Logo

«Խայտառակ արարք». թուրք պատմաբանի բացահայտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.04.2021Հեղինակներ
798443bb5b146fabb57aa56e24bf9410 - «Խայտառակ արարք». թուրք պատմաբանի բացահայտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Օրերես տեղի է ունեցել Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը: Թուրք պատմաբանն իր աշխատությունում անդրադարձել է ավելի քան 1.5 միլիոն հայի կոտորածի ու տեղահանության պատմական փաստերին:
 
VNews-ը զրուցել է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի և գրքի վերիֆիկանտ Անի Ավետյանի հետ:
 
Պարոն Նալբանդյան, ինչպիսի՞ աշխատություն է «Խայտառակ արարք»-ը, և ինչո՞ւ եք որոշել հրատարակել կոնկրետ այս գիրքը:
 
Հեղինակն ունի 10 աշխատություն, որոնցից երկուսը կարևոր ներդրում ունեն ցեղասպանության ճանաչման գործում:
Newmag-ն արդեն հրատարակել է Թաներ Աքչամի մեկ այլ գիրք` «Սպանության հրամաններ»-ը: Մեր նպատակը հայ ընթերցողին թուրք պատմաբաններին ներկայացնելն է, որպեսզի հատկապես ուսանողական և գիտական շրջանակները, պատմության և բանասիրության ինստիտուտների, բուհական համակարգի և ցեղասպանագիտության ոլորտի մասնագետներն ու դասախոսները հնարավորություն ունենան առնչվելու մեր օրերում թուրքերենով ստեղծվող պատմաքաղաքագիտական բովանդակությանը:
 
Գիրքը հրատարակվել է դեռս 1999 թվականին: Ինչու՞ է հայերեն թարգմանվում հիմա:
 
Գրքի թարգմանությամբ ու հրատարակմամբ իրականում պետք է զբաղվեն ակադեմիական շրջանականերն ու ցեղասպանության թանգարանը, պատմության ինստիտուտն ու այլ կառույցներ, բայց չի արվել: Արել ենք մենք:
 
Հեղինակը բացահայտ մեղադրանքներ հնչեցնո՞ւմ է արդյոք թուրք իշխանությանը, թե՞ որոշ թաքնված տողատակեր կան ամեն դեպքում:
 
Հեղինակը ներկայացնում է գիտական աշխատություն, գիտական աշխատությունում մեղադրանք ու արդարացում չի կարող լինել: Թաներ Աքչամն աշխատել է օսմանյան աղբյուրների հետ և շարադրում է աղբյուրագիտական վերլուծություններ: Մեղադրանքն ու արդարացումը քաղաքական որոշումներ են, իսկ Աքչամը քաղաքական որոշումների հետևից չի գնում:
Արխիվները բարեբախտաբար ոչնչացված չեն, պատմական փաստերն անողոք են:
Խայտառակ արարքը պատմաքաղաքագիտական աշխատություն է, որովհետև սա ոչ միայն պատմություն է, այլ նաև օսմանյան պետության քաղաքականություն, որը ցեղասպանությունը դիտում էր որպես ներքին քաղաքականություն: Բայց 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը Թուրքիան այսօր դարձնում է նաև արտաքին քաղաքականություն:
 
Արդյոք ներկայացվա՞ծ են գրքում  միայն փաստեր ու փաստարկներ, զգայական, հուզական ընկալումները բացակայու՞մ են աշխատությունում:
Զգացմունքները երկրորդ պլանում են, թեև դրանք շատ կարևոր ուղեկից են: Տեսնելով պատմական փաստեր, արձանագրություններ, վերլուծություններ, այն ամբողջ ոճրագործության և ողբերգության մեխանիկան, զգայական ֆոնը չի կարող բացակայել:
 
Ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում սա Թաներ Աքչամի 2-րդ աշխատությունն է: Առաջինը՝ «Սպանության հրամաններ» գիրքն է, որն անցյալ տարի եք հրատարակել: Ի՞նչ նմանություններ ունեն գրքերը: «Խայտառակ արարք»-ը «Սպանության հրամաններ»-ի շարունակական վերլուծությո՞ւնն է, թե՞ առանձին, բոլորովին այլ տեսանկյունից ներկայացվող աշխատանքներ են:
 
Գիտական աշխատություններ ստեղծող մարդիկ տարիների ընթացքում հմտանում են և ձեռքի տակ հավաքում հազարավոր փաստեր և իրողություններ, որոնք ժամանակի ընթացքում մշակելուց և տարբեր աստիճանի համադրումներից հետո միայն դարձնում են հրատարակման առարկա: Գրողը որևէ աշխատություն ստեղծելիս հնարավոր է չներառի այն բոլոր տարատեսակ արձանագրությունները, փաստաթղթերը, նամակներն ու հրամանները, որ հավաքագրել էր աշխատությունը գրելիս, և թողնի դրանք այլ, հաջորդ աշխատության համար: Այնպես որ, չի բացառվում, որ 3րդ աշխատություն ևս լինի: