Logo

Լեոնարդո դա Վինչի․ ժամանակից առաջ քայլողը, որի առեղծվածը տեխնոլոգիաների դարում էլ չի վերծանվում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:20 / 15.04.2022Նկարիչներ
null

Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, գյուտարար Լեոնարդո դա Վինչին ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղում՝ 1452 թ. ապրիլի 15-ին: Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։ Նրա հայրը նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, Պիերոն ճանաչել է հայրությունը, ընդունել որդուն իր տանը։ 1466թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Հետագայում լքելով Ֆլորենցիան` Լեոնարդոն, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Մահացել է 1519թ. մայիսի 2-ին:

Մինչ օրս չվերծանված էջեր, 100-ամյակներ առաջ արված գյուտեր

Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։ Դրանց թվում են «Տրակտատ գեղանկարչության մասին» և «Մտորումներ գիտության և արվեստի մասին» աշխատությունները:

Վարպետի գյուտերի մեծ մասը չի ստեղծվել նրա կենդանության օրոք, մնացել է սոսկ գրառումներում և գծանկարներում։ Ինքնաթիռ, հեծանիվ, պարաշյուտ, տանկ… Նա երազում էր թռչել, կարծում էր, որ մարդը կարո՛ղ է և պե՛տք է թռչի: Դա Վինչին ուսումնասիրել է թռչունների վարքը և ուրվագծել տարբեր կառուցվածքի թևեր: Երկոսպնյականոց աստղադիտակի նրա նախագիծը զարմանալիորեն ճշգրիտ է, նրա օրագրերը ներառում են կարճ նշումներ «մեծ Լուսինը տեսնելու» հնարավորության մասին։

Невероятные изобретения Леонардо да Винчи: Парашют

Որպես ռազմական ինժեներ, նա միշտ պահանջված էր, ամենուր օգտագործվում էին Լեոնարդոյի մտածած կախովի կամուրջները և ատրճանակի անվային փականը։ Զբաղվում էր քաղաքաշինության և հողի բարելավման խնդիրներով, 1509 թվականին կառուցել է Սբ. Քրիստափոր ջրանցքը, ինչպես նաև Մարտեզանի ոռոգման ջրանցքը։

Невероятные изобретения Леонардо да Винчи: Пулемет

Հերցոգ Մորոն մերժել է նրա «իդեալական քաղաքի» նախագիծը։ Մի քանի դար անց այդ նախագծի հիման վրա կառուցվեց Լոնդոնը: Նորվեգիայում կա կամուրջ, որը կառուցվել է Լեոնարդո դա Վինչիի գծագրով։ Ֆրանսիայում, արդեն տարեց լինելով, նա նախագծել է ջրանցք՝ Լուարի և Սաոնի միջև։ Լեոնարդոյի օրագրերը գրված են հեշտ, կենդանի լեզվով և հետաքրքիր են կարդալու համար: Նրա առակները և աֆորիզմները խոսում են մեծ մտքի բազմակողմանիության մասին:

Կյանքի մութ էջերից

Վերածննդի դարաշրջանի տիտանի կյանքում բավականաչափ գաղտնիքներ կային: Դրանցից գլխավորը բացահայտվեց համեմատաբար վերջերս։ Բայց… բացահայտվե՞ց արդյոք։ 
1950-ին հրապարակվեց 1090 թվականին Երուսաղեմում ստեղծված գաղտնի կազմակերպության՝ «Սիոնի Պրիորայի» (Prieuré de Sion) Մեծ վարպետների ցուցակը։ Ըստ այդմ՝ Լեոնարդո դա Վինչին Պրիորիայի Մեծ մագիստրներից իններորդն էր։ Այդ զարմանալի պաշտոնում նրա նախորդը Սանդրո Բոտիչելին էր, իսկ իրավահաջորդը` Կոնստաբլ Չարլզ դե Բուրբոնը (Չարլզ III դե Բուրբոն): 

Կազմակերպության հիմնական նպատակն էր՝ Ֆրանսիայի գահին վերականգնել Մերովինգների դինաստիան։ Նրա սերունդներին Պրիորան համարում էր Հիսուս Քրիստոսի հետնորդները:

Եթե այս վարկածն ընդունենք որպես ճշմարտություն, պարզ է դառնում վարպետի լիակատար անկախության սովորությունը և ֆլորենտացու համար տարօրինակ ձգտումը Ֆրանսիային։ Նույնիսկ Լեոնարդոյի գրելաոճը` ձախից աջ, կարելի է մեկնաբանել որպես եբրայերեն գրի իմիտացիա։

Leonardo da Vinci's Elegant Studies of the Human Heart Were 500 Years Ahead  of Their Time | Open Culture

Կրոնական առեղծվածների հետազոտող Լին Պիկնետը 2009 թվականին հրատարակեց «Լեոնարդո դա Վինչին և Սիոնի եղբայրությունը» գիրքը՝ հայտնի իտալացուն համարելով գաղտնի կրոնական կարգի վարպետներից մեկը։

11 հետաքրքիր փաստ

  • 24 տարեկանում ֆլորենտացի երեք երիտասարդների հետ նրան  մեղադրել են սոդոմի մեջ։ Խումբն արդարացվել է ապացույցների բացակայության պատճառով։ 
  • Մաեստրոն բուսակեր էր։ Կենդանական սնունդ օգտագործողներին նա անվանում էր «քայլող գերեզմաններ»։ 
  • Ժամանակակիցներին շոկի էր ենթարկում կախաղան հանվածներին ուշադիր զննելու և մանրամասն նկարելու սովորությունը։ Նա իր զբաղմունքներից կարևորագույնը համարում էր մարդու մարմնի կառուցվածքի ուսումնասիրությունը։ 
  • Կարծիք կա, որ դա Վինչին Չեզարե Բորջիայի համար մշակում էր անհամ ու անհոտ թույներ և ապակե խողովակներից պատրաստված գաղտնալսող սարքեր։
  • Նա հագնում էր կտավից պատրաստված հագուստ՝ անտեսելով կաշվից և բնական մետաքսից պատրաստված հանդերձները։ 
  • Լեոնարդոն առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը, սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով չի կարողացել իրականացնել մտահղացումները: 
  • Հետազոտողների խումբը նախատեսում է առանձնացնել Լեոնարդոյի ԴՆԹ-ն վարպետի պահպանված անձնական իրերից: Պատմաբանները նաև պնդում են, որ մոտ են դա Վինչիի մայրական կողմի հարազատներին գտնելուն:
  • Ռեժիսոր Ռենատո Կաստելանիի «Լեոնարդո դա Վինչիի կյանքը» (La vita di Leonardo da Vinci) հեռուստատեսային մինի-սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ 
  • Հռոմի Ֆիումիչինոյի օդանավակայանը կրում է Լեոնարդո դա Վինչիի անունը և զարդարված է հսկայական արձանով, որը պատկերում է վարպետին՝ ուղղաթիռի մոդելը ձեռքին:
  • Հրաշալի նկարիչ Ռաֆայել Սանտին դա Վինչիին իր ուսուցիչն է համարել։ Նա այցելել է Լեոնարդոյի արվեստանոց Ֆլորենցիայում, փորձել ընդօրինակել նրա գեղարվեստական ոճի որոշ առանձնահատկությունները։ Ռաֆայել Սանտին նաև Միքելանջելո Բուոնարոտիին է իր ուսուցիչն անվանել։ Հիշյալ երեք արվեստագետները համարվում են Վերածննդի դարաշրջանի գլխավոր հանճարները։
  • Ավստրալիացի էնտուզիաստները կազմակերպել են հանճարեղ ճարտարապետի գյուտերի ամենամեծ շրջիկ ցուցահանդեսը։ Էքսպոզիցիան մշակվել է Իտալիայում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի մասնակցությամբ։ Ցուցահանդեսն արդեն անցկացվել է վեց մայրցամաքներում։ Այդ ընթացքում հինգ միլիոն այցելու կարողացել է տեսնել և շոշափել Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի ինժեների աշխատանքները։

 

Դա Վինչիի կտավների գաղտնիքները

Լեոնարդոյի ստեղծագործությունն ավելի քան 400 տարի զբաղեցնում է արվեստաբանների, կրոնական հետազոտողների, պատմաբանների և հասարակության միտքը: Իտալացի նկարչի աշխատանքները ոգեշնչման աղբյուր են դարձել գիտության և ստեղծագործության մարդկանց համար։ Կան բազմաթիվ տեսություններ, որոնք բացահայտում են դա Վինչիի նկարների գաղտնիքները։ Դրանցից ամենատարածվածը հավաստիացնում է, որ Լեոնարդոն իր գլուխգործոցները գրելիս օգտագործել է հատուկ գրաֆիկական կոդ։

Մի քանի հայելիներից կազմված սարքի օգնությամբ հետազոտողներին հաջողվել է պարզել, որ «Ջոկոնդա» և «Հովհաննես Մկրտիչ» նկարների հերոսների հայացքների գաղտնիքն այն է, որ նրանք նայում են այլմոլորակային արարածի հիշեցնող դիմակավորված անձի։ Լեոնարդոյի գրառումների գաղտնի ծածկագրերը նույնպես վերծանվել են սովորական հայելու միջոցով։

«Հովհաննես Մկրտիչ», 1516թ․

Леонардо да Винчи. «Иоанн Креститель», 1516

Իտալացի հանճարի ստեղծագործության շուրջ առեղծվածները հանգեցրին մի շարք գեղարվեստական գործերի ի հայտ գալուն, որոնց հեղինակը դարձավ գրող Դեն Բրաունը: Նրա վեպերը դարձել են բեսթսելլերներ։ 2006 թվականին թողարկվեց «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը՝ հիմնված Բրաունի համանուն ստեղծագործության վրա։ Կինոնկարն արժանացավ կրոնական կազմակերպությունների քննադատության ալիքի, սակայն թողարկման առաջին ամսում ռեկորդներ սահմանեց կինովարձույթում:

Լեոնարդո դա Վինչիի վրձնած վերջին կտավը՝ «Աշխարհի փրկիչը», 2021-ին վաճառվեց 450 միլիոն դոլարով և համարվում է մոլորակի ամենաթանկ ստեղծագործությունը։

«Աշխարհի Փրկիչը»

 

«Ջոկոնդա»․ ժամանակի հետ կենդանություն առնող կտավ

1503թ. Լեոնարդոն ստեղծեց իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»-La Gioconda), որն ամենաքննարկվող ստեղծագործությունն է։ Հիմնական առեղծվածը՝ թե ո՞վ է նկարչի համար բնորդի դերում եղել: Լիզա դել Ջոկոնդո էին կոչում ազնվական Կոնստանցա դ’Ավալոսի կնոջը՝ Ջուլիանո Մեդիչիի սիրուհուն․․․ 

«Ջոկոնդա»

Ամենից ոչ տրիվիալ տարբերակներում ասվում է, որ «Լա Ջոկոնդան»՝  Վինչին ինքն է, կամ նրա աշակերտ Սալայը՝ կանացի հագուստով։  Ենթադրություններ շատ են, ավելի շատ՝ նկարի կրկնօրինակումները, սակայն անմահ «Մոնա Լիզան» շարունակում է նվաճել իր անկրկնելի ժպիտով։ Ընդ որում՝ նա տեղ-տեղ ժպտում է, տեղ-տեղ չի ժպտում, իսկ շատերի կարծիքով էլ՝ նկարիչն այնպես է ստեղծագործել, որ Մոնա Լիզան սկսել է ժպտալ ժամանակի ընթացքում և․․․ տարիք առել։

Ի դեպ, Վերածննդի դարաշրջանն այն ժամանակն էր, երբ Իտալիայում ազնվական կանանց դիմում էին «իմ տիրուհի» բառերով, իտալերեն՝ «Madonna» (ma donna): Խոսակցական ձևում արտահայտությունը կրճատվել է «monna» (monna): Դա նշանակում է, որ «Մոնա Լիզա» նկարի անունը բառացիորեն կարելի է թարգմանել «Մադամ Լիզա»։


«Խորհրդավոր ընթրիքի» ֆենոմենը

1495-1497թթ. Լեոնարդո դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» կամ «Վերջին ընթրիք» որմնանկարը, որը համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:

«Խորհրդավոր ընթրիք»

Ի՞նչը կարող է միավորել Հուդային և Հիսուսին այս կտավում: Վարկած  կա, որ երկուսի բնորդն էլ նույն մարդն է։ Ցավոք, թե կոնկրետ ով է, ոչ մի տեղեկություն չի հասել մեր օրեր։ Ըստ լեգենդի՝ դա Վինչին իր Հիսուսի կերպարին գտել է եկեղեցու երգչախմբում, որտեղ նա ծառայում էր որպես երգիչ։ Ավելի ուշ, երբ որմնանկարը գրեթե ավարտված էր, և վարպետը չէր կարողանում գտնել մեկին Հուդայի կերպարի համար, Լեոնարդոն ջրատարում նկատում է մի հարբած տղամարդու, որի դեմքին շվայտ կյանքի հետքեր կային: Երբ դա Վինչին ավարտում  է Հուդայի կերպարը, բնորդը խոստովանում է, որ իրեն ծանոթ է այդ ստեղծագործությունը, 3 տարի առաջ նա նկարչի համար կեցվածք է ընդունել Հիսուսի կերպարում։

Այս որմնանկարի ևս մեկ հետաքրքիր նրբերանգ. Հուդայի կողքին շրջված աղաման կա։ Հետաքրքիր է, որ դա կարող է վառ օրինակ լինել այն սնոտիապաշտության, թե թափված աղն աղետի նշան է․ չէ՞ որ կտավի վրա պատկերված է այն պահը, երբ Հիսուսն ասում է, որ հավաքվածներից մեկն իրեն կմատնի։

Որ անկյունից պետք է նայել «Վերջին ընթրիքը»

Հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը նման անկյունից նայի այս որմնանկարին, սակայն հենց դրա համար է Լեոնարդոն ստեղծել այն: Նա իր աշխատանքը ներդաշնակեցրել է շրջակա միջավայրին: Իրական տարածությունը սահուն անցնում է պատկերված տարածության մեջ։ Ափսեների և հացի ստվերները ցույց են տալիս, որ վերջին ընթրիքը լուսավորված է ձախից։ Իրական սենյակում էլ հենց ձախ կողմում են գտնվում պատուհանները: Սպասքն ու սփռոցները նույնպես ներկված էին նույն կերպ, ինչ սեղանատանն է։ Արդյունքում դուք զգացողություն ունեք, որ նստած եք, ուտում եք, իսկ հարևան սեղանի շուրջ ծավալվում է «Վերջին ընթրիքի» գործողությունը: 

Մեկ այլ հետաքրքիր պահ. պատրանքն ուժեղացնելու համար Լեոնարդոն զմրսել է պատի մեջ փորված դուռը, որտեղ պետք է որմնանկարը հայտնվեր: Այդ դռնով վանականները խոհանոցից սնունդ էին տանում, բայց արդեն ստիպված էին շրջանցել։ Ավելի ուշ դուռը նորից բացեցին, և Քրիստոսի ոտքերը կտրվեցին։ պարզվեց՝ պատրանքն այնքան կարևորություն չուներ, որքան տաք կերակուրը։

Նկարում կա ևս մեկ ուշագրավ դետալ։ Վերականգնողները պարզել են, որ Լեոնարդոն ստվերները ներկել է ոչ թե մոխրագույն կամ սև, այլ կապույտ, ինչն անհնար էր պատկերացնել մինչև 19-րդ դարի կեսերը, երբ իմպրեսիոնիստները սկսեցին նկարել գունավոր ստվերներով։ Դա այնքան էլ հստակ տեսանելի չէ, բայց ներկի բաղադրությունն (պղնձի ացետատի կապույտ բյուրեղներ) ինքնին խոսում է այդ մասին։ 

Հ․Գ․- Ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1481-1482 թթ. Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։ Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ։ Նկարչի՝ Հայաստանում լինելու հիմք են նաև Էջմիածնի Մայր Տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Իրինդի և Ավանի եկեղեցիների՝ նրա էսքիզները։ Լեոնարդոն ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավներկը։