Logo

Մեր առասպելական հերոսները՝ Կառլեն Նուրիջանյանի արվեստում

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 25.11.2020Արվեստանոց
քք min - Մեր առասպելական հերոսները՝ Կառլեն Նուրիջանյանի արվեստում

Հայ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 2-ին: 1950 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նուրիջանյանի հորինվածքներին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունը, արդիականությունը… Առանձնացրել ենք Նուրինջյանի 3 հայտնի գործները:

Հայկ նահապետի արձան

Hayk 3.JPG

Հայկ նահապետի արձանը գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ։ Քանդակը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), այնուհետև 1975 թվականին տեղափոխվել է ներկայիս վայրը: Քանդակը կոփածո պղնձից է, բարձրությունը 3,5 մետր է։ Հայկ նահապետի արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։

Hayk - Մեր առասպելական հերոսները՝ Կառլեն Նուրիջանյանի արվեստում

Վահագն Վիշապաքաղի հուշարձան

Վիշապաքաղ.jpg

Հուշարձանը  գտնվում է Երևանում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում։ Ընդգրկված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Քանդակը կառուցված է դրվագված պղնձից, բարձրությունը 3,5 մետր է, քաշը` մոտ 400 կգ։

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ։

Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։ Եվս մեկը գտնվում է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում (քանդակագործ՝ Վահե Հարությունյան), մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)։

Տորք Անգեղի հուշարձան

Torq Angegh, New Nork, Yerevan, Armenia.jpg

Հուշարձանը գտնվում է Երևանում` Նոր Նորքի 2-րդ զանգվածում, տեղադրվել է 1982-ին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Քանդակը կառուցված է կոփածո պղնձից, բարձրությունը 4,8 մետր է։