղջիկ է եղել, 16 տարեկանում հարս են բերել Լոռի:
9 զավակ է ունեցել, մնացել են երկուսը: Խանումն ու Մարուսը: Խանումը 87 տարեկան է, Մարուսը 90:
Երեքով թոշակ են ստանում, ապրում են անշուք ու հին մի տան մեջ:
Պատին 1987 թվի սովետական նախշուն, քրքրված մի կալենդար: Միջանցքում դեռ անցած դարից մնացած զսպանակով, ժանգոտ մահճականեր են շարված..
Խնդրեցի , որ թույլ տան նկարեմ իրենց:
Սիրով համաձայնեցին:
Խանումն ասաց, -Մամայի լաչակը չփոխե՞նք։
-Փոխեք, եթե ուզում եք:
Կանաչ քրդի գլխաշորը հանեցին երկու քույրերով, չգիտեմ՝ որտեղից գտան բերեցին մի էլ բեթար թանաքագույն նախշուն լաչակ, հանգամանորեն կապեցին գլխին:
Մինչև ես ու ընկերս միջանցքում մեր լուսանկարչական սարքերն էինք կարգի բերում, Լուսվարդ մայրիկը կամացուկ հրահանգներ էր տալիս:
-Պոպոքն ու գաթեն բերեք, ախչի’: Մարու’ս, ցավացնում ես, կամաց կապի: Խանը’մ, խուլ անտեր, լսերը վառա, որ լավ դուս գամ…
Էդ արանքում էլ անմեղ տեսքով մեկ-մեկ ինձ էր հարցեր տալիս, քանի էրեխա ունես, բալա.. անունդ ինչ է..
-Սամվել, -գոռացի:
-Հա’, լավ անուն է, մեր գեղի կոլխոզի նախագի անունն էլ էր Սամել: Տարան պատերազմ` չեկավ: Մի’ գոռա, լսըմ եմ…
Վերջապես հագցրին-կապցրին մայրիկին: Խանումն ասաց․

– Ժպտա, այ մեր, ժպտա որ լավ դուս գաս:
Վերջում որոշեցին միասին նկարվել: Գնացին դարդերով փոխվեցին, զուգվեցին , էկան :
Ապա ժպտացող տրիոն շարվեց դռան մոտ ու ես սիրով նկարեցի նրանց ի հիշատակ:
Ժպտաց նաև Լուսվարդ մայրիկը, անատամ ժպիտով ու արանքում ծղրտաց,

– Մարու՜ս, Սամելին կոֆե սարքի, ախչի՜…

Սամելին կոֆե սարքի»..

 

«Հրանտ Մաթևոսյանի նստարանը»

հրանտ 960x866 - Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

«2002 թվականի թեժ ամառն էր: Ես ամեն օր իմ արվեստանոցի պարապմունքներից հետո շտապում էի Վարպետի տուն միասին ընթրելու: Հաճախ դուրս էինք գալիս երկուսով զբոսնելու: Բարձրանում էինք Լա Քրեսենթայի սարերը, կամ գնում էինք օվկիանոսի ափին քայլելու: Երբեմն, երբ անտրամադիր էր լինում`երկու ձեռքը դնում էր ծոծրակին իրար ագուցած ու քայլում էր գլուխը կախ ու լուռ: Մեր զրույցները երկար էին տևում: Նրանից սովորեցի դիմացինին լսելու արվեստը: Պատասխանելիս երկար էր մտածում: Խոսում էր պատկերավոր ու նրան լսելուց չէիր կշտանում: Մի քանի անգամ գաղտնի ձայնագրել եմ, հատկապես երբ պատմում էր անցած-գնացած օրերի մասին:
Ավելի հաճախ երեկոյան ժամերին նստում էինք նրա տան բակում տեղադրված հնամաշ, բայց բավական օրիգինալ նստարանին:
Վարպետի բակում դա միակ նստարանն էր` ուռենու ստվերում գետնի մեջ թաղված ոտքերով:
Ամեն երեկո դիմացի ծառին նստում էր հսկայամարմին մի բու:

Վարպետն ասում էր, – Էս բուն իմ ընկերն է, մեկ-մեկ գիշերները խոսում ենք իրար հետ:
Երբեմն էլ սարերից եղնիկներ էին իջնում նրա բակում արածելու:
Ինքը երանելի ժպիտը դիմքին վայելում էր եղնիկների, կաքավների ու իր սիրելու բուի ներկայությունը:
Օգոստոսի վերջին տիկին Վերժիկի հետ արդեն պատրաստվում էին մեկնելու Հայրենիք:
Ես ճանապարհեցի նրանց ու շատ տխուր էի:
Ինքն էլ ահավոր տխուր էր:
Օդանավակայանում լուռ ողջագուրվեցինք:
Ասաց, – Կգաս Հայաստան:

