Logo

MoMA. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 10.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
moma museums nyc2 - MoMA. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Առաջին թանգարանը, որը նվիրվեց ժամանակակից արվեստին և օրինակ դարձավ այլ երկրների համար: Թանգարան, որտեղ միշտ կարելի է տեսնել ինչ-որ անսովոր ու հետաքրքիր ստեղծագործություն, ընդլայնել մտահորիզոնն ու ինչու չէ՝ փոխել աշխարհայացքը:

Թանգարան MoMA. սկիզբը

Նյու Յորքյան ժամանակակից արվեստի թանգարանն ստեղծվեց 1929 թվականին՝  Էբի Օլդրիխ Ռոքֆելլերի (Ջոն Դ. Ռոքֆելլերի կրտսեր կինը) և նրա երկու ընկերների՝ Լիլի Պ. Բլիսի և Մերի Քուին Սալիվանի շնորհիվ: Թանգարանն սկզբնական շրջանում տեղակայված էր գրասենյակային շենքի մի քանի փոքր սենյակներում: MoMA-ի զարգացման սկզբնական փուլում մեծ դեր ունի Ռոքֆելլերների հայտնի ընտանիքը: Հենց այդ պատճառով է, որ թանգարանն այսօր գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնի անմիջական հարևանությամբ:

Թանգարանի ժամանակակից շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին, իսկ ավելի ուշ՝ արդեն 50-ական թվականներին վերակառուցվել նոր՝ ավելի ժամանակակից ոճով: 1947 թվականին MoMA-ն պայմանագիր է կնքել Մետրոպոլիտեն թանգարանի հետ, ըստ որի ժամանակակից արվեստի հավաքածուի ստեղծագործությունները ժամանակի ընթացքում պետք է փոխանցվեն Մետրոպոլիտենի հավաքածուին: Սակայն 6 տարի անց պայմանագիրը խզվել է, քանի որ դա MoMA-ի համար մեծ ռիսկ էր՝ կորցնելու հիմնական հավաքածուի հսկայական մասը: Թանգարանի վերափոխման պատմությունը դրանով չի ավարտվել, 2000-ական թվականներին ցուցասրահներն ավելացել են մի քանի անգամ, իսկ թանգարանի ճանաչելիությունն անհամեմատ աճել է:

MoMA-ն Ամերիկայի առաջին թանգարանն էր, որը նվիրված էր բացառապես ժամանակակից արվեստին և իր տեսակի մեջ առաջինն էր Մանհեթենում, որը ցուցադրեց եվրոպական մոդեռնիզմ:

moma then now 2 960x640 - MoMA. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Շրջենք թանգարանում…

Ժամանակակից արվեստի թանգարան ասելիս, շատերս պատկերացնում ենք թեթև, պարզ, մինիմալիստական ոճով կառուցված շինություն: Եվ դա ճշմարտություն է. ժամանակակից արվեստի շատ կենտրոններ հենց այդ տրամաբանությամբ էլ կառուցվում են, և MoMA-ն լավագույն օրինակներից է: Տեսնենք ներսում ի՞նչ կա…

Սկսենք շենքի բարձր հարկերից և աստիճանաբար իջնենք ներքև:

Վերևի սրահներում սովորաբար ներկայացվում են ժամանակակից ցուցադրություններ, որոնք ունեն ժամանակավոր բնույթ և հաճախ փոխարինվում են: Այստեղ դուք կգտնեք ներկայացուցիչներ ժամանակակից արվեստի տարբեր դպրոցներից, երկրներից, որոնց կարող են ունենալ տարբեր ուղվածություններ: Իջնենք դեպի ներքև. 5-րդ հարկում ներկայացված են հավաքածուներ քանդակագործությունից և գեղանկարչությունից, որտեղ արդեն ճանաչված պոստիմպրեսիոնիստների աշխատանքներ են: Օրինակ՝ վրձնի անկրկնելի վարպետը՝ Պոլ Սեզանը: Նույն հարկում կարող եք ավելի լավ ծանոթանալ Ռուսոյի, Գոգենի, Կանդինսկու, Լիսիցկիի, Միրոյի և այլ անգերազանցելի վարպետների գործերին, ինչպես նաև եզակի անհատականություններին:

Իջնելով 4-րդ հարկ` դուք անպայման կնկատեք Անրի Մատիսի աշխարհահռչակ «Պար» ստեղծագործությունը, որը սրահի ամենաճանաչված գործերից է: Չորրորդ հարկը ներկայացնում է նաև 40-70-ականների շրջանի արվեստի հսկայական հավաքածու: Այստեղ ներկայացվում և զարգանում են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են փոփ-արտը, մինիմալիզմը, էքսպրեսիոնիզմը և այլ ուղվածություններ:

3-րդ հարկը նվիրված է ճարտարապետության արվեստին, որտեղ ներկայացված են նկարներ, դասավորություններ, լուսանկարներ, ինչպես նաև աշխարհի ամենազարմանալի ճարտարապետների՝ Գաուդիի, Վան դեր Ռոեի, Լե Կորբյուզիեի, Ֆրենկ Լլոյդ Ռայթի կահույքները։

2-րդ հարկում է գտնվում ժամանակավոր ցուցահանդեսների ևս մեկ սրահ։ Այնտեղ ներկայացվում են այն արտիստների աշխատանքները, որոնք ապրում և ստեղծագործում են մեր օրերում։

Եթե ամբողջական հայացք գցենք թանգարանի հավաքածուին, ապա այնտեղ գտնենք աշխարհին հայտնի անուներ՝ Սեզանից մինչև Մալևիչ և Պիկասո, Կլոդ Մոնեից մինչև Ժորժ Բրակ, Ջոան Միրոն և Ջեքսոն Պոլոկ:

Վինսենթ Վան Գոգի «Աստղային գիշերը» և Պաբլո Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները» համարվում են թանգարանի հավաքածուի ամենահայտնի մարգարիտները:

tips tile 960x720 - MoMA. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Highlight of MoMA - MoMA. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Հետաքրքիր փաստեր թանգարանի մասին

  • Տարվա տաք եղանակին այցելուների համար ամենագրավիչ վայրը բացօթյա քանդակների հայտնի պարտեզն է, որտեղ ցուցադրված են Պիկասոյի «Այծը» և Փարիզի մետրոյի մուտքի մի մասնիկ՝ Գիմարի ձեռքի աշխատանքը:
  • Շենքն ունի 2 ստորգետնյա հարկ, որտեղ գտնվում են բացառապես կինոթատրոններ։ Թանգարանի մուտքի տոմսերի արժեքը ներառում է ցանկացած ֆիլմի դիտում:
  • Թանգարանն ունի ցնցող և տրամադրությանը համապատասխան ռեստորան՝ The Modern- ը:
  • MoMA ժամանակակից արվեստի թանգարան տարեկան այցելում է ավելի քան 2,5 միլիոն մարդ:

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կտեսնեք նաև հայ հանճարեղ նկարիչ Արշիլ Գորկու «Հոգեվարք» կտավը (1947):

5357013870 3572a58e7e b 960x749 - MoMA. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Իսկ եթե մի օր որոշեք այցելել MoMA, չմոռանաք՝

Թանգարանը բաց է ամեն օր՝ ժամը 10:30-17:30

Հասցե: 11 W 53rd St, New York, NY 10019, USA

Պաշտոնական կայք: