Logo

Քաղաքը քնում է, մաֆիան` արթնանում... Ինչպես 50 տարի առաջ ստեղծվեց Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմը

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:30 / 17.03.2022Ռեժիսորներ
Կնքահայր ֆիլմ

 50-ամյակի կապակցությամբ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հանրահայտ ֆիլմը վերաթողարկվում է կինոթատրոններում, և սա առիթ է պատմելու, թե ինչպես և ինչու այն դարձավ ամենաֆիլմ:

«Կնքահայրը» սովորական ֆիլմ չէ, որը Կոպպոլային համաշխարհային համբավ, գումար և «Օսկար»-ի 3 արձանիկ պարգևեց: Այն փոխել է գանգստերական կինոյի ավանդույթը, փրկել Paramount Pictures-ը սնանկությունից և աշխարհին մեգաաստղերի նոր սերնդով ապահովել: Հայտնի ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը, Մարտին Սկորսեզեն, Փոլ Շրյոդերը, Հել Բարվուդը, Մեթյու Ռոբինսը և Ուոլթեր Մերչն իրենց հաջողությամբ հենց այս ֆիլմին են «պարտական»:

Ջոն Միլիուսը, ով ժամանակին Կոպպոլային անվանել է «Մուսոլինի Սան Ֆրանցիսկոյից», ասել է. «Ֆրենսիսը հովանավորել է մեզ բոլորիս: Նա պատասխանատու է մի ամբողջ սերնդի համար։ Մենք նրան պարտք ենք, և ոչ ոք իրավունք չունի թերագնահատել այդ պարտքը»:

Ֆիլմի ստեղծման պատմությունը սկսվել է Մարիո Պյուզոյի գրքից։ Բայց ոչ թե նրանից, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, այլ նախորդից՝ իտալացի ներգաղթյալների մասին «Երջանիկ թափառականը» գրքից։ Թողարկումից հետո հրատարակիչները Պյուզոյին ասացին. «Եթե ցանկանում եք ավելացնել ձեր գրքերի վաճառքը, գրեք ավելի շատ մաֆիայի մասին»:

Պատմությունը սկսվեց այսպես... 

Խիստ կաշկանդված և ֆինանսական սուղ միջոցներով գրողն անմիջապես անցավ «մաֆիայի մասին» նոր գրքի ստեղծմանը: Բայց այն մերժվեց 8 հրատարակչությունում։ Մարիո Պյուզոն մոլի խաղամոլ էր և մինչ այդ մեծ գումար էր պարտք բուքմեյքերներին։ Այս իրավիճակից դուրս գալու նրա միակ հույսն այս նախագծի համար շտապ գնորդ գտնելն էր։ Իր էսքիզներից սցենար ուրվագծելուց հետո նա գնաց Paramount Pictures, որտեղ նրան հաջողվեց կազմակերպված հանցավորության մասին ֆիլմի գաղափարը վաճառել 10.000, իսկ գրքի թողարկումից հետո՝ 75.000 դոլարով:

Հրատարակիչներից մեկն ադ ընթացքում վերջապես հետաքրքրվեց նախագծով։ Կանխավճար ստանալուց հետո Պյուզոն սկսեց աշխատել գրքի վրա, որը վիճակված էր դառնալ բեսթսելլեր: 1969 թվականին լույս տեսած «Կնքահայրն» ավելի քան 15 ամիս եղել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ Ստուդիայում մոռացել էին նախագծի մասին. այն ժամանակ գանգստերների մասին ֆիլմերն անընդհատ ձախողվում էին տոմսարկղերում, բայց վեպի հաջողությունը փոխեց բոլոր պլանները:

Իտալական կրքեր... 