Նրա գնալուց հետո բավական երկար ժամանակ կատարյալ դատարկություն էր:
Մեկ-մեկ գնում էի այն վարձով տունը, որտեղ մի քանի ամիս ապրել էին Վարպետն ու իր կինը:
Մոլորված շրջում էի բակում, նստում մեր նստարանին ու վերադառնում:

Դեկտեմբերի 18-ին հեռուստացույցով լսեցի Վարպետի մահվան լուրը:
Գնացի ծաղիկներ դնելու այն նստարանին, որի վրա սիրում էր նստել Հրանտը:
Տունը հիմնովին վերանորոգման տակ էր: Լիքը բանվորներ ու վարպետներ էին աշխատում:
Ծաղիկները ձեռքիս լուռ նստեցի նստարանին ու հետևում էի նրանց աշխատանքին:
Ինձ մոտեցավ աշխղեկը, որը պարսկահայ մարդ էր:
Մի քիչ զրուցեցինք, ես հարցրեցի վերանորոգման ժամանակ արդյոք փոխելու են այս նստարանը:
Ասաց,- Իհարկե, շատ հին նստարան է: Նոր տերը, որ պարսկահայ մեծահարուստ է, արդեն հանձնարարել է հանել ու փոխել նստարանը:
-Իսկ կարող եմ ես վերցնել:
– Օֆքորս, -ասաց,- կարող ես, մեկ է հանելու ենք գցենք:
…ՈՒ էդտեղ ճակատագրական սխալ թույլ տվեցի….
Ասացի, – Գիտեք, Էս նստարանին ամիսներ շարունակ նստել է բոլոր ժամանակների հայ մեծ արձակագիրը…
ՈՒզում եմ տանեմ էս նստարանը դնեմ իմ արվեստանոցի բակում, որ մեր զրույցները շարունակվեն…
…Լռություն:
– Մէ հատ պարոնին ասեմ, տըսնամ ինչ կասի:
Զգացի որ բացբերան ապուշի մեկն եմ:
Բայց ուշ էր արդեն:
Մյուս օրն եկա` տեսա նստարանը չկա:
Փնտրեցի աշխղեկին, գտա.. երեսիս չէր նայում:
Ասաց, – պարոնը չտվեց…!
Մտքումս ասացի, – Պարոնիդ հերը շուն դառնա…
Դառնացած ու գլխիկոր հեռացա:

Որ Աստված հաջողի, դեկտեմբերի վերջին գնալու եմ Լոս Անջելես:
Մի բուռ հող կտանեմ Վարպետի շիրիմից, որ շաղ տամ Լա Քրեսենթայի սարերում, այն ծառերի տակ, որտեղ սիրում էր զբոսնել մեծ Վարպետը, ում կարիքը շատ եմ զգում, ումից մտածել սովորեցի …

Հոգիդ լույսերի մեջ մնա Հրանտ»…

 

«Տղեքին խաբար էրա` դիմանան»…

րեխք 960x880 - Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

«- Բարև մանչուկ, ո՞նց ես:
– Բարև, լավ եմ, անունս Մանչուկ չէ, Դավո է:
– Քանի՞տարեկան ես, Դավո ջան:
– Քանի՞տարեկան կեղնիմ:
– Երևի չորս:
– Հա’, չորսուկես:
– Բա ստեղ ի՞նչ ես անում:
– Մերոնց հետ էկել եմ խաչհամբույր:
– Էդ ի՞նչ է, Դավո ջան:
– Չիդեմ, պապայիս հարցրա:
– Նկարել սիրու՞մ ես:
– Հա, կավիճ ունիս, տուր նգարեմ` տես:
– Չէ, ափսոս չունեմ կավիճ:
Մի քիչ մտածեց` ժպտացլով ասաց.
– Էրևընցի՞ ես:
– Չէ, ասացի, -Լեննականցի եմ, բայց Էրևան կապրիմ:
– Էրևան չեմ էղե, բայց կըսեն սիրուն քաղաք է:
– Հա, շատ սիրուն քաղաք է: Բայց դե Գյումրին էլ սիրուն է:
– Գյումրիից սիրուն քաղաք չկա:
– Համաձայն եմ Դավ ջան: Էրևան ե՞րբ ես գալու:
– Չիդեմ, պապաս կսե Էրևան խառն է, ցույց կենեն տղեքը:
– Հա, ճիշտ է, որ հասնեմ Երևան` տղերքին կասեմ, որ Դավոն բարևեց ու ասաց,- Դիմացեք տղեք ջան, դիմացեք, մինչև գանք հասնենք:
– Հա’, – լուրջ գլխով արեց Դավոն, ապա կրկին ժպտաց իր անմահական ժպիտով ու մենք բաժանվեցինք»:

 

Տես նաև՝