Logo

Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Հեղինակ
naira-art
00:00 / 05.03.2020Արվեստանոց
222 3 - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

1932 թվականի մարտի 5-ին ծնվել է հայտնի արվեստաբան, համարձակ, սրտացավ մտավորական ու արժանավոր քաղաքացի Հենրիկ Իգիթյանը: Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել մանկական պատկերասրահը, ժամանակակից արվեստի թանգարանը, գեղագիտության ազգային կենտրոնը, մանկական թատրոնը, բազմաթիվ գրքեր ու ալբոմներ: Պատահական չէ, որ նրա մասին Սոս Սարգսյանը գրել է.

Հենրիկը ականավոր անհատականություն էր, Աստված տա՝ մենք կարողանանք արվեստում ստեղծել Իգիթյանի ստեղծածի կեսը:

Հենրիկ Իգիթյանի հանրային ելույթներից հավաքած մտքերի օգնությամբ փորձել ենք ստեղծել նրա պարականոն դիմանկարը։

1 2ZvfVxuSZmZSizHgLFfBZg - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Մանկությունը

Մանկությունս անցել է Երրորդ մասում, կաուչուկի գործարանի մոտ։ Այնտեղից է սկսել իմ ճանապարհը՝ որպես արվեստագետ, այնտեղ եմ ամուսնացել և այնտեղ էլ ապրել եմ իմ ամենաերջանիկ տարիները: Պայմանները վատն էին. երեք ընտանիքով ապրում էինք երեքսենյականոց բնակարանում: Բայց ծնողներս կային, բոլորը կային: Այդ ժամանակ ես չէի գնահատում այդ երջանկությունը: Մարդն այդպես է ստեղծված. կորցնում է ու նոր միայն սկսում գնահատել:

1 86Q6wG5f80SfPqNlS5LhQg - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Կրթությունը

Սովորել եմ ու ավարտել Ժդանովի անվան ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: Հոյակապ էստրադային նվագախումբ ունեինք: Հյուրախաղերով մեկնում էինք Մոսկվա, Ուֆա, Կազան: Ես հարվածային գործիքներ էի նվագում: Գրում էի նաև երգերի բառերը: Շատ երջանիկ էի: Մեր աֆիշներին գրված էր «Մոլոդյոժնի ջազ Արմենիի»: Աննախադեպ երևույթ էր Սովետական միությունում: Նաև իմ առաջին մեծ սերը հանդիպել եմ այդ ինստիտուտում. Ժաննա Աղամիրյանն էր: Նա ինձ հետ Մանկական պատկերասրահի հիմնադիրներից մեկն էր: Նրան, ցավոք, կորցրեցի:

Մանկական պատկերասրահը

Մանկական պատկերասրահը առաջին մանկական թանգարանն է աշխարհում: Ինձ համար շատ թանկ է այս տեղը: Երբ մենք ստեղծում էինք այն, չգիտեինք, որ սա մոլորակի առաջին մանկական թանգարանն է:

1 CeKV1LfTRspjyWDMxxK3Fw - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Արվեստի գործը

Արվեստի գործը դարերով կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե այդ գործը գեղարվեստական արժեք է ներկայացնում, եթե իր որակով կարող է գնահատվել ամեն մի երկրում՝ անկախ աշխարհայացքից: Վելասկեսն ու Գոյան նկարել են թագավորների, բայց աշխարհի ամեն մի թանգարան այդ կտավները մեծագույն ուրախությամբ կմտցնի իր էքսպոզիցիայի մեջ: Եվ դա ոչ այն պատճառով, որ մարդկանց հետաքրքրում են թագավորների կենսագրությունները, այլ այն, որ այդ ստեղծագործությունները ունեն բացարձակ գեղարվեստական արժեք: Սեզանը նկարում էր խնձոր, Վան-Գոգը՝ արևածաղիկ, Սարյանը նկարում է մեր երկրի առատ պտուղները, բայց այդ նկարները ուսումնասիրում են ոչ թե կենսաբանական, այլ ամբողջ մի դարաշրջանի նկարչական կուլտուրա:

1 X6DisNlTbSPTBrOTow oSw - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Արվեստագետի մեծությունը

Արվեստագետի մեծությունը որոշվում է ոչ թե նրա այս կամ այն ուղղության պատկանելությամբ, այդ մեծությունը կարող է դրսևորվել ինչպես նատուրալիստական, այնպես էլ աբստրակտ ստեղծագործությունների մեջ: Հետևապես, որքան որ չի փրկում մոդայիկ ուղղությունը, նույնքան էլ «հնացած» ուղղությունը չի նվաստացնում գործի արժանիքները: Արդյունքը հանգեցվում է մի միակ չափանիշի՝ ծածկվող տարածության որակին, պլաստիկ մտածողությանը, որոնք և վերջին հաշվով որոշում են ստեղծագործության արժեքը:

Երջանիկը

Երջանիկ է ոչ թե նա, ով զբոսնում է հարթ և տրորված ճանապարհով, այլ նա, ով երբեմն նույնիսկ սայթաքելով ընկնում է ու ջարդվածքներ ստանում, ամրանալով նյութի դժվարության, իր առջև դրած խնդիրների դժվարության դեմ մղած պայքարում, արվեստի նոր, անսպառ շերտերի յուրացման, ծանրամիտների քարացածության դեմ մղված պայքարում և պայքարում, որը տարվում է վերջնական համարվող տեսակետի դեմ:

1 z88Os TDinJJADBMPtaYxA - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Ազատությունը

Ազատությունը արվում է ոչ թե լուսամուտների ապակիները ջարդելու համար, այլ սեփական «ես»-ի լրիվ արտահայտման համար, որը հիմնված է ազգային և համաշխարհային արվեստի լավագույն ավանդույթների վրա, որի ընթացքում երբեք չեն դադարում ապագային նայելուց: Չէ՞ որ ամեն մի իսկական արվեստագետ մուծում է արվեստի զարգացման մեջ մի նոր որակ, թարմ մտածողություն և հենց այդ հատկությունն էլ գեղարվեստական արժեքի ամենաորոշիչ չափանիշն է:

Տրամադրությունը

Մեր բնության մասին խոսելիս, շատ հաճախ օգտագործում են «շոգ», «տոթ», «արևային» էպիտետները: Դա անկասկած ճիշտ է, սակայն ինչպե՞ս այդ զգայությունը արտահայտել գեղանկարչության մեջ, ինչպե՞ս ստեղծել արեւշատ երկրի կերպարը: Արվեստագետը ոչ թե պետք է բնությունը պատճենահանի, այլ կարողանա արտահայտել այն տրամադրությունը, որով տոգորում է իրեն բնությունը։

800px Hunger strike in Moscow - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Ինչպես չդառնալ հեղինակություն

Չարություն իմ մեջ բացարձակ չկա, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ էին 1988-ին Գևորգ Էմինի ձեռքից բարձրախոսը խլում Ազատության հրապարակում, ումի՞ց էր պակաս հայրենասեր: Կամ, ասենք, Լևոն Հախվերդյանն ումի՞ց էր պակաս. Թումանյանով զբաղվող մարդ, գրականագետ, նվիրված ազգին, ինչո՞ւ էին ձեռքից խլում բարձրախոսը… Կամ` պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը… Ազգի նվիրյալներ էին և երբևիցե չէին հակադրվել ազգային մտածողությանը, ազգային շարժմանը, չէին ծախվել…Այդպես փորձում էին նրանց տապալեին, իրե՛նք դառնային հեղինակություն: Բայց ոչ մեկն արհեստականորեն հեղինակություն չի կարող դառնալ: Չի՛ կարող, անհնար է: ՈՒզում ես հարուստ եղիր, ուզում ես լավ հռետոր… նշանակություն չունի. ինչ որ կաս քո քաշով, այդ էլ մնում ես մարդկանց համար:

Գյուղը

Մեր գյուղերը լրիվ աչքաթող են արել, հողը՝ մեռցրել: Նույնիսկ Ֆրանսիայի նման երկրում եթե նրա շրջանները չլինեին, Փարիզը կմեռներ։ Ո՞վ է, ի վերջո, հայ ժողովրդին տվել մեծ բանաստեղծներ: Մեծ նկարիչներ: Մեծ մտածողներ: Գյո՛ւղը։ Քաղաք էլ չենք ունեցել ըստ էության։ Մեր քաղաքը Թիֆլիսն էր, Բաքուն, նույնիսկ՝ Գյումրին… Երևանն ավելի ուշ դարձավ քաղաք։ Գյուղն է, չէ՞, տվել Պարույր Սևակ՝ Չանախչիից, Մինաս՝ Ջաջուռից, Հրանտ Մաթևոսյան՝ Ծմակուտից, որ քարտեզի վրա չի էլ երևում։ Բանակին ո՞վ է տվել էդ հզոր տղերքին: Գյո՛ւղը։ Վերջերս գնացել էի Բերդ՝ Տավուշ. ի՜նչ հրաշալի, չքնաղ բնություն ունի։ Ես, որ քիչ թե շատ աշխարհ եմ տեսել, նման հրաշք բնություն չեմ տեսել։ Եթե ճապոնացիներն ունենային նման մի Տավուշ, դրախտ կդարձնեին։

1 pdI15W iBmq2TQiEvAypng - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Ազգի բարոյական վիճակը

Ազգի բարոյական վիճակը ինձ անասելի ցավ է պատճառում։ Այսօր հայ երեխան չգիտի՝ ով է Հովհաննես Թումանյանը։ Այսօր շատ են անգրագետները: Մեր երիտասարդներն ամեն մի փոփ աստղի անունը գիտեն, նույնիսկ Ամերիկայում ապրող, բայց չգիտեն ովքեր են Չարենցը, Թամանյանը։ Սա դժբախտություն է ազգի համար։ Սովետական Հայաստանում հնարավո՞ր էր գտնել մեկ երեխա, որ չիմանար Թումանյանն ով է։ Այսօր Թումանյանի նկարը ցույց ես տալիս, հարցնում՝ ո՞վ է, ասում է՝ փողի մարդն է։ Կամ՝ մեր բուհերը… Ի՜նչ մակարդակ ունեին պոլիտեխնիկը, բժշկականը։ Մենք չգնահատեցինք մեր անկախությունը։ Բայց ես շատ եմ գնահատում և ուրախ եմ, որ վերջապես իմ երկրում կարող եմ ուզածս գիրքը տպագրել։

800px Childrens art museum - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Բարոյականությունը

Բարոյականությունն այնքան է ընկել, որ այն լկտի մարդիկ, ովքեր փող ունեն, ինչ ուզում, անում են։ Դա գալիս է հասարակության ճահճային, քաոսային ընդհանուր վիճակից։ Ամոթը վերացել է, էլ ամոթ չկա։ Հարուստ մարդ ես, քո հեռուստաընկերությունն ես ստեղծել, բա դու քո ցույց տվածից չե՞ս ամաչում… Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա։ Անգամ ամենազարգացած երկրում ամեն տեսակի լկտիություն կա։ Բայց դա՛ չի այնտեղ գերիշխողը, դա չի թելադրողը, եղանակ ստեղծողը: Չափանիշները փոխվել են։

800px Minas Hakobyan Igityan - Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա

Որպես վերջաբան

Արդի արվեստի թանգարան ենք ուզում  կառուցել. այն կլինի ամենակարևոր կետերից մեկը ոչ միայն իմ կյանքում, այլև մայրաքաղաքի ու արվեստագետների համար: Այն մի օազիս կլինի մեր քաղաքի սրտում: Թանգարանի շուրջբոլորը կլինեն ծաղիկներ, քանդակներ, շատրվաններ… Եվ այդ շենքը կաբարձրանա որպես գահ այդ կարևոր տեղում, որի անունը… չէ՜, չեմ ասի…