Logo

Կամերային երաժշտության տանը կհնչի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:30 / 14.04.2022Համերգ
Ստաբատ Մատեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:

Համերգը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 19:30-ին:

Ստեղծագործությունը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Տիրամայր Հայաստանի երգչախումբը
(երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան)։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Բացի այդ, համերգի ընթացքում կհնչեն Դ. Հալաջյանի, Ջ. Տավեների, Տ. Մանսուրյանի, Ս. Բարբերի ստեղծագործությունները։  

Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի երաժշտությունն է: Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թ.-ին: Այն գրվել է կոմպոզիտորի մահից առաջ: