Logo

Ինչ դիտել տանը. արտքաղաքային, ծովափնյա և ամառային մթնոլորտով ֆիլմացանկ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 19.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
il postino - Ինչ դիտել տանը. արտքաղաքային, ծովափնյա և ամառային մթնոլորտով ֆիլմացանկ

«Փոստատարը» / Il postino, 1994

Օսկարի հավակնորդ իտալական «Il Postino»-ն նույն ինքը «Փոստատարը» ռոմանտիկ և հմայիչ տրագիկոմեդիա է ընկերության, սիրո, վշտի և հիասթափության մասին: Ի տարբերություն նմանատիպ մթնոլորտով այլ իտալական ֆիլմերի՝ «Փոստատարն» այդքան էլ լայն ճանաչում չունի հայաստանցիների շրջանակներում, համենայն դեպս՝ ի տարբերություն Տորնատորեի կամ Բենինյիի ֆիլմերի՝ այս մեկն ավելի համեստ փառքի է արժանացել։ Ստեղծվելով միաժամանակ երկու ռեժիսորների կողմից (Մայքլ Ռեդֆորդի և Մասիմո Տրոիզիի)՝ սա ֆիլմ է, որը երբեք չի դադարում զարմացնել, թեև զվարճալի է իր պարզության համար, դրա հետ մեկտեղ սթորիթելինգում զետեղելով զգայականության և մոգականության բաղադրիչը։ Ֆիլմի վերջաբանը բավականին հուզիչ է և խորհրդանշական կերպով հյուսվում է իր ստեղծողներից մեկի՝ Տրոիզիի կենսագրության հետ. գլխավոր դերակատար և համառեժիսոր Մասիմո Տրոիզին մահացավ նկարահանումներն ավարտելուց ընդամենը 12 ժամ անց, քանի որ որոշել էր հետաձգել սրտի վճռական վիրահատությունը՝ ֆիլմի նկարահանումներն ավարտելուց անմիջապես համար:

unnamed 8 960x576 - Ինչ դիտել տանը. արտքաղաքային, ծովափնյա և ամառային մթնոլորտով ֆիլմացանկ

 

«Շնչառություն» / Respiro

Էմանուելե Կրիալեզեի ֆանտաստիկ և ուժեղ իտալական տրամադրությամբ ընտանեկան դրաման է, որն արժանացել է Կաննի կինոփառատոնում երկու երկրորդական մրցանակի։

Սիցիլիական փոքրիկ գյուղաքաղաք-կղզի Լամպեդուզա, որտեղ Գրացիան (Վալերիա Գոլինո) իր երեխաների հետ լողում է ծովում և ազատ ժամանակ ձանձրանում է միապաղաղ կյանքից, մինչ իր ամուսինը զբաղված է ձկնորսությամբ։ Աշխարհից կտրված կղզին, կարծես, այնքան անհոգ է և հանդարտ, որ կարելի է գժվել։ Հարևաններն այդպես էլ կարծում են՝ տեսնելով կնոջ տարօրինակ վարքը, իսկ ամուսինն անգամ որոշում է տանել նրան հոգեբուժարան։

Վերջին տասնամյակներում ամենադյութիչ ծովային ֆիլմերից մեկը, որի արևայրուքը,  շրջազգեստների ալեկոծվող փեշերը, տաք քամու և ձկան հոտը դեռ երկար կմնան Ձեր հիշողության մեջ։

unnamed 1 2 - Ինչ դիտել տանը. արտքաղաքային, ծովափնյա և ամառային մթնոլորտով ֆիլմացանկ

 

«1993-ի ամառը» / Summer 1993, 2017

Ռեժիսոր Կառլա Սիմոնի լիամետրաժ դեբյուտը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի միջազգային կինոփառատոնում և արժանացել համապատասխան մրցանակի։

Մեծ սեփական տուն, հողամաս, պաղպաղակ, մանկություն։ Ծնողների վախճանից հետո վեց տարեկան Ֆրիդան տեղափոխվում է Բարսելոնայից Կատալոնիա, որտեղ և պետք է համակերպվի նոր իրականության հետ։

Սիմոնի ֆիլմը նուրբ է և անշտապ, անգամ անկախ տրագիկ էլեմենտից, որի հետ բախվում է Ֆրիդան պատմության սկզբում, պատմությունը հասունացման և ընդունման մասին է, և ամառային կյանքի, որի ժամանակ կարելի է բազմաթիվ դասեր քաղել։

unnamed 2 1 - Ինչ դիտել տանը. արտքաղաքային, ծովափնյա և ամառային մթնոլորտով ֆիլմացանկ

 

 «Ժանդարմը Սեն-Տրոպեից» / Le Gendarme De Saint-Tropez, 1964

Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ հանրահայտ ժանդարմական արկածների մասին պատմող ամենաառաջին կատակերգական ֆիլմը։ Ժանդարմ Կրյուշոն իր աղջկա՝ Նիկոլի հետ ուղևորվում է Սեն-Տրոպե, որտեղ պետք է անցնի ծառայության։ Այդտեղ ժանդարմներին, Նիկոլին և իր ընկերներին սպասվում են բազմաթիվ անախորժ և զավեշտալի պատմություններ՝ կապված նուդիստների, ավտոմեքենայի և գեղանկարի կողոպուտի հետ, բացի այդ հայր և աղջիկ համախմբվում են ընդդեմ հարուստ հանցագործների։

Ռեժիսոր Ժան Ժիրոյի ֆիլմը դարձել է ժանրի դասականներից և վաղուց ամրացել ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև Խորհրդային Հայաստանում ապրող հանդիսատեսի հիշողության մեջ։ Դե իսկ ռետրո Ֆրանսիան երբեք ավելորդ չի լինի, մանավանդ՝ ազատ ճամփորդել չկարողանալու ժամանակաշրջանում։

unnamed 3 1 - Ինչ դիտել տանը. արտքաղաքային, ծովափնյա և ամառային մթնոլորտով ֆիլմացանկ