Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Met Gala-ի պատմության ամենաքննարկվող 7 կերպարները՝ Շերի «մերկ» զգեստից մինչև Քանյե Ուեսթի ջինսը

Met Gala-ն վաղուց դարձել է փոփ մշակույթի ֆենոմեն։ Հոլիվուդյան գլխավոր աստղերը, երաժիշտներն ու փոփ-դիվաներն ամեն տարի մասնակցում են այս պարահանդեսին, իսկ միջոցառման նախապատրաստությունը տևում է ավելի քան մեկ ամիս: Met Gala-ի համար հայտնիները ջանք ու գումար չեն խնայում։ Իր 74 տարվա պատմության ընթացքում երեկոյին մասնակցել են Բիանկա Ջագերը, Ժակլին Քենեդին, Մադոննան և նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ կարմիր գորգին հետևում են ոչ միայն նորաձևությամբ տարվածները, այլև ամբողջ աշխարհը։ Ի դեպ, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը միշտ անձամբ է հաստատում հյուրերի ցանկը։

Եթե հետևում եք Met Gala-ին, հավանաբար գիտեք, որ միջոցառումն ունենում է հատուկ թեմատիկ դրես-կոդեր: Օրինակ՝ 1995 թվականին պարահանդեսի թեման էր՝ «Բարձր նորաձևություն», 1998-ին՝ «Կուբիզմ և նորաձևություն», 2001-ին՝ «Սպիտակ տունը Ժակլին Քենեդիի կեցության ժամանակ», իսկ 2008-ին՝ «Սուպերհերոսներ. նորաձևություն և ֆանտազիա»։ Այս անգամ այն նվիրված էր ոսկեզօծ գլամուրին: Սա մի տեսակ ակնարկ է 1870-ից 1900 թվականներին Ամերիկայի արագ տնտեսական աճի դարաշրջանին:  
 

VNews-ը ներկայացնում է Met Gala-ի պատմության ընթացքում մինչ այժմ ամենաշատ քննարկված կերպարներին.

Շեր (1974)

Շեր

Այժմ «մերկ» զգեստ կրում են գրեթե բոլոր աստղային աղջիկները՝ Բելլա Հադիդից և Զոյա Կրավիցից մինչև Քենդալ Ջեներ և Բեյոնսե, բայց հենց Շերն էր, որ գրեթե կես դար առաջ պաշտամունք դարձրեց նման հագուստը: 1974 թվականին երգչուհին Met Gala-ի կարմիր գորգին հայտնվեց փետուրներով կարված թափանցիկ զգեստով: Այդ կերպարը նրա համար ստեղծել էր կուտյուրիե Բոբ Մաքին։ Այդ տարի միջոցառումը համընկավ «Ռոմանտիկ և գլամուրային հոլիվուդյան դիզայն» թեմայի հետ, և Շերի կերպարը 100%-ով համընկավ դրան: Ի դեպ, նաև Քիմ Քարդաշյանն է ոգեշնչվել Բոբ Մաքիի աշխատանքներից և 2015 թվականին Met Gala-ին ներկայացել էր նմանատիպ զգեստով, որը նրա համար կարել էր Պիտեր Դունդասը՝ Roberto Cavalli-ից։

 

Ժակլին Քենեդի (1979)

Ժակլին Քենեդի

Ջեքի Քենեդին միշտ համարվել է Վալենտինո Գարավանիի գլխավոր հաճախորդներից մեկը։ Իտալացի դիզայների ստեղծած զգեստներով նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է հանրությանը, իսկ 1968-ին նա Valentino-ի շքեղ զգեստով ամուսնացավ նավաշինության մագնատ Արիստոտել Օնասիսի հետ: Ուստի զարմանալի չէ, որ Ժակլին Քենեդին «Հաբսբուրգյան դարաշրջանի նորաձևությանը» նվիրված պարահանդեսին ներկայացել էր Գարավանիի սև զգեստով։ 

 

Արքայադուստր Դիանա (1996)

Արքայադուստր Դիանա

Լեդի Դին միայն մեկ անգամ է հայտնվել Met Gala-ին։ 1996 թվականին նա բաժանվել էր Չարլզից և կարծես նոր, երջանիկ կյանք էր սկսել։ Քրիստիան Դիորին նվիրված Met Gala-ի պարահանդեսի գորգին նա հայտնվել է Ջոն Գալիանոյի ստեղծած և գիշերազգեստ հիշեցնող մուգ կապույտ զգեստով, մարգարտե վզնոցով ու Lady Dior պայուսակով։ 26 տարի անց այս կերպարը չի կարելի անվանել «ճչացող», դա ավելի շուտ էլեգանտ ու համեստ է։ Այն ժամանակ, սակայն, շատերն այդ հագուստը համարում էին ներքնազգեստ: Այդ պատճառով Լեդի Դին նույնիսկ ցանկացել է հրաժարվել դրանից։ Ասում են, որ նա չի ցանկացել այդքան անկեղծ կերպարով շփոթեցնել 14-ամյա արքայազն Ուիլյամին։ Բայց, բարեբախտաբար, արքայադուստրն այն հագել է, և նրա կերպարը հավերժացել է Met Gala-ի պատմության մեջ։

 

Սառա Ջեսիկա Փարքեր (2006)

Սառա Ջեսիկա Փարքեր

2006 թվականին պարահանդեսը նվիրված էր բրիտանացիների մասին իդեալների և կարծրատիպերի ուսումնասիրությանը, և թեման էր՝ «Անգլոմանիա. ավանդույթ և բրիտանական նորաձևության խախտում»։ Դրես-կոդին 100%-ով հետևողներից մեկը Սառա Ջեսիկա Փարքերն էր: Դերասանուհին կարմիր գորգին ներկայացել է Alexander McQueen-ի զգեստով։ Հիմնական շեշտը մի ուսի վրա տարտան նախշով թիկնոցն էր (ավանդական շոտլանդական զարդանախշ), իսկ նրան ուղեկցում էր զգեստի դիզայներ Ալեքսանդր Մաքքուինը։

 

Քիմ Քարդաշյան (2013)

Քիմ Քարդաշյան -2013թ

Շատ դժվար է Քիմ Քարդաշյանի՝ միայն մեկ կերպար ընտրելը, բայց մենք որոշեցինք կանգ առնել ոչ թե Mugler-ի խորհրդանշական «թաց» զգեստի և, նույնիսկ, ոչ էլ երկար շլեֆով Balenciaga-ի սև կոստյումի վրա, այլ անդրադառնալ պարահանդեսին գլխավոր it-girl-ի առաջին հայտնվելուն: 2013 թվականին Քիմն իր դեբյուտը կատարեց Met Gala-ում +1 կարգավիճակով՝ Քանյե Ուեսթի հետ։ Այդ ժամանակ նա ութամսական հղի էր և կարմիր գորգի վրա քայլեց Burberry-ի ծաղկավոր, մինչև ազդրը բացված զգեստով և ապահովեց իր տեղը worst dressed վարկանշային աղյուսակում: Նույն օրը երեկոյան համացանցում հայտնվեցին հսկայական թվով մեմեր. օգտատերերն աստղի պատկերը համեմատեցին բազմոցի հետ: Վեց տարի անց Քիմը Vogue-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հավերժ կհիշի այդ երեկոն։

«Ես ամբողջ ճանապարհին լաց էի լինում, որովհետև պարզապես չէի կարողանում հավատալ դրան»,- ասել էր նա։

Այդուամենայնիվ, Քարդաշյանի դեբյուտային տեսքն ընդմիշտ մտավ պատմության մեջ և դարձավ ամենահիշարժաններից մեկը։

 

Ռիհանա (2015)

Ռիհանա -2015

2015 թվականին Met Gala-ի թեման էր՝ «Չինաստան. հայելու միջով», ուստի գորգը լցված էր մետաքսով, վառ ասեղնագործությամբ և բարդ պրինտներով։ Երեկոյի գլխավոր աստղը Ռիհանան էր։ Նորաձևության միջոցառմանը նա ներկայացել է չինացի դիզայներ Գուո Պեյի դեղին զգեստով (որն, ի դեպ, համարվում է Չինաստանում թագավորության և վեհության գույնը)։ Կերպարի գլխավոր առանձնահատկությունը մորթե զարդարանքով մի քանի մետրանոց շլեֆն էր, որը ձգվում էր «Մետրոպոլիտեն» թանգարանի գրեթե ամբողջ սանդուղքով մեկ։ Ռիհանայի զգեստը կարել էին երկու տարի: Ասում են՝ երգչուհին համացանցում տեսել է դիզայների աշխատանքները և ուղղակի սիրահարվել դրանց։

 

Քանյե Ուեսթ (2016)

Քանյե Ուեսթ- 2016

Քանյե Ուեսթը միշտ էլ կարողացել է զարմացնել. և դա վերաբերում է ոչ միայն երաժշտական ու գեղարվեստական ներկայացումներին, այլև կարմիր գորգին հայտնվելուն։ Օրինակ՝ 2019 թվականին նա Met Gala-ին ներկայացավ 43 դոլար արժողությամբ Dickies-ի բաճկոնով, սև տաբատով և Yeezy-ի սպորտային կոշիկներով։ Ավելի ուշ Քանյեն ասաց, որ չի ցանկացել շեղել ուշադրությունը կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, որն ընտրել էր Mugler-ի՝ վերը նշած «թաց» զգեստը։ Իսկ 2016 թվականին ռեփերը կարմիր գորգի վրա հայտնվեց պատռված ջինսով և նույն կտորից բաճկոնով։ Met Gala-ի պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ հյուրը ջինս էր հագնում: