Logo

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 12.04.2020Կինո
Բացառիկ
75662F51 E954 4E8D B223 74104E0B53B7 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Vnews-ը և կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ներկայացնում են նոր մինիշարք. աշխարհի տարբեր երկրներում ինքնամեկուսացման մեջ գտնվող կինոքննադատներն ու կինոլրագրողները հատուկ մեր կայքի ընթերցողների համար կազմում են իրենց սիրելի ֆիլմերի հնգյակը, որի մեջ ընդգրկված կինոպատումների հետ էլ խորհուրդ են տալիս ծանոթանալ կարանտինի ընթացքում։

Շարքը սկսում է իտալացի լրագրող Ալեսանդրա դե Տոմասին Հռոմից։ Ալեսանդրան իտալական ժամանցային լրագրության ամենաակտիվ ներկայացուցիչներից է, ունի մեծ աշխատանքային փորձ՝ երկար տարիներ է, ինչ գրում է ամենատարբեր, հեղինակավոր պարբերականների համար՝ այդ թվում նաև GQ-ի և Vanity Fair-ի՝ գրքերի, ֆիլմերի, երաժշտության ու հեռուստա և կինոփառատոնային անցուդարձի մասին։

 

«Ես ընտրել եմ 5 նախազգուշական պատմություն սովորական և անսովոր կյանքի մասին, ֆիլմեր, որոնք օգնում են մեզ հաղթահարել մեր կյանքի մռայլ և սարսափազդու օրերը։ Այս ֆիլմերի մեծ մասն ավարտվում է happy end-ով, իբրև դրական դիրքորոշում՝ ի հակադրություն բոլոր բարդություններին և խոչընդոտներին»։-որպես նախաբան ասում է Ալեսանդրան։

 

195E7571 FDC1 4AFA B577 219D6A9F39BC 960x629 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

“La vita è bella” / «Կյանքը հիասքանչ է»

Այս՝ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակակիր ֆիլմն առանցքային է, որովհետև բացատրում է, թե ինչպես կարող ենք արժանապատվորեն արձագանքել և դիմակայել ամենասարսափելի անարդարություններին։ Ռեժիսոր և դերասան Ռոբերտո Բենինյին ունի հազվագյուտ հատկանիշ. նա կարող է հասնել մարդկանց սրտերին շատ պարզ, բայց միևնույն ժամանակ իմաստալի կերպով։ Այս ֆիլմում հրեա հայրիկը փորձում է բացատրել իր երեխային ամբողջ աշխարհը՝ շրջանցելով դրա անազնիվ կողմը՝ Հոլոքոսթը վերածելով խաղի։ Նա իրական հերոսի պես ազատում է երեխային ահռելի ցավից։ Այս պատմությունն ամեն անգամ կոտրում է սիրտս, սակայն լավ իմաստով. մենք այն պետք է հիշենք, որպեսզի լինենք ավելի լավը, քան կանք հիմա։

DBC1E458 231E 449B ACB7 DC8221142A97 960x659 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

“Invictus” / «Ինվիկտուս»

Այն, թե ինչպես է Մորգան Ֆրիմանը պատկերում Նելսոն Մանդելային այս ֆիլմում, այնքան մարդասիրական և ջերմ է, որ պարզապես ոգեշնչում է ինձ: Իր հերոսը չի պատասխանում բռնությանը բռնությամբ, փոխարենը ուշադրություն է դարձնում իր շուրջ եղած յուրաքանչյուր մանրուքին, անգամ հիշում է իր թիկնապահներից մեկի սիրած քաղցրավենիքը և հաճոյախոսության արժանացնում օգնականի նոր սանրվածքը: Նա հիանալի առաջնորդ է, քանի որ հոգատար է: Ամեն անգամ, երբ դիտում եմ այս ֆիլմը, զգացողություն եմ ունենում, կարծես, ինձ գրկում է մարդկության և կինեմատոգրաֆի լավագույն մասնիկը։

090CA023 DFDB 4B7E AAAB 221CE1265C4F 960x640 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

“The blind side” / «Անտեսանելի կողմը»

Սա հասունության շրջանի մասին հերթական ֆիլմ չէ. գլխավոր հերոսը հասարակության կողմից մերժված հսկա է՝ երիտասարդ և անօթևան: Սակայն ամեն ինբ փոխվում է, երբ նա կյանքում առաջին անգամ ստանում է սեփական իսկական մահճակալը… այդտեղ իր դեմքի արտահայտությունը պարզապես անգին է: Հարուստ ընտանիքի բարի քայլը նրան տալիս է ոչ միայն կրթություն ստանալու, այլև իրական տուն ունենալու հնարավորություն։ 

Սանդրա Բուլոքը տղայի խորթ մոր դերում փայլուն է, նա հավատում է իրական՝ ուժեղ սիրուն, ամենալավ մարզիչն է՝ կյանքում և սպորտում։ Հարցը խղճահարութան մեջ չէ, ոչ էլ բարեգործության, խոսքն ավելի հազվագյուտ երևույթի մասին է՝ պարկեշտության։ Մեծ էկրանին սպորտային թեմայով այլաբանությունը գրեթե երբեք չի ձախողվում։

74667E71 67E4 4987 B787 1D6A1A567470 960x519 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

“Dead poets society” / «Մահացած պոետների հասարակություն»

Յուրաքանչյուր երիտասարդին պետք է առաջնորդ, ուղեցույց, որին նա կհետևի։ Այս պարագայում Ռոբին Ուիլյամսի հերոսը բավականաչափ անկանխատեսելի պրոֆեսոր է. բավականաչափ խիստ բարքերով քոլեջում նա, միևնույն է, գտնում է ազատություն ու քաջություն ուսուցանելու և ցուցադրելու սեփական միջոցը: Դասարանի նստարաններին կանգնած ուսանողների տեսարանը ոչ միայն համաշխարհային կինոպատմության պատկերազարդ կտորներից է, այլև իսկապես ոգեշնչող հնար՝ հիշելու, որ մենք կարող ենք ավելի լավը լինել, և մենք պետք է երախտապարտ լինենք մեր դաստիարակներին: Իրենք չպետք է մոռացվեն:

232C2671 02A3 4CBB B5C4 CE287C5486AA 960x480 - Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

“The sword in the stone” / «Սուրը քարի մեջ»

Դիսնեյի՝ այս դասական դարձած ֆիլմը, կարծես, կախարդական երանգով պատմական տոն լինի: Յուրաքանչյուր կերպար այստեղ այնքա՜ն յուրահատուկ է և հետաքրքրաշարժ, անսովոր և ոչ շարքային։ Նույնիսկ խորամանկ Անակլետոն՝ Մերլինի բուն, մեծ իմաստություն և հումորի զգացում ունի: Հռչակված թագավորը պարզապես տղա է, բայց դրա հետ մեկտեղ մեծ պատվի և ինքնասիրության զգացումով: Ամենափոքր մարդու մեջ կարող է թաքնվել վիթխարի հոգի, և դուք այն կարող եք տեսնել անգամ երբ նա կերպարանափոխվում է ձկնիկի, թռչնակի կամ նույնիսկ սկյուռիկի: Պետք չէ զարմանալ: Այս օրերին ավելին, քան երբևէ, պետք է թույլ տանք մեզ, որպեսզի մեր ներքին երեխան երկխոսի մեզ հետ: