Logo

Կարդում ենք Սերգեյ Դովլաթով

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:18 / 07.09.2022Հեղինակներ
null

Բլյուզ Նաթելլայի համար

Վրաստանում ավելի լավ է։Այնտեղ ամեն ինչ ուրիշ է. ավելի շատ` փող, գինի և հերոսություն։

Ազատ են շարժումներդ, ձեռքդ ավելի մոտ է դանակի կոթին։ Վրաստանի կանայք խիստ են, վեհերոտ. նրանց հետ չես կարող կատակել։Յուրաքանչյուրը գիտի` թավիշ թարթիչների բարիկադները անմատչելի են։ Վրաստանը եղանակ չունի. միայն արև է և ստվեր։ Ամռանը ստվերները կարճ են, ձմռանը` երկար, և … վերջ։
Վրաստանում ավելի լավ է։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ է։Ես ձեռքիս մեջ սեղմում եմ ժանգոտած այս գրիչը։ Իմ մատները դողում են, սառույց են կտրում ահից։ Ախր գործիքը շատ է կոպիտ։ Էլ ինչպե՞ս
քո դիմանկարը ստեղծեմ։ Քո դիմանկարը, Բոկուչա՜վա Նաթելլա…
Օ՛, Նա՛թելլա, դու` մորուքավորների և ուժեղների խնջույքի փրփրուն գավաթ … Դու` ծեծկռտուքից հետո զուլալ աղբյուրի մի ումպ… Դու` թախծոտ մի երգ` անտեսանելի հեռուներից այստեղ հասած… Դու` տեղատարափ` լեռների գրկում մեզ գտած…Եվ դու` մի ծառ, որի հովանու ներքո մենք փրկվեցինք…Եվ դու կայծակ` ծառը միանգամից փշուր – փշուր անող… Դու` հրաշագեղ երկրի պատանություն…
Ամեն օր Նաթելլան տեղաշարժում է Արագվիի ծանր քարերը։ Ափին մնում են միայն քարի տակ
դրված շապիկը, ժամացույցը և ամառային կոշիկները։
Նաթելլան լողում է` փոխնիփոխ սպիտակին տալով ջրի խորքերում։ Գետափին կամացուկ սո-
սափում են ՙԻզաբել՚ խաղողի թփերը։ Այնտեղ վաղուց պպզած նստել է Արչիլ Փիրաձեն` զոոտեխ-նիկը։ Մի ժամ առաջ է Արչիլ Փիրաձեն տնից դուրս եկել։
– Արչի՜լ, – հայտարարեց նրան պառավ Կեկե Փիրաձեն, – Ես սպասում եմ։ Ես անհանգստանում եմ, երբ դու կողքիս չես։. Տե՜ս, թքում եմ դռան շեմքին։Մինչև սրա չորանալը դու պիտի հետ դառնաս։
– Լա՜վ, – Ասաց Արչիլը։
Պառավը թքեց և մտավ տուն։ Այդ ժամանակ նրա որդին սկսեց գործել։ Նա շքամուտքի տակից հանեց ժանգոտած հրացանը։ Հետո լիցքավորեց այն և քայլեց դեպի գետը։ Հիմա նա պպզած նստել ու սպասում է։ Վերջապես սկսեցին հավաքվել Արագվիի ջրերը։ Նաթելլան քայլում է ողորկ քարերի վրայով… Աշխարհում կա՞ սրանից ավելի գեղեցիկ տեսարան։Եվ ինչպե՛ս է նայում Արչիլ
Փիրաձեն։ Արչիլը, ով ինքնամոռացության մեջ է ընկնում նույնիսկ ձիու գիպսե արձանիկը տեսնելիս։
Եվ այդ ժամանակ Արչիլ Փիրաձեն վերցնում է իր ժանգոտած հրացանը։ Նա բարձրացնում է այն
ավելի ու ավելի վեր։ Այնուհետև սեղմում է ձգանը։ Ծուխը հետզհետե ցրվում է, աղմուկը` լռում։
Հեռավոր արձագանքը անէանում է լեռներում։
– Դա կրկին Դուք եք, Փիրա՜ձե, – խստորեն ասում է Նաթելլան։ – Այդպես էլ գիտեի։ Որքա՞ն կարող
է սա շարունակվել։ Ես վաղուց եմ ասել, որ չեմ դառնա Ձեր կինը։ Ինչո՞ւ եք դա անում։ Ինչո՞ւ եք
ամեն օր կրակում ինձ վրա։ Մի անգամ արդեն դուք տասնհինգ օր նստել եք բռնաբարության հա-
մար։ Դա Ձեզ քի՞չ է, Արչի՜լ Լուարսաբովիչ։
– Ես ուրիշ մարդ եմ դարձել, Նա՜թելլա։ Չե՞ս հավատում։ Ես ինստիտուտ եմ ընդունվել, ավելին` ես ուսանող եմ։
– Դժվար է դրան հավատալ։
– Ես ունեմ տետրեր և գրքեր։ Գիրք ունեմ` ՙՔիմիա՚ անունով։ Ուզո՞ւմ ես տեսնել։
– Ինչ – որ մեկին կաշա՞ռք եք տվել։
– Պատկերացրե՜ք, որ ո՜չ։ Հեռակայի անվճար ուսանող եմ։
– Ուրախ եմ Ձեզ համար։
– Դե ուրեմն վերադարձի՜ր, Նա՜թելլա։ Դու կունենաս ամեն ինչ` պատեֆոն, սառնարան, կով։
Մենք կսկսենք ճամփորդել։
– Ինչո՞վ։
– Կարուսելով։
– Չեմ կարող` չնայած Ձեր հանդեպ ունեցած ողջ հարգանքին։
– Ես փոխվել եմ, – բացականչեց Փիրաձեն։ – Սովորում եմ։ Հետո էլ, կարկուտի պես է ինձ ամեն ինչ հասնում։
– Չեմ կարող։ Լենինգրադում ինձ, ավա՛ղ, սպասում է ասպիրանտ Գրիգորի Ռաբինովիչը։ Ես
նրան խոսք եմ տվել։
– Ես էլ ասպիրանտ կդառնամ։ Շատ գրքեր կկարդամ։ Կարելի է ասել, մեկն արդեն կարդացել
եմ։
– Ինչպե՞ս է այն կոչվում։
– Այն կոչվում է… Վիպակ։
– Եվ ուրիշ ոչի՞նչ։
– Այն կոչվում է… Սերաֆիմովիչ։
– Ինձ ավելի շատ դուր է գալիս Տոլստոյը, – ասաց Նաթելլան։
– Ես կկարդամ նրա գրքերը։ Թող չանհանգստանա։
– Լռությո՜ւն, – ասաց Նաթելլան, – Դուք լսեցի՞ք։
Թփերի միջից լսվում էին քնքուշ խոսքեր։

Դու ինձ ասացիր` ո՜չ
Եվ ձյան վրայով, է՛խ, ձյան վրայով հեռացար,
Եվ դաժան էր պատասխանը քո։
Եվ գիշերը տանջանքների,
Ա՛խ, տանջանքների մեջ անցավ։

Ճանապարհով անշտապ քայլում էր կինոմեխանիկ Գիգո Զանդուկելին` ավար առած հրացանն ուսին։Երեսունվեց տարի զենքը թաղված էր եղել հողի մեջ։Նրա փայտե կոթը բողբոջել էր մատղաշ
ընձյուղներով։ Փողից էլ կախվել էր գեորգինը:
Տեսնելով Նաթելլային Փիրաձեի հետ` Գիգոն կանգ առավ։ Հիմա հրացանը նա բռնեց առաջ պարզած։
– Դուք եկել էք, որ ինձ սպանե՞ք, Գիգո՜ Ռաֆայելովիչ, – հարցրեց Նաթելլան։
– Հա՜, կարծես թե, – պատասխանեց Գիգոն։
– Բոլորդ էլ միայն այն եք անում, որ ինձ սպանում եք։ Մեկ` Դուք, Արչի՜լ, մեկ` Դուք, Գիգո՜։ Միայն
ասպիրանտ Ռաբինովիչ Գրիգորին է խաղաղ գրում իր դիսերտացիան տձև մարդկանց մասին։ Նա
իսկական տղամարդ է. ես նրան խոսք եմ տվել…
Այդտեղ խառնվեց Փիրաձեն։
– Ո՞վ է քեզ իրավունք տվել, Գիգո՜, Սպանել Բոկուչավա Նաթելլային։
– Իսկ ո՞վ է էդ իրավունք տվել քեզ, – հարցրեց Զանդուկելին։ Միաժամանակ հնչեցին երկու կրակոցներ։ Աղմուկ, ծուխ, որոտընդոստ արձագանք։ Այնուհետև` Նաթելլայի տխուր և կշտամբող ձայնը։
– Աղաչում եմ ձեզ, մի՜ կռվեք։ Եղե՜ք ընկերներ, Գիգո՜ և Արչի՜լ։
– Եվ իսկապես, – ասաց Փիրաձեն, – Ինչո՞ւ զուր արյուն թափվի։ Ավելի լավ չէ՞ մի շիշ գինի
ըմբոշխնենք։
– Ինչո՞ւ չէ, – համաձայնեց Զանդուկելին։ Փիրաձեն գրպանից դուրս բերեց ՙփոքրիկ՚ շիշը, ատամներով պոկեց հանեց մետաղյա կափարիչը։
– Լցնենք գավաթները, – ասաց նա։ Գլուխը հետ գցելով` Փիրաձեն հաճույքով խմեց։ Հետո շիշը փոխանցեց Գիգոյին։ Նա չստիպեց իրեն համոզել։
– Ափսո՛ս, հետը բան չկա ուտելու, – ասաց Արչիլը։
– Ես գլուխ սոխ ունեմ, – ուրախացավ Զանդուկելին. – բռնի՜ր։ Հետս վերցրի էն առիթով, եթե ինձ ձերբակալեն։
– Ո՜ղջ եղիր, Ռաբինո՜վիչ Գրիգորի, – ասացին նրանք` խմելով մինչև վերջ…
…Երկու շաբաթը անչափ արագ անցավ։ Արձակուրդն ավարտվեց։ Մեր արդյուբաբերական քաղաքում անձուկ է և խոնավ։
Վաղը մի ԿՆԲ – ում ինժեներ Բոկուչավան կխոնարհվի կուլմանի վրա։ Նրա արևաթուխ ձեռքերով կհիանան երիտասարդ, ինչպես նաև տարեց գործընկերները։
Նաթելլան քայլում էր կառամատույցի երկայնքով։ Վերջապես իմ թիկունքում մնացին անիվների չխկչխկոցը և կայարանի խանձահոտը։ Մոռացվել են հողաթմբերը` պատուհանների տակ կիտված. մոռացվել են մթին խրճիթները, մոռացվել են ոտաբոբիկ երեխաները, որոնք նայում էին
գնացքի ետևից։
Աղջիկը անէացավ ամբոխի մեջ, իսկ ես համառորեն գնում էի նրա ետևից։ Ես գնում էի, չնայած
վաղուց արդեն տեսադաշտիցս կորցրել էի Բոկուչավա Նաթելլային։ Ես շարունակում էի քայլել,
քանզի պատկանում եմ տղամարդկանց մեծագույն ցեղին։ Ես գիտեմ, որ կոպիտ եմ, կույր, թափթփված, հաշվենկատ, կասկածամիտ, գեր, ցինիկ… Գնալու եմ մինչև վերջ։
Ես հպարտանում եմ քո ետևից նայելու իմ անխլելի իրավունքով։ Իսկ ինձ ուղղված քո ժպիտը ես համարում եմ հաջողություն…

Թարգմանությունը ռուսերենից` Սամվել Յոլչյան

Աղբյուրը՝ granish.org