Logo

Լիամ Նիսոնի պատմությունը, որն իր սիրելի կնոջ մահից հետո միայնակ է մեծացրել որդիներին՝ առանց ճակատագիրը որևէ մեկի հետ կապելու

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:36 / 31.03.2023Կինո
Լիամ Նիսոն

Կինոյի սիրահարների մեծամասնությանը Լիամ Նիսոնը հայտնի է որպես մարտաֆիլմերի անվախ ​​հերոս, որը կարող է փրկել և՛ իր դստերը գերությունից, և՛ ինքնաթիռի ուղևորներին: Իսկ իրական կինոմանները նրան գիտեն որպես Օսկար Շինդլերի դերակատար։ Բայց այսօր ուզում ենք խոսել ոչ թե նրա հաջող կինոկարիերայի, այլ դերասանի կյանքի ողբերգական կողմի մասին։ 2009-ին դժբախտ պատահարի հետևանքով նա կորցրեց սիրելի կնոջը, այլևս իր ճակատագիրը ոչ ոքի հետ չկապեց ու իրեն նվիրեց աշխատանքին ու երեխաներին։

Լիամ Նիսոն-1

Իռլանդացի դերասանի և անգլիացի դերասանուհու սիրո պատմությունը սկսվեց, երբ նրանք միասին խաղացին «Աննա Քրիստի» բեմադրությունում՝ 1993 թվականին, Բրոդվեյում: 29-ամյա Նատաշա Ռիչարդսոնն այդ ժամանակ ամուսնացած էր պրոդյուսեր Ռոբերտ Ֆոքսի հետ, բայց արդեն ամուսնալուծության փուլում էր։ Թեև Լիամն այդ ժամանակ հայտնի էր որպես կնամոլ, նրա համբավը չազդեց Նատաշայի վրա. «Ինձ հաճելի է, որ կանայք սիրահարվում են նրան, քանի որ ես գիտեմ, թե ինչու», - ասել է նա:

Ռիչարդսոնը խելակորույս սիրահարվեց Նիսոնին, որն այն ժամանակ իրեն համարում էր հավերժ ամուրի։ Հարցազրույցներից մեկում Լիամն ասել է. «Ես երբեք նման պայթյունավտանգ քիմիա չեմ զգացել»: Արդեն 1994 թվականին նրանք ամուսնացան Նյու Յորք նահանգի հյուսիսում գտնվող փոքրիկ ֆերմայում։ «Չեմ կարողանում հավատալ, որ ինձ բախտ է վիճակվել հանդիպել իմ հոգու ընկերոջը», - ավելի ուշ ասել է Ռիչարդսոնը:

Լիամ Նիսոն-2

Նույն թվականին նրանք միասին նկարահանվեցին «Նելլ» ֆիլմում։ Իսկ 1995 թվականին ծնվեց նրանց որդին՝ Մայքլը: Հաջորդ տարի ծնվեց նրանց մյուս որդին՝ Դենիելը։

Լիամ Նիսոն-3

Նրանց հարաբերությունները հրաշալի էին, նրանք օրինակ էին մյուս աստղային զույգերի համար։ Բայց ամեն ինչ փլուզվեց 2009 թվականի մարտին տեղի ունեցած սարսափելի ողբերգության պատճառով․ Ռիչարդսոնը գլխի վնասվածք ստացավ Կանադայի Քվեբեկ քաղաքում՝ առանց սաղավարտի դահուկով սահելիս: Սկզբում դերասանուհին ոչ մի կարևորություն չի տվել վնասվածքին, քանի որ նրան առանձնապես ոչինչ չէր անհանգստացնում. «Ես զանգահարեցի նրան, և նա պարզապես ինձ ասաց. «Օ՜, սիրելիս, ես պարզապես ընկա ձյան մեջ»», - 2014-ին պատմել է Նիսոնը:

Սակայն մի քանի ժամ անց նրա ինքնազգացողությունը վատանում է, նա կորցնում է գիտակցությունը և ընկնում կոմայի մեջ։ Նրան տեղափոխում են Մոնրեալի հիվանդանոց։ Իսկ Լիամը, որն այդ պահին նկարահանվում էր Տորոնտոյում՝ «Քլոե» ֆիլմում, անմիջապես մեկնում է հիվանդանոց՝ կնոջ մոտ։ Երբ դերասանը հասնում է սիրելիին (վթարից ընդամենը մի քանի ժամ անց), բժիշկները նրան ասում են, որ Ռիչարդսոնի ուղեղն արդեն մահացած է։

Պարզվում է, որ դերասանուհին գլխի մահացու վնասվածք է ստացել։ Երբ բժիշկները Նիսոնին ցույց են տվել Նատաշայի գլխուղեղի ռենտգենը, նա ամեն ինչ հասկացել է. «Ես մոտեցա նրան և ասացի. «Սիրելիս, ես սիրում եմ քեզ, բայց դու այստեղից ողջ դուրս չես գա․․․Չգիտեմ՝ լսո՞ւմ ես ինձ, բայց այն, ինչ եղավ՝ եղավ։ Եվ մենք քեզ հետ ենք տանում Նյու Յորք: Քո ամբողջ ընտանիքն ու ընկերները կգան․․․»:

Հուղարկավորությունից հետո դերասանն ասել է, որ ինքն ու Նատաշան նախկինում պայմանավորվել են՝ եթե նրանցից մեկը երբևէ ընկնի վեգետատիվ վիճակի մեջ, մյուսը կանջատի կենսաապահովման համակարգը. «Ուստի, երբ ես տեսա նրան, տեսա այդ բոլոր խողովակները, անմիջապես մտածեցի պայմանավորվածության մասին»: Արդյունքում Նատաշան նվիրաբերել է իր երեք օրգանները (սիրտ, երիկամներ և լյարդ)՝ փրկելով երեք մարդու կյանք։

Լիամ Նիսոն-5

Վիշտը հաղթահարելու համար Լիամ Նիսոնը գլխովին ընկղմվել է աշխատանքի մեջ (2009 թվականից մինչ օրս նա հասցրել է խաղալ գրեթե 50 ֆիլմում), ինչպես նաև իրեն նվիրել որդիների դաստիարակությանը։ Նրանք մոր մահվան պահին ընդամենը 12 և 13 տարեկան էին։ «Ես ինձ վատ էի զգում առանց աշխատանքի։ Իսկ ես չէի ուզում տխուր ու ընկճված երևալ, հատկապես տղաներիս աչքին»,- պատմել է դերասանը։

Այնուամենայնիվ, Նիսոնի համար դժվար էր ընդունել սիրելիի կորուստը։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ Նատաշայի մահից 13 տարի անց էլ, երբ լսում է՝ մուտքի դուռը բացվում է, սպասում է, որ հիմա կինը ներս կմտնի, և կլսի նրա ձայնը։

Նրա ֆիլմերի որոշ տեսարաններ հիշեցնում են նրան կորստի մասին։ «Դա նման է ալիքի: Դուք պարզապես անկայունության խորը զգացողություն ունեք: Երկիրն այլևս կայուն չէ, ասես եռոտանի սեղան լինեք։ Իսկ հետո ամեն ինչ անցնում է, հետո նորից սկսվում․․․»,- ասել է դերասանը։

Լիամ Նիսոն-6

Նիսոնն այնքան է կարոտում Նատաշային, որ նրա մասին մտքերը դեռ հետապնդում են իրեն. «Վշտի տարօրինակն այն է, որ դու չես կարող պատրաստվել դրան: Դուք կարծում եք, թե լաց կլինեք և կհանգստանաք: Բայց վիշտը հարվածում է կեսգիշերին: Կամ ահա, ես քայլում եմ՝ ինձ բավական գոհ ու երջանիկ զգալով։ Իսկ հետո հանկարծ բում, ասես ինչ-որ բան զգացիր կրծքիդ մեջ», - ասում է Նիսոնը:

«Տաշան թաղված է մեր տնից ոչ հեռու՝ իր տատիկի կողքին։ Շաբաթը 1 կամ 2 անգամ գնում եմ Տաշայի մոտ, պարզապես խոսելու: Ինձ դուր է գալիս»,- հավելել է դերասանը։

Լիամ Նիսոն-7

Լիամ Նիսոնին մահացած կնոջ մասին մտքերից, բացի աշխատանքից, փրկում են նաև նրա հրաշալի որդիները։ Նատաշա Ռիչարդսոնի մահից հետո երեխաների դաստիարակությանը մասնակցում է Լիամի զոքանչը ՝ դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվը։ Նիսոնն ասում է, որ իր ընտանիքը լավ ձեռքերում է։ «Ես հիանալի աջակցող թիմ ունեմ: Եվ եթե ես ինչ-որ նախագծի համար մեկնում եմ, զոքանչս տեղափոխվում է մեզ մոտ»,- ասել է դերասանը։

Լիամ Նիսոն-8

Լիամը պատմել է, որ տեսնելով, թե ինչպես են իր որդիները մեծանում, ինչպես են մկանային զանգված հավաքում, վտանգավոր ուղիներ ուսումնասիրում՝ հաճախ երազում է, որ նրանց մայրը ողջ լիներ: Որպեսզի այդ փորձառությունը կիսեր իր որդիների հետ: Բացի այդ, դերասանը նշել է, որ անընդհատ անհանգստանում էր, որ իր տղաները կախվածություն չունենան վատ սովորություններից, որոնք կարող են ընդմիշտ փոխել նրանց կյանքն ու ընտանիքը։

Միաժամանակ, ինչպես վստահեցնում է Լիամը, նա վստահում է իր երեխաներին, քանի որ նրանք խելացի տղաներ են։ Դերասանը շատ հպարտ է իր որդիներով և նշում է, որ նրանք գիտեն, որ իրենց հայրը միշտ իրենց կողքին է լինելու՝ անկախ ամեն ինչից։

Լիամ Նիսոն-9

Չափահաս տարիքում Լիամի ավագ որդին՝ Մայքլը, հոր օրհնությամբ վերցրել է մոր ազգանունը՝ պաշտոնապես դառնալով Մայքլ Ռիչարդսոն։ Նա պարզապես ուզում էր իր կողքին զգալ մորը, քանի որ նա ֆանտաստիկ կին էր։ Ի դեպ, Մայքլը գնացել է ծնողների հետքերով՝ կարիերա սկսելով Հոլիվուդում, թեպետ հայրը սկզբում դեմ էր դրան։

Լիամ Նիսոն-10

Լիամի և Նատաշայի կրտսեր որդին՝ Դենիելը, նույնպես փորձել է իրեն զվարճանքի ոլորտում՝ ուսումնասիրելով դերասանի վարպետություն և թվային մեդիա: Նա մի քանի անգամ աշխատել է կուլիսների հետևում՝ ֆիլմեր պրոդյուսերավորելով, բայց ի վերջո անցել է նորաձևությանը: 2017 թվականին տղան թողարկել է իր «Pine Outfitters» էկոլոգիապես մաքուր հագուստի շարքը:

Լիամ Նիսոն-11

Կնոջ մահից հետո Լիամ Նիսոնն այդպես էլ չի գտել կնոջ, որին կարող էր սիրել այնպես, ինչպես Նատաշա Ռիչարդսոնին։ Չնայած նա ունեցել է մի քանի անցողիկ կապ, միևնույն է՝ դրանք լուրջ հարաբերությունների չեն վերածվել։

2016 թվականին Լիամը երկրպագուներին է ներկայացրել գրառում, որում հիշել է իր հանգուցյալ կնոջը։ Նա հորդորել է բոլորին փայփայել իրենց զուգընկերներին և առավելագույնս օգտագործել միասին անցկացրած յուրաքանչյուր օրը. «Ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների հետ։ Որովհետև մի օր դուք ձեր հայացքը կշեղեք սմարթֆոնից, իսկ նրանք այլևս չեն լինի: Սիրեք ամեն օր այնպես, ասես դա վերջին օրն է»․․․