Նախորդ գանգստերական ֆիլմերի ձախողման պատճառն այն էր, որ գրեթե երբեք իտալացի չի նկարել դրանք: Պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը հասկացավ, որ եկել է ժամանակն իր կողմից արդեն մոռացված գրքի կինոդիտման համար: 

Նախագծի ռեժիսորին իրականում գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Ֆիլմից հրաժարվեցին հոլիվուդյան գրեթե բոլոր վարպետները՝ Արթուր Պենից և Կոստա-Գավրասից մինչև Փիթեր Եյթս և Օտտո Փրեմինգեր։ Նրանք կա՛մ այլ կինոնկարներով էին զբաղված, կա՛մ չափազանց անբարոյական էին համարում մաֆիայի հերոսացումը։ Միակն, ում հետաքրքիր էր պատմությունը, Սեմ Պեկինպան էր, բայց ստուդիան անվստահությամբ արձագանքեց նրա թեկնածությանը՝ չափազանց արյունոտ ու անարխիկ ֆիլմեր, ծանր բնավորություն, չի սիրում զիջումների գնալ։

Էվանսը որոշեց վստահել Ապենինյան թերակղզու մարդկանց, որպեսզի ֆիլմն ունենա «սպագետտիի՝ այդքան անհրաժեշտ համն ու հոտը». իտալա-ամերիկացիների մասին ֆիլմ պետք է նկարի միայն իտալա-ամերիկացին: Այդ  իսկ պատճառով ստուդիայի ընտրությունն ընկավ երիտասարդ և դեռ ոչ այնքան հայտնի Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի վրա, որն ուներ ընդամենը 3 ֆիլմ՝ You're a Big Boy Now արտհաուս կատակերգությունը, Finian's Rainbow մյուզիքլը և The Rain People դրաման:

Սկզբում, թերթելով գիրքը, Կոպպոլան կտրականապես մերժում է, բայց հետո, հաշվի առնելով իր ընկերության՝ Zoetrope Studio-ի ֆինանսական աղետալի վիճակը, ստիպված է լինում համաձայնել։

Պյուզոյի վեպը երկրորդ ընթերցումից շատ ավելի տպավորեց. սեքսի և բռնության հետևում իտալացին ոչ միայն ընտանեկան սագա, այլև ամերիկյան կապիտալիզմի ծննդի փոխաբերություն նկատեց: Նրա հիմնական պայմանն այն էր, որ ֆիլմը նկարահանվի տեղում, իսկ գործողությունները 1940-ականներից չտեղափոխվեն 1970-ականներ։ Paramount-ը համաձայնեց: Արդյունքում կինոնկարի բյուջեն նախատեսված 2 միլիոնից հասավ 6 միլիոնի։

Սցենարի աշխատանքային տարբերակը գրելուց հետո Կոպպոլան իր տարբերակներն էր ուղարկում Պյուզոյին։ Նա էլ, իր հերթին, իր փոփոխությունները, մեկը՝ Լոս Անջելեսից, մյուսը՝ Սան Ֆրանցիսկոյից:

«Սոուսի համար նախ պետք է թեթև կարմրեցնել սխտորը»,- սցենարում գրել էր Կոպպոլան։ Պյուզոն ընդգծում է այն՝  «Նախ, խորովիր սխտորը, գանգստերները չեն կարմրում»:

Քասթինգ...

Դոն Կոռլեոնեի դերակատարը՝ Մարլոն Բրանդոն, հակասություն էր առաջացրել. ստուդիայի տնօրեն Սթենլի Ռ. Ջաֆը հայտարարեց. «Քանի դեռ ես եմ ղեկավարում ընկերությունը, դա տեղի չի ունենա»: Բոլորը գիտեին Բրանդոյի բարդ կերպարի և ռեժիսորներին հնազանդվելու ցանկության բացակայության մասին։ Ի վերջո, նա զիջեց Կոպպոլային:

30-ամյա դերասան Ալ Պաչինոն` չափազանց լուռ և աննկատ, նույնպես դժգոհության է արժանացել։ Կոպպոլայի հայտարարությանը, որ երիտասարդը «Սիցիլիայի քարտեզի նման դեմք ունի», Ռոբերտ Էվանսը կտրուկ է արտահայտվել. 

