Logo

«Ջուր ծեծել»․ հայերենի դարձվածքները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:33 / 20.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջուր ծեծել

Հայերենի հարուստ բառապաշարի դարձվածքներից Vnews-ը ներկայացնում է հերթականը՝ «ջուր ծեծել» արտահայտությունը։

1. (սանդի՝ հավանգի մեջ ջուր ծեծել, ջուրը լցնել՝ ածել սանդն ու ծեծել) դատարկ, անօգուտ խոսել, զրույց վարել 

◆ -Իզուր ջուր եք ծեծում...ի՞նչ եք հասարակ բաներն մեծ-մեծ անուններ տալիս։ (Ավետիք Իսահակյան) 
◆ -Պարապ բաներու մասին կը խոսինք և ջուր կը ծեծենք: (Անդրանիկ Ծառուկյան) 
◆ -Ես միանգամայն ավելորդ եմ գտնում, ըստ իս, սանդը ջուր ածել ու ծեծել կնշանակե, ուրիշ ոչինչ։ (Պերճ Պռոշյան) 
◆ -Քանի շաբաթ է կը փորձենք այս մարդիկը զգաստության բերել...: Ասիկա սանտին մեջ ջուր ծեծել կը նշանակե։ (Հակոբ Օշական) 
◆ -Անհամար անգամ քննադատած օրվան կենսական հարցը նորից ծամծմոտում էին, որ ասել է՝ ջուրը սանդն էին լցրել ու ծեծում: (Պերճ Պռոշյան) 
◆ -Ջուրը տեպեկը կը դնե՝ կը ծեծե: 
◆ ...Նաև հավանգը, / Թե հավանգի մեջ լոկ ջուր են ծեծում: (Պարույր Սևակ) 
◆ -Ի՞նչ եք հետապնդում Դուք գրական մթնոլորտը շարունակ տրամադրելով ծխական վեճերի ապարդյուն ջրածեծքին: «Գրական թերթ»

2. պարապ բաներով զբաղվել, ժամավաճառ լինել 

◆ -Լավ հասկանում են՝ ով է գործ անում, ով է ջուր ծեծում: «Հայաստանի Հանրապետություն» 
◆ -Բազմիցս մասնակցել եմ նման հանդիպումների, որոնք «ջուր ծեծելուց» այն կողմ չեն անցել։ «Հայաստանի Հանրապետություն»