Logo

Սերիալային գարուն․ այս ամսվա ամենասպասված պրեմիերաները

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:55 / 17.05.2022Ռեժիսորներ
սերիալների պրեմիերա-2022

Մայիսին հայտնի հոսքային ծառայությունները նոր ու հետաքրքիր արտադրանք են ներկայացնելու, ներառյալ՝ երկար սպասված բարձրակարգ նախագծերը, օրինակ՝ Disney-ի «Obi-Wan “Ben” Kenobi»-ն, ինչպես նաև ոչ պակաս հուզիչ նախագծեր։

VNews Culture-ը ներկայացնում է 2022 թվականի մայիս ամսվա ամենասպասված սերիալների ընտրանին՝

«Love, Death & Robots», Netflix

Ամերիկյան անիմացիոն անթոլոգիայի շարքն ուղղված է չափահաս հանդիսատեսին։ Սա երրորդ եթերաշրջանն է: Սերիալի յուրաքանչյուր սեզոն բաղկացած է մինչև 20 րոպե տևողությամբ առանձին կարճ դրվագներից։ Վերնագիրը ցույց է տալիս յուրաքանչյուր դրվագի թեմատիկ կապը վերը նշված 3 թեմաների հետ, սակայն ամեն դրվագ չէ, որ պարունակում է բոլոր 3 տարրերը։

Սերիալի առաջին երկու սեզոններն արժանացել են մեծ արձագանքների, հետևաբար երկրպագուներն անհամբերությամբ են սպասում երրորդ սեզոնին։ Հայտնի է, որ առաջին մասի որոշ պատմություններ կշարունակվեն նաև երրորդում։ Այն բաղկացած կլինի 8 պատմությունից, որոնք միաժամանակ կթողարկվեն մայիսի 20-ին՝ Netflix-ով։

«Obi-Wan Kenobi», (Disney+)

Սա ամսվա ամենասպասված նոր նախագծերից է։ Սերիալը պատմում է «Աստղային պատերազմների» համանուն հերոսի մասին, որը հայտնվել է «Աստղային պատերազմների» նախերգանքների (պրիքվել) եռերգության մեջ (1999-2005 թվական): Գործողությունները տեղի են ունենում «Աստղային պատերազմներ․ դրվագ III. Սիթհերի վրեժը» ֆիլմի իրադարձություններից 10 տարի անց, իսկ Յուան Մաքգրեգորը 17 տարի անց կվերադառնա Օբի-Վան Քենոբիի դերին:

Նոր սերիայում Օբի-Վան Քենոբին, տխրելով իր ուսանողի՝ «ուժի մութ կողմին» անցնելու փաստից, սկզբում հոգ է տանում երիտասարդ Լյուկ Սքայուոքերի մասին, բայց շուտով գնում է ինչ-որ «հետաքրքիր արկածների» հետևից։

Սերիալի առաջին երկու դրվագները կցուցադրվեն մայիսի 27-ին Disney+-ով, իսկ մնացած 4-ը՝ շաբաթը մեկ անգամ։

«Stranger Things», (Netflix)

Netflix-ի ամենահաջողակ սերիալներից մեկի՝ «Stranger Things» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմի երկար սպասված չորրորդ սեզոնը կթողարկվի նախորդից երեք տարի անց: Նոր եթերաշրջանի իրադարձությունները կծավալվեն նախորդի եզրափակիչից 6 ամիս անց, և երիտասարդ հերոսները կբախվեն թե՛ ավագ դպրոցի խնդիրներին, թե՛ «նոր սարսափելի գերբնական սպառնալիքի»։

Ինչպես նախկինում, ֆիլմում նկարահանվելու են Վայնոնա Ռայդերը, Դեյվիդ Հարբուրը, Ֆին Վոլֆհարդը, Միլի Բոբի Բրաունը, Գեյթեն Մատարացոն, Քեյլեբ ՄաքԼաֆլինը, Նոա Շնապը, Սեյդի Սինքը, Նատալյա Դայերը, Չարլի Հիթոնը, Ջո Կիրին, Կարա Բուոնոն և Դեյքր Մոնտգոմերին։

Չորրորդ սեզոնը բաժանվելու է 2 մասի՝ առաջին 5 դրվագը թողարկվելու է մայիսի 27-ին, իսկ հաջորդ 4-ը՝ հուլիսի 1-ին։ Սերիալը կունենա 5-րդ եթերաշրջան, որը կլինի վերջինը։

«Pistol», (Hulu)

Բրիտանական Sex Pistol կուլտային փանկ ռոք խմբի պատմության վրա հիմնված այս երաժշտական ​​կենսագրական դրամայի կենտրոնում կլինի ոչ թե սկանդալային կիթառահար Սիդ Վիշեսը կամ նույնիսկ մենակատար Ջոնի Ռոթենը, այլ կիթառահար Սթիվ Ջոնսը՝ շատ անսպասելիորեն։ Հենց վերջինս է թմբկահար Փոլ Քուկի հետ հիմնադրել խումբը, որին համաշխարհային հանրությունը հաճախ ասոցացնում է ավելի ուշ խմբին միացած անդամների հետ։

Սերիալում Սթիվ Ջոնսի դերը կատարել է բրիտանացի Թոբի Ուոլեսը, որն առավել հայտնի է «The Society» («Հասարակություն») սերիալով: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ սերիալում 70-ականների բրիտանական փանկ ռոքի բազմաթիվ հերոսներ են հայտնվելու։

Սերիալի ռեժիսորն է Դենի Բոյլը, որը հայտնի է «Trainspotting», «The Beach», «28 Days Later», «Steve Jobs» ֆիլմերով։