«Լավ, նկարիր քո թզուկին, եթե այդքան վստահ ես»։

Արհամարհական վերաբերմունքը փոխվեց նկարահանված տեսարանը դիտելուց հետո, որտեղ Մայքլ Կոռլեոնեն սպանում է իր հոր թշնամիներին՝ մաֆիոզ Սոլոցցոյին և ոստիկանության կոմիսար ՄակՔլասկին։

Ալ Պաչինոն իր խաղով համոզեց բոլորին:

Ալ Մարտինոն՝ երգիչ Ջոնի Ֆոնթեյնի դերակատարմամբ, այնքան համոզիչ էր լացում Դոն Կոռլեոնեի հետ հանդիպման ժամանակ, որ կատաղած Մարլոն Բրանդոն որոշեց իմպրովիզներ անել. նա հանկարծակի ապտակեց Ջոնին և գոռաց. «Տղամարդու պես պահիր քեզ»: Ապշած երգիչն այնպես ծամածռվեց, որ այն դարձավ լավագույն դուբլը՝ դառնալով ֆիլմի մաս:

Քաղաքը քնում է, մաֆիան արթնանում է... 

Իտալա-ամերիկյան քաղաքացիական իրավունքների լիգան՝ Նյու Յորքի մաֆիոզ ընտանիքներից մեկի ղեկավար Ջո Կոլոմբոյի գլխավորությամբ, սպառնում էր նկարահանող խմբին՝ նույնիսկ կրակոցների տեսքով: 
Կոլոմբոյի պայքարի հիմնական ցանկությունն էր «մաֆիա» բառի հաճախակի կիրառման վերացումը։ Կինոռեժիսորները չէին պատրաստվում զիջումների գնալ:

Ամեն ինչ ի վերջո լուծվեց. ֆիլմի պրոդյուսեր Ալ Ռուդին կարողացավ համոզել վտանգավոր թշնամուն և լրագրողների աչքի առաջ նրա հետ ցուցադրական գործարք կնքեց։ Ինչի համար նա անմիջապես հեռացվեց աշխատանքից, սակայն Կոպպոլայի պնդմամբ կրկին վերադարձավ իր աշխատանքին: 

Ֆիլմն, այնուամենայնիվ, նկարահանվեց: 

Սպառնալիքներից հետո ռեժիսորը կրճատել է 3 ժամանոց ֆիլմը՝ դարձնելով այն 40 րոպեանոց։ Էվանսին ապշեցրել է արդյունքի չորությունն ու անկենդանությունը և պահանջել է վերադարձնել երկար տարբերակը։ Ռեժիսորը պնդում է, որ ինքը պարզապես վերականգնել է ամեն ինչ այնպես, ինչպես եղել է, իսկ պրոդյուսերը վստահեցնում է, որ վերջնական մոնտաժի իրավունքները պետք է իրեն պատկանեն։ Կոպպոլան երբեք չի կարողացել հաշտվել 2019 թվականին մահացած Էվանսի հետ, բայց դա չի փոխում էությունը։ Նրանց համատեղ ջանքերով ստեղծվել է մաֆիայի մասին լավագույն ֆիլմը։ Պրեմիերաների ժամանակ դահլիճում տիրող լռությունը չէր նշանակում անտարբերություն կամ առավել ևս զայրույթ, ինչպես կարծում էին ֆիլմի ստեղծողները, այլ բերկրանք և հիացմունք:

3 «Օսկար», կինովարձույթում մինչ օրս ավելի քան կես միլիարդ հավաքած գումար, և մաֆիան տեսնելու առաջին հնարավորությունը՝ ոչ թե որպես իրավապահ մարմինների կողմից արժանի ու դաժան կերպով սպանվածների, այլ որպես շեքսպիրյան հերոսների: