Logo

Կանացի բազմաշերտ դրսևորումները մեկ կերպարում. Ջեյն Էյր

Հեղինակ
Ելենա Մարգարյան
22:51 / 21.04.2022Հեղինակներ
null

Մեծանուն գրող Շառլոթ Բրոնտեն գրավեց ու ցնցեց իր ընթերցողներին՝ ծնունդ տալով մի աղջնակի կերպարի, որը մշտապես արդիական քայլք պիտի ունենար բոլոր ժամանակների հետ: Ջեյն Էյր. անբարետես ու ոչ գրավիչ արտաքինով, փոքրիկ ու նվաղ մարմնով, կանաչ աչքերով, երբեմն նույնիսկ մարդկային կերպարանքի հետ անհամեմատելի, փոքրիկ Էլֆի հիշեցնող այս աղջնակը կյանքի տարատեսակ փուլերում անցնելով բազմաթիվ խնդիրների միջով, հաղթահարելով ամեն տեսակ բարդություն՝ ի վերջո դառնում է կնոջ զգոնության, արժանապատվության, մաքրության, հավատարմության տիպիկ կերպար՝ իր ստեղծման օրվանից ցայսօր:

Դառը մանկությունը, ծնողազրկությունը, մենակությունը, ապրած ընտանիքում դեռ մանկուց թշնամանք զգալը, որբանոցի դառնությունները փոքրիկ աղջնակին թույլ չտվեցին տեսնել մանկության գեղեցիկ աշխարհը, վայելել խաղն ու ազատությունը, ճչալ, ուրախանալ հրճվել…փոխարենը նա սովորեց մշտապես զգոն լինել, անընդհատ պաշտպանվելու պատրաստականություն ունենալ, խաղեր մտածելու փոխարեն՝ ենթադրել, թե ինչից պետք է պաշտպանվել, նոր բաներ սովորելու փոխարեն՝ ինչպես տեսնել վտանգն ու թաքնվել դրանից: Եվ այս ամենը՝ կյանքի ընդամենն առաջին տասնամյակում: 


Որբանոց տեղափոխվելուց հետո աղջնակն արդեն գիտեր՝ ինչպես պետք է պաշտպանվել հարվածից, ում և ինչպես պետք է ապավինել դժվար պահերին.

«Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է հարվածին հարվածով պատասխանենք, և այն էլ այնպիսի ուժով, որ ընդմիշտ հետ սովորեցնենք այդ մարդկանց մեզ ծեծել»,- կիսվում էր Ջեյնն իր ընկերուհու հետ, որի հետագա կորուստը կրկին մեծ ցավ ապրելու տեղիք տվեց նրան: Բայց, քանի որ ընկերուհիներն արդեն գիտեին Աստծուն աղոթելու և ապավինելու մասին, Ջեյնը կարողացավ հաղթահարել այս փուլն ու ամրանալ կամքով: 

Երբ փոքրիկ Ջեյնը դառնում է միսս Էյր, Թորնֆիլդում աշխատանք է գտնում որպես դաստիարակչուհի ու ապրում Միստր Ռոչեսթերի տանը: Մեծապատիվ, պատվարժան մի մարդ, ով նույնիսկ չգիտեր, որ իր տանն ապրող ու աշխատող աննկատելի մի դաստիարակչուհի շուտով բեկելու է իր ճակատագիրը, համոզմունքները, հույզերը, բացահայտելու սիրո մի նոր աշխարհ իր համար, կնոջ մի նոր տեսակ, որն այդ ժամանակներում անսովոր ու աննախադեպ էր:

Եթե մարդու սրտում կան զգացմունքներ, ուրեմն դրանք կերտում են նրա էությունը, իսկ մարդկային էությունը պետք է լինի թափանցիկ սիրելիների համար: Այսպես կարելի է վերլուծել նրա խոսքը. «Ինչու պետք է մերժեի, երբ մենք երկուսս միասին շատ ավելի երջանիկ էինք, քան իրարից հեռու»։

Համարձակության մեծ չափաբաժնով էր օժտված Ջեյնը դեռ երիտասարդ տարիքում:  Թերևս այսպես կարելի է նկարագրել Ջեյնի մտածելակերպը, հատկապես այն բանից հետո, երբ նա համարձակվում է սեր խոստովանել իր տիրոջը՝ մոռանալով սոցիալական դիրքի, անհավասար կյանքի, կին ու տղամարդ տարբերությունների մասին: «Գուցե Դուք կարծում եք, որ ես ավտոմատ եմ, անզգա մեքենա...Ես նույնպիսի հոգի ունեմ, ինչպես և Դուք, և նույնպիսի սիրտ։ Ես այժմ խոսում եմ Ձեզ հետ՝ արհամարհելով սովորություններն ու պայմանականությունները և, անգամ, դեն նետելով այն ամենն, ինչ երկրային է...»:

Կնոջ և տղամարդու իրավահավասարությունը շեշտող, նրանց բոլոր մակարդակներում միմյանց հավասարեցնող արտահայտություն, որը Շ. Բրոնտեին ևս բերեց նոր որակավորումների արժանանալուն և դրանց կրողը լինելուն: Նույնիսկ երջանկության գագաթնակետում հայտնվելը, ցնորքի հասնող, անիրական թվացող պահերը վայելելն արդեն հասուն Ջեյնին մոռացնել չէին տալիս իր անցյալը, ապրած տարիները, ներկայիս տեսքը, համոզմունքները, նա չէր կորցնում իր աչալրջությունն ու առաջնային տեղում պահում էր իր արժանապատվությունը: Եվ այս ամենի ապացույցը հենց հարսանիքի օրն իր կյանքի մեծագույն սիրուն լքելն էր այն պատճառով, որ նա ամուսնացած էր մի ցնորված կնոջ հետ, ում հետ չէր էլ ապրել գրեթե: «Ոչ մի մարդկային էակ, որը երբևիցե ապրել է աշխարհում, չէր կարող տենչալ ավելի ուժեղ սեր, քան այն, որ ինձ էր բաժին ընկել, իսկ նրան, ով ինձ այդպես սիրում էր, ես պաշտում էի։ Եվ ես պետք է հրաժարվեի այդ սիրուց ու կուռքից։ Մի սոսկալի բառ հիշեցնում էր ինձ իմ տանջալից պարտականության մասին՝ «հեռանալ»»։


Սիրելիին միայնակ թողնելուց հետո, իր ինքնուրույն կյանքն ապրելու ձգտող Ջեյնը փախչում է անհայտ ուղղությամբ, մինչև ուժասպառ եղած հայտնվում է քահանայի խնամքի տակ: Այդ ժամանակ նա թաքցնում էր իր ինքնությունը, հանդես գալիս այլ անվան տակ: Միայն նրա իրական անվան բացահայտումից հետո քահանան տեղեկացում է, որ Ջեյնն իր հարազատների կողմից ժառանգություն ունի թողած իրեն: Նա ծանոթանում է իր հարազատների հետ, մեծագույն ուրախությամբ կիսում նրանց հետ իր ժառանգությունը, և այն ժամանակ, երբ ամուսնության առաջարկ է ստանում քահանայից ու, թվում է, թե կարող էր հանգիստ ապրել, նրա փոթորկված հոգում լսելի են լինում իր իրական սիրո՝ պարոն Ռոչեսթերի ձայնի ելևէջները՝ Ջե՜յն, Ջե՜յն, Ջե՜յն:

«Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ՝ ակնկալելով, որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ»։ Այսքանն էլ բավական էր, որ Ջեյնը վերադառնար իր սրտի մեծ տիրակալի մոտ: Ցավալի վիճակում՝ հրկիզված, հաշմանդամ, մեկ աչքը կույր, նա գտնում է իր սիրելիին ու կյանքի կոչում նրան: Նա դեռ ուներ այնքան ուժ ու համբերություն, որ վերականգներ իր սիրելիին ու նրան պարգևեր երկրորդ տեսողություն՝ իրենց առաջնեկին տեսնելու համար: «Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է»։