Ռուսական «Ласковый май» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովը երգիչ Յուրի Շատունովի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է, որ արտիստի երգերի իրավունքները չի փոխանցել պրոդյուսեր Անդրեյ Ռազինին՝ հավելելով, որ Ռազինը հակառակն է պնդում, հայտնում է РИА Новости-ն։
Կուզնեցովը նաև ասել է, որ չի շփվում այդ պրոդյուսերի հետ՝ շեշտելով, որ Շատունովի ստեղծագործությունների իրավունքը կպատկանի նրա կնոջը։
Հունիսի 26-ին տեղի է ունեցել Շատունովի հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ արտիստի երկրպագուները միաձայն երգել են նրա երգերը։
Երաժշտի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 28-ին Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը: Արարողությունը փակ կլինի։
Յուրի Շատունովն իր կարիերան սկսել է 1980-ականներին՝ կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովի հետ՝ ստեղծելով մի շարք հիթեր՝ «Ласковый май», «Белые розы», «Седая ночь» և այլն։ 1991 թվականին Շատունովը դուրս է եկել «Ласковый май» խմբից և սկսել սոլո կարիերա։ Երգիչը մահացել է 48 տարեկանում՝ սրտի կաթվածից: