Logo

Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 01.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

Vnews-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ:

«Թռիչք քաղաքի վրայով» Անուշ Ասլիբեկյան

Նարինե Գրիգորյան

Թռիչք…

«Ամեն ստեղծագործող իր կենսագրության մեջ ունի մի էլեմենտ, որը շարունակական է: Այդ էլեմենտի կիրառում ես ենթագիտակցաբար, հետո՝ մի պահ հայտաբերում ես, որ այն ամեն տեղ ինչ-որ չափով կա: Ինձ մոտ այդ էլեմենտը թռիչքն է. գուցե պատճառն այն է, որ արվեստը թե՛ ստեղծագործողին, թե՛ հանդիսատեսին թռիչքի պիտի մղի… չգիտեմ:

Նույնիսկ «Հաղթանակի գենեզիս» (Սառա Նալբանդյան) ներկայացման ձևավորման մեջ պատերազմի սիմվոլ նկարագրելիս՝ ռումբը պայթում է և օդ է թռչում ամեն ինչ՝ քարը, լամպը, ջուրը, օդը…  ինձ գրավում է թռիչքի մեջ գտնվելու ու դեռ չընկնելու պահը»:

2 1 960x640 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Եթե թռիչք կատարեմ Երևանի վրայով, կանգ կառնեմ Կասկադի բարձունքին՝ Մոնումենտից մինչև Թամանյանի արձանը: Սիրուն են աստիճանները, երկու կողմերում՝ շարքով դասավորված հետաքրքիր արձանները. երևի Երևանի ամենաարվեստոտ տեղն է»:

Սերը սուրճի շուրջ և զրույցներ՝ թեկուզ առանց սուրճի

«Առավոտյան ամուսնուս հետ սուրճ խմելն ու սուրճի ընթացքում զրուցելը շատ սիրուն արարողություն է, թեև դա կարող է ընդամենը 5-7 րոպե տևել ու հետո անմիջապես ամենքս անցնենք մեր գործերին:  Վերջերս մի ակցիա էի տեսել. պատերազմի զոհերի կանայք տաք-տաք սուրճ էին եփել ու շարել քաղաքի հրապարակում, պատճառաբանել էին, որ ամենաշատն ամուսինների հետ մի բաժակ սուրճ խմելն են կարոտել. հուզիչ էր»:

1 2 960x640 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Չգիտես՝ ինչու վայելքի ժամանակ չեմ ունենում, չի ստացվում գնալ նստել սրճարաններում: Անգամ իմ գլխավոր դերակատարմամբ ֆիլմերի պրեմիերաներին գրեթե չեմ լինում, ոչ մի անգամ կարմիր գորգով չեմ անցել. միշտ աշխատանքի պրոցեսում եմ, բայց այն ինձ համար գերագույն հաճույքն է: Կարելի է ասել՝ ես գործի չեմ գնում, գնում եմ հաճույք ստանալու ու հաճույք փոխանցելու»:

«Զրույցի միակ նախապայմանը ճիշտ զրուցակիցն է. երբ երկուսն իրարից լսելու բան ունեն»:

Կյանքի հետ ճիշտ հարաբերվելու մասին՝

3 1 960x640 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Ես տեսակով «գերազանցիկ» եմ, կազմակերպված եմ, սիրում եմ, որ ամեն ինչ ըստ պլանավորվածի ընթանա, սակայն սովորել եմ կյանքն ազատ թողնել: Անգամ թատրոնում ներկայացումներ բեմադրելիս՝ միշտ ազատության տեղը թողնում եմ, թողնում եմ, որ կյանքը շնչի. դրա մեջ գեղեցկություն կա»:

«Շրջակա աշխարհի հետ հարաբերվելու ամենակարևոր նախապայմանը բաց լինելն է կյանքի հանդեպ, պատրաստ լինելն ամեն րոպե քո պատուհանը ավելի լայն բացելու, քո պատկերացումը փոխելու, անվերջ սովորելու»:

aaa 960x1440 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Կյանքը դիալոգ է Աստծո հետ»:

«Ներքուստ հաշտ եմ մեր հասարակության հետ, արտաքուստ գուցե ինչ-որ բաների հետ վիճեմ: Վերածնունդ եմ տեսնում, վերջերս մարզային ծրագրերը շատ են ակտիվացել, մոտ 10 քաղաքում ենք արդեն եղել, ամենուր թատրոնի պահանջը կտրուկ բարձրացել է, իսկ դա հանապազօրյա հացի պահանջ չէ, դա արդեն հոգևոր պահանջ է»:

