Logo

Հայկական արմատներով Ջո Մանգանիելլոն մտադիր է այցելել Հայաստան

12:15 / 26.04.2023Դերասաններ
null

Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ջո Մանգանիելլոն, որը հայտնի է «Սուպեր Մայք» և «Իրական արյուն» ֆիլմերում իր հիթային դերերով, խոսել է իր ընտանիքի, արմատների և հայկական մշակույթի մասին, հայտնում է FOX 11-ը։

Երկուշաբթի երեկոյան Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ նա պատմել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված և Ամերիկա տեղափոխված իր մեծ տատի պատմությունը։

1915 թվականին Օսմանյան կայսրության (ժամանակակից Թուրքիա) ժամանակ սպանվել է 1,5 միլիոն հայ։ Հայերին հանել են իրենց տներից, տանջել, սովամահ արել, սպանել․․․ Օսմանյան կայսրությունը գրավել է նաև Արևմտյան Հայաստանում գտնվող հողերը։ Նրա մեծ տատը ողջ է մնացել, բայց նրան ուղարկել են ճամբար, որտեղ էլ հղիացել է գերմանացի սպայից:

Նա լույս աշխարհ է բերել գերմանահայ աղջկա՝ Մանգանիելլոյի տատին, և ի վերջո տեղափոխվել Մասաչուսեթս, որտեղ էլ ամուսնացել է հայ տղամարդու հետ:

Մանգանիելլոն նշել է, որ կարևոր է ներկայացնել մեր նախնիների պատմությունները և բարձրացնել իրազեկվածությունը:

«Ես չէի գիտակցում, թե որքան թերի է ներկայացված հայկական պատմությունը, ես չէի գիտակցում միայն այն պատճառով, որ իմ մեծ տատիկը ողջ էր մնացել, ուստի ես կարող եմ այսօր լինել այստեղ՝ պատմելու նրա պատմությունը, նրա անունը տալու և մասնակցելու դոկտոր Գեյթսի «Փնտրելով ձեր արմատները» շոուին, որպեսզի կարողանամ պատմել նրա պատմությունը: Ես չէի գիտակցում, թե այդ պատմություններից քանիսը չեն լսվել, և քանի մարդ չգիտի հայերի պատմությունը»,- միջոցառման ժամանակ ասել է նա։

«Վայրագությունները շարունակվում են նաև այսօր․․․ Եթե ինչ-որ հետևանքներ լինեին, ապա միգուցե կարողանայինք խուսափել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածից»,- ասել է դերասանը։

Նրա մայրը հայուհի է, ուստի Մանգանիելլոն և նրա եղբայրը մեծացել են հայկական սնունդ ուտելով, հայկական մշակույթով շրջապատված։

Նա դեռ չի եղել Հայաստանում, բայց նախատեսում է շուտով այցելել եղբոր հետ՝ իր նոր նախագծի շրջանակում։

«Ես միշտ կհպարտանամ այն ​​ամենով, ինչի միջով անցել է իմ մեծ տատը․․․ Ես դա միշտ կկրեմ ինձ հետ, և կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա իր նախնիներով և նրանց արածով, որպեսզի մենք բոլորս այստեղ լինենք»,- ասել է նա:

Նրա կինը Սոֆյա Վերգարան է։