Logo

«Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ». Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:38 / 01.06.2022Հեղինակներ
Պետրոս Դուրյան

«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա՝ շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»։

Ընդամենը 21 տարի է ապրել այս արևի տակ բանաստեղծ, դրամատուրգ Պետրոս Դուրյանը, և նրա ստեղծագործությունները դարեդար պատում են մարդկանց սիրտը սիրով, անսահման զգացմունքայնությամբ, հոգեթով խոսքով։

Պետրոս Աբրահամի Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851-ի հունիսի 1-ին կամ մայիսի 20-ին՝ Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։

  • 6 տարեկանում դարձել է Սկյուտարի ճեմարանի աշակերտ։ Այդ դպրոցում ուսուցանել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խորը ազդեցություն թողել նրա վրա։
  • 1869 թվականին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվել է «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որ Դուրյանի առաջին տպագիր գործն է։ «Ձոնը» շարժել է ընթերցողների հետաքրքրությունը և «Օրագրի» խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ 
  • Խրիմյանին ձոնված բանաստեղծությունը հավանել է նաև Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։ Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առնչությամբ նա ընկերոջը գրել է․ «Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու, ոչ թե մարդ»։
  • Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը, բայց «Սկյուտարի սոխակ» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ 

Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին՝ թոքաբորբից։ Նա հեռացել է կյանքից առանց լուսանկար ունենալու, և միայն 1972թ. վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանը գանգաբանական հետազոտությամբ վերականգնել է Դուրյանի դեմքը:

Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված է 1871-ին։ Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղճք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն։

«Նա՛ է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը։
Պարույր Սևակ

***

Լճակ

Ինչո՞ւ ապշած ես, լըճա՛կ,
Ու չեն խայտար քո ալեակք,
Միթէ հալւոյդ մեջ անձկաւ
Գեղուհի՞ մը նայեցաւ:

Եւ կամ միթէ կը զմայլի՞ն
Ալեակդ երկնի կապոյտին,
Եւ այն ամպոց լուսափթիթ,
Որք նմանին փրփուրիդ:

Մելամաղձոտ լճա՛կ իմ,
Քեզ հետ ըլլանք մտերիմ,
Սիրեմ քեզի պէս ես ալ
Գրաւիլ, լռել ու խոկալ:

Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բիւր:

Այլ եթէ գոգդ ալ թափին
Բոյլքն աստեղաց երկընքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգւոյս` որ է բոց անհուն:

Հոդ աստղերը չե՛ն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,
Ամպերը չե՛ն թրջեր հոդ,
Երբ խաղաղ էք դու և օդ:

Լըճա՛կ, դո՛ւ ես թագուհիս,
Զի թ’հովէ մ’ալ խորշոմիս,
Դարձեալ խորքիդ մէջ խռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
„Քնար մ’ունի սոսկ“ – ըսին.
Մին` „դողդոջ է, գոյն չունի“ –
Միւսն ալ ըսաւ. – „Կը մեռնի՛“:

Ոչ ոք ըսավ. – „Հե՛ք տղայ,
Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չմեռնի“:

Ոչ ոք ըսաւ` – „Սա տղին
Պատռե՛նք սիրտը տրտմագին,
Նայինք ինչե՛ր գրուած կան…“
– Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան:

Հոն կայ մոխի՛ր… յիշատա՛կ…
Ալեակքդ յուզի՛ն թող, լըճա’կ,
Զի քու խորքիդ մեջ անձկաւ,
Յուսահատ մը նայեցաւ…

Պետրոս Դուրեան (1851- 1871)

***

Սիրել

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Հոգի մորո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
― «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի
՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
― «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

1871

***

Հայրիկն հայոց

Փութա՛, հովվապե՛տ, սիրող հար ազատ՝
Հարազատ,

Փարատի՛ սև ամպ, փայլի՛ արդ արև
Արդարև,

Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նք քայլ,
Առ նենգ գայլ

Ցըցո՛ւր ցուպդ, Հայերն կանչե՛ յ՚արոտ մի՝
Հար հոտ մի:

Ճանկեր արյունոտ կուրծ մեր թափ առինք,
Թափառի՜նք,

Եկո՛, հովվե՛ մեզ, սիրածդ, ազգասե՛ր,
Ազգ ա՛ս էր:

Դու գըթոտ նըման երկնի հայրիկին՝
Յ՚այր՝ ի կին՝

Յ՚օրոց և յ՚ալիս սփռե՛ լույս և սեր,
Լո՛ւյս եւս, է՞ր

Ցավի, չը զարթնու հըրճված յ՚այգուն յ՚այն
Յա՛յ, քուն Հայն:

Սոխակ մ՚էիր մերթ ի նոճս, ւ՚երգերդ՝
Վերքերըդ

Առած բյուրավոր՝ դեռ դու կանչեցիր,
Կա՛ն, չ՚է՛ցիր

Երգերդ միշտ մեր սիրտ, սիրո, հոգվո ձա՛յն,
Յ՚ոգվոց Հայն

Հանեց, վառեցավ ձայնեդ, իմացավ
Հիմա ցավ.

Քե՛զ խնդրե Հայն արդ, ամբոխ ամբոխ չ՚է՛,
Ամբողջ է.

Արդ ըսե՛ Հայուն, ըրե՛ ազդ անոր
Աստանոր.

— Ես կարոտ եմ վառ սրտից, ձեռքերի,
Ձեր գերի

Եղբարքն ազատե՛լ, լո՛ւյս տալ ՚ի Մասիս,
Ի մաս յ՚իս

Առնել իմ նախնյաց արյուն արտսուքեն.
Արդ սուգեն

Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով հավետ իս՝
Յ՚ավետիս.

Ցանկամ որ Հայք ինձ ըսեն ա՜հ, յամայր
«Ահա՛ մայր».

Այս իմ վերջին տենչ, միշտ ճետք Հայկա կա՜ն
Հայկական:

1869