Logo

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 25.04.2020Արվեստանոց
CA3CD6AE 021B 4FCD A495 A22F2E04B11C - Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Կեյսի հետ ծանոթացել ենք 2017-ին՝ իմ ամենաառաջին Վենետիկի միջազգային կինոփառատոնի՝ կինո-բիեննալեի ժամանակ։ Կեյսն ու իր մտերիմ ընկեր-գործընկեր Յոստը, որպես ավելի փորձառու կինոքննադատներ, օգնում էին ինձ գլուխ հանել և ադապտացվել ամենահին կինոփառատոնի անցուդարձին։ Հատկանշական է, որ հայ և հոլանդացի կինոքննադատ-լրագրողներին կապում է մեր երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Շատ տարիներ առաջ հենց հոլանդացի ամենանշանավոր և մեծ միջազգային կապեր ունեցող կինոգետ-կինոքննադատ Պետեր վան Բյուերենը դրդեց Հարություն Խաչատրյանին մտածել հայկական միջազգային կինոփառատոն հիմնելու մասին։ Պետերը երկար տարիներ օգնում էր մեր նորաստեղծ կինոփառատոնին՝ այդ թվում նաև ամուր կապեր ստեղծելով կինոլրագրողների միջև և հիմնելով «Ոսկե ծիրան»-ի օրաթերթը, որն անձամբ ղեկավարում էր թերթի առաջին 6-7 տարիների ընթացքում։

Իսկ Կեյսը ստանձնել է Պետերից հայ-հոլանդական բարեկամական կապի «դեսպանական պաշտոններից» մեկը, ամենաջերմ և սրամիտ եվրոպացի կինոքննադատներից է, ում կարելի է հանդիպել Բեռլինի, Կաննի ու Վենետիկի կինոփառատոների լարված ու նյարդային ծակուծուկերում, սիրում է ակտիվ զրուցել ամենառադիկալ և սադրիչ ֆիլմերի մասին։ Վերջերս մեծ հոդված էր հրապարակել Տարկովսկու մասին, բացի այդ անդերգրաունդի և պոռնոգրաֆիկ վիզուալների մեծ սիրահար է։ Սակայն երբեք չի պոստում ֆեյսբուքում սեփական հոդվածները կամ այլ կինոկոնտենտ՝ փոխարենը ամեն օր հրապարակում է ութոտնուկի նկարներ։ Շատ ինքնատիպ հոբբի է։

Ստորև ներկայացնում ենք Կեյսի 5 կետից բաղկացած ընտրանին՝ հեղինակի մեկնաբանություններով, որը նա կազմել է հատուկ Vnews-ի ընթերցողների համար։ Ցանկում առկա են 18+ ֆիլմեր։

 

550B2B96 F9B6 4967 BA22 907D097092E9 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

“Mariken van Nieumeghen”, ռեժիսոր Jos Stelling, 1974

«Ես հոլանդացի եմ, մի հոլանդական բան ընտրեմ. Ստելինգի դեբյուտային լիամետրաժը տասնամյակներով զբաղեցնում էր միակ հոլանդական ֆիլմի «պաշտոնը», որը ժամանակին հայտնվել էր Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Այս ֆիլմը հիանալի, պղտոր, բռնի և բուռն միջնադարյան նկարագիր է, համոզիչ պատկերված սիրողական դերասանների կողմից և հիմնված հոգի վաճառելու մասին տեղական լեգենդի վրա՝ Ֆաուստի նախնական ծանուցում։ Բացի այդ այն ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ չես պահում սոցիալական հեռավորությունը համաճարակի օրերին։

 

C42C4A80 ABA3 4628 B5A6 BF137F02A29C 960x539 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

“Porco Rosso”, ռեժիսոր Hayao Miyazazki, 1992

Մեծն ճապոնացի անիմատորի բոլոր ֆիլմերը (վերջերս Netflix-ի կողմից ձեռք բերված) հիանալի են և բոլոր այդ ֆիլմերն իրենց հայրենիքում ունեն երկրպագուների մեծաքանակ բանակ, բայց “Porco Rosso”-ն, կարծես, Միյաձակիի ամենաթերագնահատված ֆիլմն է: Պատմությունը մարտական օդաչու խոզուկի մասին է՝ 1930-ականների Ադրիատիկայում, թեժ բնութագրումներով և բացարձակապես տպավորիչ օդային կռիվների տեսարաններով: Երբ արտադրական փուլում Միյաձակին իմացավ նախկին Հարավսլավիայի պատերազմների մասին, փափկեցրեց կատակերգության երանգները, ինչը, հավանաբար, ֆիլմը դարձրեց ավելի լավը:

 

07E7985F 1C67 4A33 BCD1 9051D7094F63 960x672 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

“Shakedown”, ռեժիսոր Leilah Weinraub, 2018

Լեյլա Վայնրոբը տարիներ է ծախսել, որպեսզի այցելի և փաստավավերագրի լոսանջելեսյան անդերգրաունդի սևամորթ լեսբուհիների և “Shakedown” ակումբի կվիր մերկապարուհիների կյանքը, որն արդյունքում ընդունվեց բուռն ծափողջույններով։ Վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնի “Tate” և Նյու Յորքի «Ժամանակակից արվեստի» թանգարաններում, վերջերս տեղադրվել էր “Pornhub” կայքում: Կարող եք դիտել այն www.shakedown.film կայքի միջոցով՝ կազմակերպելով սեփական ինքնամեկուսացված խնջույքը։

 

51C0F00E D911 4297 BA89 4666A7704D0E 960x540 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը] Divorce Iranian Style”, ռեժիսորներ Kim Longinotto and Ziba Mir-Hosseini, 1998

Ամստերդամի միջազգային վավերագրական կինոփառատոնը (IDFA-ն) հարյուրավոր վավերագրական ֆիլմեր է տեղադրել առցանց՝ փառատոնի IDFA.nl կայքում ՝ իբրև կորոնավիրուսի հետևանքները թեթևանալու միջոց։ Ֆիլմերի թվում ներառված է այս բացառիկ և անվերջ հետաքրքրաշարժ ակնարկը՝ իրանական ամուսնալուծության դատարանի  ետնաբեմից, որտեղ հաճախ կարելի է տեսնել ուժեղ կանանց՝ դիմադրող ու հակառակվող, բայց ոչ անկարող։

Ֆիլմի համահեղինակը վավերագրական կինեմատոգրաֆի վարպետ Քիմ Լոնջինիտոն է (բրիտանացի ռեժիսոր, Սանդենս և Կաննի կինոփառատոների մրցանակակիր. խմբ)։

 

FA34A302 C28D 4C22 B742 FD1FECE77449 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Trailers From Hell՝ հայտնի YouTube ալիք

Օքեյ, հիմա խաբում եմ մի քիչ, սա մի ֆիլմ-խորհուրդ չէ, այլ հարյուրավոր՝ թրեյլերների տեսքով։ Բոլորը գտնվում են իմ սիրելի YouTube ալիքում՝  TrailersFromHell(.com)։ Ջո Դանտեի, Ջին Լենդիսի, Կարին Կուսամայի, Էդգար Ռայթի, Գիլիերմո դել Տորոյի և շատ ու շատ այլ մեծանուն ռեժիսորներ մեկնաբանում են ֆիլմեր, որոնց վրա մեծացել են, որոնք սիրում են և որոնք ստեղծել են անձամբ։ Այստեղ կգտնեք բազմաթիվ սարսափ ժանրի և B դասակարգի ֆիլմեր, դրանց հետ միասին կան Criterion Collection-ից որոշ գործեր։ Դրանցից շատշատերը դուք անմիջապես կուզեք նայել։ Փորձե՛ք, համոզված եմ, դուրներդ կգա»։