«Սերը հակասությունները միավորող հասկացողություն է»:

Թատրոն. դիալոգ հանդիսատեսի հետ

6 1 960x640 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Երբեք վարագույրի անցքից չեմ նայում՝ տեսնելու որքանով է դահլիճը լիքը. այդտեղ ինչ-որ անազնիվ բան կա: Փոխարենը զգում եմ կուլիսներ հասնող ձայներից, խոսակցություններից. այ հենց այդտեղ էլ սկսվում է իմ դիալոգը հանդիսատեսի հետ: Դեռևս միայն իմը: Վարագույնը բացվելուն պես հանդիսատեսն էլ է այդ զրույցին մասնակցում: Դա շատ զգայական երևույթ է, ուղղակի օդն է սկսում շիկանալ ու զգում եմ, որ հանդիսատեսն արդեն ինձ հետ է, դիալոգը ստացվել է»:

«Այսօր թատրոնից դուրս է գալիս 4-րդ պատի հասկացողությունը, դրանք սուտ խաղեր են,  իբր՝ «դուք չկաք, ես խաղում եմ»»:

«Երբ դեռ նոր էի բեմ բարձրանում, շատ էի հուզվում, շուրթերս իրարից չէին պոկվում: Հետո իհարկե հասկացա, որ  հանդիսատեսը հենց այդ էներգիան է զգում , ախր, այդ լարվածությունն է զգում. եթե ուզում ես հաճույք պատճառել, պիտի հաճույքով մտնես բեմ:

qqq 960x1440 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Պիտի սիրտդ վառվի բեմ մտնելու ցանկությունից, ոչ թե վախից դողա»:

«Դեռևս Փափազյանի ժամանակներում դերասաններն առավոտյան գալիս էին թատրոն, հանում էին բոլոր շորերը և նորից հագնվում արդեն որպես «Օթելլո» (օրինակ), երկար գրիմ անում. դա նրանց կերպարանափոխման պրոցեսն էր: Հիմա ժամանակն ավելի սուղ է, ներկայացումից մի ժամ շուտ թատրոնում եմ լինում, հենց սկսում են գրիմ անել՝ առաջին գծերը տանել դեմքիս ինձ մոտ արդեն սկսում է ինչ-որ ներքին բան փոխվել, հետո տվյալ կերպարի մատանին, ականջողը կախելիս, սանրվածքն անելիս կամաց-կամաց մտնում եմ տվյալ կերպարի մեջ»:

«Թատրոնում ամեն օր պիտի նորոգվես՝ նորը լինես: Ինքս ինձ խոստացել եմ, որ եթե մի օր զգամ, որ հնացել եմ թատրոնի համար, մանկապարտեզում կաշխատեմ, կամ դպրոցում ֆիզիկա կդասավանդեմ»…

«Դերասանին և՛ թատրոն է պետք, և՛ կինո, որ թատրոնում երկար մնալով պաթոսի մեջ չընկնի, իսկ կինոյում երկար մնալով՝ գույները չկորցնի»: 

Կինոյի մասին՝

11 960x1440 - Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

«Ֆիլմերում հանդես գալն ինձ մոտ շրջափուլերով է, վերջերս երբ գեղարվեստական ղեկավար դարձա, զգում էի, որ հիմա կինոի ժամանակը չէ, բայց փոխարենը պահ է գալիս, որ ֆիլմում խաղալու անհագ ցանկություն եմ ունենում: Դերասանական արվեստը կինոյում այլ կերպ է արտահայտվում, թատրոնում՝ այլ: Եթե թատրոնում դու կուտակում-կուտակում ես, հասունացնում քո մեջ, հետո դուրս թողում՝ տալիս հանդիսատեսին, ապա կինոյում ասում են՝ «կադր 2, դուբլ 1» ու դու պիտի սկսես. այս տեսանկյունից կինոն մարտահրավեր է»:

«Թատրոնում մարդ ենք ուսումնասիրում, հայտնագործում, որպեսզի կինոյում օգտագործենք»:

«Հայ կինո կա. կինոթատրոններում ֆիլմացանկերը լիքն են հայկական արտադրության ֆիլմերով, ընդ որում՝ տարբեր ժանրերի: Կինոն ծանր է տրվում, բայց ամեն ինչ գնում է նրան, որ շուտով աշխարհում խոսեն հայ կինոյի մասին»:

 

Լուսանկարները՝ Աշոտ Ավագյանի