Logo

Մոդիլիանիից մինչև Գոգեն. աշխարհի 15 ամենաթանկ կտավները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:02 / 28.06.2022Արվեստանոց
ամենաթանկ կտավներ

Լեգենդար նկարիչների կտավներն այսօր վաճառվում են տիեզերական գումարներով, իսկ աճուրդներում նրանց համար իրական մարտեր են ծավալվում։ VNews Culture-ը պատմում է արվեստի պատմության 10 ամենաթանկ կտավների մասին։  

10. «Մերկ պառկածը»․ Ամեդեո Մոդիլիանի

Ամեդեո Մոդիլիանի

Գինը՝ 170 միլիոն դոլար 

Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանին չճանաչված հանճարի ամենավառ օրինակներից է։ Կենդանության օրոք նրա նկարները գործնականում չեն վաճառվել, և նա մահացել է 35 տարեկանում՝ լիակատար աղքատության մեջ։ 

Մի անգամ կինը նրա մասին ասել է. «Մոդիլիանին հանճար է և հրեշտակ։ Երբ նա մահանա, բոլորն անմիջապես դա կհասկանան»։ 
Այդ արտահայտությունը դարձավ մարգարեական, նկարչի մահից անմիջապես հետո նրա նկարների նկատմամբ հետաքրքրությունը սկսեց երկրաչափական պրոգրեսիայով աճել: Իսկ 2015 թվականին «Մերկ պառկածը» Christie's-ի աճուրդում վաճառվեց 170 միլիոն դոլարով։ Այն ձեռք բերեց չինացի միլիարդատեր Լյու Իցյանը։

 

9. «Ալժիրցի կանայք»․ Պաբլո Պիկասո

Պաբլո Պիկասո

Գինը՝ 179 միլիոն դոլար 

«Ալժիրցի կանայք» 15 նկարների մի ամբողջ շարք է։ Պաբլո Պիկասոն այն ստեղծելու համար ոգեշնչվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի «Ալժիրցի կանայք իրենց հանգստասենյակներում» աշխատանքով։ Նկարը 179 միլիոն դոլարով գնել է Կատարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին։

 

8. «Մարտին Սոլմանսի դիմանկարը» և «Օփյեն Կոպիտի դիմանկարը»․ Ռեմբրանդտ

Ռեմբրանդտ

Գինը՝ 180 միլիոն 

Մարտին Սոլմանսի և Օփյեն Կոպիտի զույգ դիմանկարները հոլանդացի նկարիչը նկարել է 1634 թվականին՝ հարուստ ընտանիքի պատվերով: Օրինակ՝ Ռեմբրանդտին իր աշխատանքի համար վճարել են ընդամենը 500 գուլդեն (մոտ 230 եվրո)։ Նկարներն առաջին անգամ վաճառքի են հանվել 1798 թվականին, իսկ 1877-ին դրանք գնել է Ռոտշիլդների ընտանիքը։ Ասում են՝ դրանք կախված են եղել բարոնի ննջասենյակում, և, քանի որ նա շատ է ծխել, նկարների վիճակը խիստ վատացել է։ 

2015-ին հայտարարվեց գլուխգործոցների վաճառքի մասին, և դրանք 180 միլիոն դոլարով գնեց Ֆրանսիայի կառավարությունը։

 

7. «Ջրային օձեր II», Գուստավ Կլիմտ

Գուստավ Կլիմտ

Գինը՝ 183 միլիոն դոլար

1904-1907 թվականներին ավստրիացի նկարիչը միանգամից մի քանի նկար է նկարել առասպելական թեմաներով։ Հենց այդ ժամանակաշրջանում են ստեղծվել «Շարժվող ջուր», «Արծաթե ձուկ», «Բժշկություն», «Ոսկե ձկնիկ» և «Ջրային օձեր II»-ը, որոնց վրա Կլիմտը պատկերել է աղջիկների՝ նիմֆայի տեսքով։ Վերջին նկարի վերնագիրը, այսպես ասած, հուշում է այն մասին, որ գեղեցիկ արտաքինի հետևում կարող է թաքնված լինել մարդու սառը էությունը։ 2015 թվականին այն վաճառվել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին՝ 183 միլիոն դոլարով։

 

6. «Մանուշակագույն, կանաչ և կարմիր»․ Մարկ Ռոտկո

Մարկ Ռոտկո

Գինը՝ 186 միլիոն դոլար 

Շատերը տարակուսում են ավանգարդ նկարիչ Մարկ Ռոտկոյի ստեղծագործության համար վճարված նման տիեզերական գնից: Համոզված ենք, որ ձեզնից շատերն այժմ կասեն. «Ես ինքս էլ կարող եմ նկարել սա» (հիշենք «1 + 1» կուլտային ֆիլմի տեսարանը, որտեղ Օմար Սիի կերպարը վրդովվում է, երբ իմանում է նկարի արժեքը): 

Ինքը՝ նկարիչը, պնդում էր, որ այստեղ դիտողը ոչ միայն պետք է տեսնի գույների վառ համադրություն, այլև զգացողություններ ապրի։ Թերևս դա է պատճառը, որ 2014 թվականին «Մանուշակագույն, կանաչ և կարմիրը» Դմիտրի Ռիբոլովլևը գնել է 186 միլիոն դոլարով։

 

5. «Թիվ 17Ա» Ջեքսոն Փոլլոք

Ջեքսոն Փոլլոք

Գինը՝ 200 միլիոն դոլար 

Ջեքսոն Փոլլոքը դարձավ ամերիկացի արվեստագետների երիտասարդ սերնդի արմատականության և նորարարության խորհրդանիշը։ Նրա համար միշտ կարևոր է եղել ոչ թե աշխատանքի արդյունքը, այլ հենց գործընթացը։ Նրա ամբողջ աշխատանքը մի տեսակ պերֆորմանս է։ 

Ասում են, որ ոգեշնչման պահին նա կարող էր պարզապես ներկ ցողել կտավի վրա և, միաժամանակ, նույնիսկ պարել։ Այդպես են ծնվել նկարչի գլուխգործոցները. Ճիշտ է, Փոլլոքի կյանքի ընթացքում նրա նկարներն առանձնահատուկ արժեք չեն ունեցել, իսկ 2015-ին «Թիվ 17Ա» աբստրակտը 200 միլիոն դոլարով վաճառվել է ամերիկացի միլիարդատեր Քենեթ Գրիֆինին։

 

4. «Ե՞րբ է հարսանիքը»․ Պոլ Գոգեն

Պոլ Գոգեն

Գինը՝ 210 միլիոն դոլար

Պոլ Գոգենը ևս մի նկարիչ է, որն իր կյանքի ընթացքում հազիվ էր ծայրը ծայրին հասցնում և նկարներ էր վաճառում կոպեկների դիմաց: «Ե՞րբ է հարսանիքը» ստեղծագործությունը պոստիմպրեսիոնիստը գրել է 1892 թվականին Թաիթի կատարած ճանապարհորդության ժամանակ։

Երկար ժամանակ այն պատկանում էր Ռուդոլֆ Շտեխելինի ընտանիքին և ներկայացված էր Բազելի արվեստի թանգարանում։ 2015-ին այն վաճառվել է Կատարի թանգարանների վարչությանը՝ 210 միլիոն դոլարով։

 

3. «Թղթախաղ խաղացողները»․ Պոլ Սեզան

Պոլ Սեզան

Գինը՝ 250 միլիոն դոլար

«Թղթախաղ խաղացողները» հինգ նկարների շարք է, որը ֆրանսիացի նկարիչը ստեղծել է 19-րդ դարի վերջին։ Բոլոր կտավներում պատկերված են (ինչպես կարելի է կռահել անունից) թղթախաղ խաղացողներ: Դրանցից չորսը մինչ օրս ներկայացված են Եվրոպայի և Ամերիկայի թանգարաններում, սակայն վերջինը երկար ժամանակ գտնվում էր մասնավոր հավաքածուում, մինչև այն գնեց Կատարի իշխանությունը 2012 թվականին՝ 250 միլիոն դոլարով։ Այն ժամանակ կտավը գլխավորում էր աշխարհի ամենաթանկ նկարների վարկանիշը, իսկ այժմ՝ պատվավոր երրորդ տեղը։ Ըստ ամենայնի, Կատարի իշխանությունները լավ են գլուխ հանում արվեստից, և արաբական ամենահարուստ երկրներից մեկի բյուջեն դա թույլ է տալիս։

 

2. «Փոխանակում»․ Վիլլեմ դե Կունինգ

Վիլլեմ դե Կունինգ

Գինը՝ 300 միլիոն դոլար

Այս աշխատանքում հոլանդացի աբստրակտ նկարիչը ցանկացել է արտացոլել հետպատերազմյան աշխարհի բոլոր այլանդակությունները։ Մինչև 2015 թվականը նկարը պատկանում էր Sotheby's աճուրդի տան աշխատակից Ռուդոլֆ Շտեխելինին, իսկ հետո այն գնել է անանուն գնորդը՝ 300 միլիոն դոլարով։  Այժմ «Փոխանակումը» ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում:

1. «Աշխարհի Փրկիչը»․ Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դա Վինչի

Գինը՝ 450,3 միլիոն դոլար

Լեոնարդո դա Վինչիի այս կտավը երկար ժամանակ համարվում էր կորած։ Հայտնի է, որ մինչև 1763 թվականը ֆրանսիական գահի ժառանգորդներն էին կտավի տերերը (քանի որ այն ստեղծվել է 15-րդ դարում՝ Լյուդովիկոս XII թագավորի հրամանով), իսկ հետո թելը խզվում է։ Միայն 1900 թվականին պարզ դարձավ, որ «Աշխարհի Փրկիչն» այս ամբողջ ընթացքում պահվել է բարոնետ Կուկի կեցավայրում։

Ի դեպ, բարոնետի ժառանգները 1958-ին աճուրդում վաճառել են Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցն ընդամենը 65 դոլարով, քանի որ որոշել են, որ այն կեղծ է (վախենում ենք պատկերացնել, թե ինչ է պատահել նրանց հետ, երբ իմացել են, որ այն իսկականն է): 2011 թվականին նկարը գնել է ռուսաստանցի միլիարդատերը՝ 127 միլիոն դոլարով, իսկ 2017-ին այն վաճառել է Սաուդյան Արաբիայի արքայազնին՝ 450 միլիոն դոլարով։