Logo

Ինչ դիտել կինոթատրոններում. Վենետիկի կինոփառատոնի գլխավոր հաղթող «Քոչվորների երկիր»-ը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 13.03.2021Կինո
D39410E7 9485 4B61 A109 9B9457856D6D - Ինչ դիտել կինոթատրոններում. Վենետիկի կինոփառատոնի գլխավոր հաղթող «Քոչվորների երկիր»-ը

Անցած տարվա սեպտեմբերին Քլոե Ճաոյի «Քոչվորների երկիր» / “Nomadland”-ն արժանացավ Ոսկե առյուծի՝ հեղինակավոր Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Պատմում ենք, թե ինչպիսին է 2020-ի գլխավոր հեղինակային ֆիլմերից մեկը, որտեղ գլխավոր դերում կարելի է տեսնել Միացյալ Նահանգների մեծագույն դերասանուհիներից մեկին՝ օսկարակիր Ֆրենսիս ՄաքԴորմանդին, ում համար «Քոչվորների երկիր»-ը կարող է դառնալ գալիք օսկարյան մրցավազքի ու բաղձալի արձանիկի ձեռքբերման առիթը։

 

Մենք ծանոթանում ենք Ֆրենի (ՄաքԴորմանդ) հետ Հյուսիսային Դակոտայի “Amazon”-ի հսկա պահեստում, որտեղ հարյուրավոր աշխատակիցներ խնամքով դասավորում են և դասակարգում բազմատեսակ արկղերն ու մտերմիկ զրուցում ընդհանուր ճաշասենյակում։ Ֆրենը զրկվել է ամուսնուց և տնից, աշխատանքը ստաբիլ շուրջամյա չէ, և կինը ստիպված բնակվում է անիվների վրա տեղակայված տանը, որտեղ այնքան ցուրտ է, որ առանց երեք վերմակի չես քնի։ Ամազոնյան գործընկերուհիներից մեկը մի օր խոսքի մեջ կանչել էր Ֆրենին հարավ, որտեղ տեղակայված է իր պես բազմաթիվ մարդկանց անիվային տնակների ճամբար։ Ամերիկյան վայրի բնության հարթավայրերում կենտրոնացված նմանատիպ բնակիչներից շատերը տարեց մարդիկ ենք, որոնք կարիք ունեն ոչ միայն տաք սննդի և կտուրի, այլ նաև շփման, ընտանիքի։

Չեխովյան «փոքր մարդու» կերպարը միաձուլվում է Դոստոևսկու միայնության շուրջ ծավալվող ծանրամարս խոհերի հետ։ Թեև բնապատկերն ու մեծ կորպորացիայի և համակարգի դեմ պայքարող հերոսն ամերիկյան է՝ Ֆրենի մեջ կարելի է հեշտությամբ տեսնել նմանատիպ լքված հերոսներով այդքան հարուստ խորհրդային կամ եվրոպական կինեմատոգրաֆը։ Հերոսը միայնակ է, ոչ երիտասարդ, լքված և ինքնամփոփ։ Իր բախումն ու դիմակայումը վիթխարիին ազնիվ է, թեև ոչ արդար, քանի որ կռվող կողմերի մասշատբների տարբերությունն առհելի է, ինչպես, օրինակ՝ Կեն Լոուչի սոցիալական դրամաներում, որտեղ մի քաղաքացին փորձում է ամուր կանգնել իր ոտքերի վրա մի ամբողջ սիստեմի առջև։

D25BFD1F 8EEC 45BE 8239 A7B7A25DEDE0 960x640 - Ինչ դիտել կինոթատրոններում. Վենետիկի կինոփառատոնի գլխավոր հաղթող «Քոչվորների երկիր»-ը

Ճաոյի սառը գունապնակի վիզուալն այնքան պոետիկ է, նրբագեղ ու տեղ-տեղ ռոմանտիզացված, որ քեզնից անկախ հիշում ես մեծ ամերիկյան գրողների ճանապարհային արկածները երկրի ներսում, ինչպես Ջոն Սթեյնբեքն էր պատկերել իր 1962 թվականին լույս տեսած Travels with Charley in Search of America վավերագրական վիպակում, որտեղ նոր-նոր երևում էր «շարժվող տների» ձևավորվող մշակույթը։ Նահանգներն այդ օրվանից ցայսօր շատ չեն փոխվել, թեև 60 տարի առաջ ֆինանասական ճգնաժամերն այլ տեսակ էին՝ հետ և մինչպատերազմյան. աշխատավոր ժողովուրդը կրկին աշխատանքի փնտրտուքների մեջ է, իսկ ավելի կարևոր է գտնել սեփական կյանքի հանգուցալուծման իմաստը, որն էլ սպասում է Ֆրենին երբեմն օտար, երբեմն ամայի ամերիկյան լանդշաֆտների և սարերի միջև։

 

Ճաոյի ֆիլմն, իհարկե, գտնվում է քաղաքականի և լիրիկականի մեջտեղում՝ միաձուլելով արտ-մեյնսթրիմի կարևորագույն պտուտակները, որտեղի գլխավոր մեխը ՄաքԴորմանդի զուսպ, մինի-ակցենտներով լի խաղն է։ Կասկած չկա, որ Տորոնտոյի և Վենետիկի հաղթողներին մշտապես հարգող «Օսկարը» այս տարի նույնպես անուշադրության չի մատնի 2020-ի ամենաէքզիստենցիալ դրամաներից մեկը, որը պարզապես բղավում է ընտանիքի կորստի, վերամիավորման, միայնության և հարմոնիայի որոնման լուծումների մասին։