Logo

Մի՞թե Ղարաբաղ նշանակում է «սև այգի»…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 22.10.2020Գրադարան
hhhhhhhhhhh min - Մի՞թե Ղարաբաղ նշանակում է «սև այգի»...

«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։ Հայերենում «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տերմիններն օգտագործվում են որպես հոմանիշներ:

Մի՞թե Ղարաբաղ նշանակում է «սև այգի»…

Համաձայնեք, որ կասկածելի է հնչում. արցախյան հրաշագեղ բնաշխարհը ինչպե՞ս կարելի է անվանել սև այգի… Գոյություն ունի «Ղարաբաղ» բառը լեզվաբանական վերլուծության մեկ այլ բանաձև.

(թրք.)kara/(ադրբ.)qara (գարա)+bağ (բաղ, նշ.՝ այգի):

Առաջին արմատը՝ qara-ն, թյուրքական լեզուներում, այդ թվում՝ ադրբեջաներենում ունի մի քանի նշանակություն՝ «սև», «մեծ», «խիտ», «մուգ»: Ու թեև առօրյա խոսակցական լեզվում առավելապես գործածվում է «սև» իմաստով, սակայն տեղանունների դեպքում qara-ն հաճախ նշանակում է «մեծ»։ Հետևաբար՝ «Ղարաբաղ» բառը ստուգաբանելիս ճիշտ է առաջին բաղադրիչը թարգմանել «Մեծ»և ոչ թե «սև»:

Ղարաբաղի առաջին հիշատակությունները…

Պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինին, պատմելով 1334-1344 թվականների դեպքերը, նշում է «Առանի Ղարաբաղ» կամ «Առան-Ղարաբաղ» անվանումը։ Առանի ու Ղարաբաղի այս նույնացումից ենթադրվում է, որ սկզբնապես Ղարաբաղ է կոչվել նախկինում Առան անվամբ հայտնի ամբողջ հայ Աղվանքը` Կուրի աջափնյակը: 13-14-րդ դարերի վրացական ժամանակագրությունում վկայվում է, որ Ղարաբաղը գործածական է դարձել հենց այդ ժամանակներում: Ղարաբաղը հիշատակող առաջին հայ հեղինակը Թովմա Մեծոփեցին է, որի տեղեկության համաձայն Ղարաբաղի մեջ է մտել նաև Ուտիքը: Ղարաբաղ անվան առայժմ հայտնի առաջին բացատրությունը կամ հայերեն տարբերակը հիշատակում է 16-17-րդ դարերի տեղացի պատմիչ Հովհանիսիկ Ծարեցին, որը նույնպես Ղարաբաղին համազոր գործածում է «Սև այգի» բառացի թարգմանությունը։