Logo

«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 26.06.2019Կինո
es ashxatum em 2 1 10 - «Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները

Երբևիցե մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես փոխվեց կյանքը տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառություն ձեռք բերելուց հետո: Բջջային հեռախոսները մուտք գործեցին մեր կյանք  և դարձան դրա անբաժան մասը: Դրանցում պահվում է այն ամենն, ինչի մասին երբեմն մենք ցանկանում ենք լռել, բայց այն վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս և տակնուվրա անում մեր կյանքը: Հենց այս մասին է «Կատարյալ անծանոթները» ֆիլմը:
Այն մարդկային հարաբերությունների անկայունության մասին է, այն հարազատ բայց միևնույն ժամանակ այնքան օտար մարդկանց մասին է, այն գաղտնիքների մասին է, որոնք հերիք է ջրի երես դուրս գան, ամեն ինչ, ենթարկվելով դոմինոյի էֆֆեկտի սկզբունքի, կփլուզվի, հօդս կցնդի:

7 ընկերներ՝ 3 զույգ և մեկ տղամարդ, հավաքվում են ճաշկերույթի: Նրանք որոշում են խաղ խաղալ. եթե որևէ մեկի հեռախոսը զանգի, կամ հաղորդագրություն ստանա, նրանք պետք է բարձրաձայն կիսվեն բոլորի հետ զրույցի և նամակի մանրամասներով: Դե պատկերացրեք՝ որքան գաղտնիքներ կբացահայտնվեն երեկոյի ընթացքում…

Ֆիլմն էկրանավորվել է 9 երկրներում, իսկ մեզ մոտ այն էկրաններ կբարձրանա սեպտեմբերին և կկրի «Անհայտ բաժանորդ» անունը:
Ֆիլմի ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը, իսկ ֆիլմում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանն և Արթուր Մանուկյանը:
Ռեժիսորի՝ Արշալույս Հարությունյանի խոսքերով, այն դուր կգա հայ հանդիսատեսին, քանի որ համապատասխանում է մեր իրականությանը և շոշափում է թեմաներ, որոնք մտահոգում են մեզնից յուրաքանչյուրին:

Առաջարկում ենք ծանոթանալ ֆիլմի լավագույն 5 էկրանավորումներին:

 

Կատարյալ անծանոթները/Perfetti sconosciuti, 2015 

ռեժ.՝Պաոլո Ջենովեզե
դերերում՝Ջուզեպպե Բատիստոն, Աննա Ֆոլյետա ևն
երկիր՝ Իտալիա

Իտալական տարբերակը թերևս ամենահաջողվածն ու ամենամեծ աղմուկ հանածն է: Այն 8 անվանակարգերում առաջադրվել է իտալական հեղինակավոր «Դավիդ դի Դոնաթելլոյի» մրցանակի և հաղթել է «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Ֆիլմը մասնակցել է նաև Կահիրեի, Նյու Յորքի Թրայբեքի, ինչպես նաև Վիլնյուսի և Նորվեգիայի փառատոններին: Վերջին երկուսում այն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի: Բացի այդ ֆիլմը երեք անվանակարգերում արժանացել է «Արծաթե ժապավեն» (գործում է 1946 թ.) մրցանակի, որը նպատակ ունի խթանելու իտալական կինեմատոգրաֆը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կատարյալ անծանոթները/Perfectos desconocidos, 2017

ռեժ.՝Ալեքս դե լա Իգլեսիա
դերերում՝Էդուարդ Ֆերնանդես, Էռնեստո Ալտերիո
երկիր՝ Իսպանիա

Իսպանական ադապտացիայի վարպետ Ալեքս դե լա Իգլեսիան ֆիլմի հաջողության երաշխիքն առաջին հերթին տեսնում էր ճիշտ ընտրված և ներդաշնակ զույգերի մեջ, և կարծում էր, որ լավ կլինի, եթե ֆիլմում նկարահանվեն իսկական զույգեր կամ գոնե մեկ զույգ: Այդ իսկ պատճառով էլ նրա ընտրությունը կանգ առավ Էռնեստո Ալտերիոյին և Խուանա Ակոստայի վրա: Իրական կյանքում էլ նրանք միասին են:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Խաղ/Le jeu, 2018

ռեժ.՝Ֆրեդ Կավայե
դերերում՝Բերենիս Բեժո, Սյուզան Կլեմեն ևն
երկիր՝ Ֆրանսիա

2018 թ. ֆրանսիացիները՝ իրենց հատուկ համով և հոտով հանրության դատին հանձնեցին իրենց տարբերակը:
Ֆրանսիական տարբերակում ֆիլմը կրում է «Խաղ» անունը, և այդ խաղն իրականում ծառայում է հարաբերությունների կայունությունը ստուգելու սկզբունքին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կատարյալ անծանոթները/Perfectos desconocidos, 2018

ռեժ.՝Մանոլո Կարո Սերանո
դերերում՝Բրունո Բիչիր, Մանուել Ռուլֆո ևն
երկիր՝ Մեքսիկա

2017 թ. Սինեպոլիս (Cinepolis) մեքսիկական կինոթատրոնների ցանցը Մանոլո Կարոյին է ցույց տալիս ֆիլմի իսպանական տարբերակը և առաջարկում ադապտացնել այն մեքսիկացի հանդիսատեսի համար: Կարոն միանգամից համաձայնվում է և գործի անցնում:

Ֆիլմը համարվում է 2018 թ. Մեքսիկայում արտադրված ամենահաջողված նախագծերից մեկը:

Բարձր կապ/Громкая связь, 2018

ռեժ.՝Ալեքսեյ Նուժնիյ
դերերում՝Իրինա Գորբաչովա, Լեոնիդ Բարաց ևն
երկիր՝ Ռուսաստան

InterMedia ռուսական ինֆորմացիոն գործակալության աշխատակից Եկատերինա Ալեքսեևան ռուսական տարբերակի մասին գրել է. «Ֆիլմը շատ դրամատիկ և քիչ էքսցենտրիկ է ստացվել: Ալեքսեյը գրեթե անսխալ անցավ այս փորձությունը և նրան կարելի է համարել մեր օրերում նկարահանվող ոչ հիմար կատակերգությունների լավագույն ռեժիսորներից մեկը»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: