Logo

Կլոդ Մոնեի ամենահայտնի կտավները

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:57 / 14.11.2022Արվեստանոց
Կլոդ Մոնե-կտավներ

Նույնիսկ արվեստից հեռու մարդը կյանքում գոնե մեկ անգամ լսել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի անունը։ Նա աղքատությունից ու հալածանքներից հետո դարձավ իմպրեսիոնիզմի աշխարհահռչակ հանճար: Կլոդ Մոնեի ամենահայտնի կտավները պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Նկարչի որոշ աշխատանքների արժեքը հասնում է ավելի քան 40 միլիոն դոլարի։

1. Կակաչների դաշտը Արժանտոյում


Կակաչների դաշտը Արժանտոյում


«Կակաչների դաշտը Արժանտոյում» կտավը ստեղծվել է 1873 թվականին և Մոնեի ամենահայտնի նկարներից է։

Կտավում պատկերված են նկարչի կինն ու որդին։ Նրանք քայլում են դեպի դիտողը վառ կակաչներով լի դաշտի միջով։ Բլրի գագաթին Մոնեն պատկերել է ևս երկու հոգու և բոլոր չորս ֆիգուրներին միավորել խոտերի մեջ հազիվ տեսանելի ճանապարհով։

Հետաքրքիր է. երիտասարդ տարիներին Մոնեն չէր պատրաստվում իր հետագա կյանքը կապել գեղանկարչության հետ։ Եթե ​​չլիներ ապագա նկարչի հանդիպումը Էժեն Բուդենի հետ (նրա ուսուցիչը)՝ աշխարհը կկորցներ գեղանկարչության մեջ նոր շարժման հիմնադրին։

2. Տեռասը Սենտ-Ադրեսում


Տեռասը Սենտ-Ադրեսում


Կլոդ Մոնեի ամենահայտնի կտավներից է նաև «Տեռասը Սենտ-Ադրեսում»-ը, որը նկարվել է 1867 թվականին: Սա նկարչի վաղ շրջանի գլուխգործոցներից է։ Նկարում արտացոլված է նկարչի կյանքի պահերից մեկը։ Մոնեն ստիպված է եղել տուն վերադառնալ ֆինանսական խնդիրների պատճառով։ Կտավում պատկերված են նկարիչն ու նրա հայրը՝ նստած աթոռին։ Քիչ այն կողմ կանգնած է Մոնեի զարմուհին՝ անծանոթ մեկի հետ:

Նկարը նկարվել է այն ժամանակ, երբ Մոնեն դեռ չէր տարվել իմպրեսիոնիզմով։

Կտավը կարելի է տեսնել Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում։

Հետաքրքիր է. Մոնեն սկսել է գումար աշխատել 14 տարեկանից՝ ծաղրանկարներ նկարելով։ Նրա նկարները շատ սիրված էին տեղացիների շրջանում։

3. Նախաճաշ խոտի վրա


Նախաճաշ խոտի վրա


Թերևս Կլոդ Մոնեի ամենահայտնի նկարներից մեկը: Ստեղծվել է 1866 թվականին և այժմ գտնվում է Պուշկինի թանգարանում։

Այս գլուխգործոցի ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր է. 1895 թվականին Շայիում նկարիչը սկսում է աշխատել մեծ նկարի վրա, սակայն պատրաստի տարբերակը նրան դուր չի գալիս, և Մոնեն մեկնում է Փարիզ՝ կտավը որպես գրավ թողնելով տան տիրոջը, որը նկարիչը վարձել էր։ Վերադառնալով Շայի՝ նա հայտնաբերում է, որ նկարը տուժել է անփույթ վերաբերմունքից: Այն փրկելու համար Մոնեն կտավը բաժանում է երեք մասի։ Մեկ տարի անց, կրկին վերադառնալով Շայի, նկարում է մեծ նկարի փոքր պատճենը։

Հետաքրքիր է. Մինչ իր ապագա ուսուցչին՝ Էժեն Բուդենին հանդիպելը, Մոնեն ատում էր նրան։ Պատճառը նրա ծովանկարներն էին, որոնք Մոնեն զզվելի էր համարում։ Բուդենը նրան սովորեցրել է հասկանալ և սիրել բնությունը։

4. Ջրաշուշաններ


Ջրաշուշաններ


Ստեղծվել է 1916 թվականին, և նույնպես դարձել է Կլոդ Մոնեի ամենահայտնի գործերից մեկը: Այժմ կտավը գտնվում է Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում։

1905 թվականից սկսած և մինչ կյանքի վերջը նկարչի հիմնական թեման ջրաշուշաններն էին։ «Ջրաշուշաններ» կտավը դարձավ նկարչի հիասքանչ ջրային պատկերների մի ամբողջ շարքի մի մասը։ Հատկանշական է, որ Մոնեն նկարները նկարել է ըստ հիշողությունների, քանի որ ջրաշուշանների ծաղկման ժամանակը սահմանափակ է։ Բացի այդ, նկարչի տեսողությունն ավելի էր վատանում, և նա չէր կարողանում աշխատել նույն արագությամբ։

Հետաքրքիր է. նկարչի ամենաթանկ կտավներից մեկը՝ «Ջրաշուշաններով լճակ»-ը, որը նկարվել է 1919 թվականին, 2008 թվականին Christie's-ում վաճառվել է 80 միլիոն դոլարով։

5. Տպավորություն. Արևածագ


 Տպավորություն. Արևածագ


Նկարում պատկերված է առավոտ՝ Հավրի նավահանգստում։ Մառախլապատ լուսաբացին նավահանգստում հազիվ երևում են նավակները։ Նավահանգստի վրայով ծագող վառ նարնջագույն արևը հակասում է նկարի ընդհանուր մռայլ տրամադրությանը։ Առաջին դիտողները չգնահատեցին նկարչի կտավը և այն համարեցին անավարտ աշխատանք։

Հետաքրքիր է. աչքերի վիրահատությունից հետո նկարիչը սկսել է նոր գույներ տեսնել։ Դա պայմանավորված էր ձախ աչքի ոսպնյակի փոխարինմամբ։ Նրա նկարները փոխվել են՝ նոր ու անսովոր գույներ են հայտնվել դրանց վրա։