Բոլոր ժամանակներում հանճարներն ունեցել են իրենց «բզիկները»՝ սովորույթներ, որոնք հասարակ մահկանացուներիս թվում են տարօրինակ, իսկ նրանց դեպքում՝ բնական կենսակերպ։ Այդ արտառոց իրավիճակները նպաստել են, որ նրանք համաշխարհային գլուխգործոցներ ստեղծեն մարդկության ու տիեզերքի համար։ Vnews-ն առանձնացրել է 7 հանճարների տարօրինակ սովորությունները։
«Շորերս չբերեք, մինչև չգրեմ»
Աշխարհահռչակ գրող Վիկտոր Հյուգոն սովորություն ուներ կիսատ թողնել սկսած գործը, ուստի զանազան մեթոդներով պայքարում էր ինքն իր դեմ: «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպը գրելիս նա սափրել է իր գլխի կեսը, որ հարկադրված տնից դուրս չգա և աշխատի:
Մի անգամ էլ «Թշվառների» հեղինակն ամբողջովին մերկացել է և ծառաներին հրամայել տնից դուրս տանել իր հագուստն ու չվերադարձնել, քանի դեռ չի գրել ինչքան պետք է: Եվ միայն հարկ եղած քանակի էջերը գրելուց հետո է հագնվել և փողոց դուրս եկել:
Դագաղում հանգստացող սյուրռեալիստը
Արտառոց արարքների շտեմարան էր նկարիչ Սալվադոր Դալին: Ժամանակ առ ժամանակ նա հասարակությանն ապշեցրել է իր հագուստով: Կարող էր, օրինակ, մարդկանց առաջ հայտնվել սաղավարտով: Պատահել է` նրան տեսել են դագաղում, մրջյուններ քշելիս:
Գեղանկարիչը սիրում էր ննջել ճաշից հետո: Նրա այդ սիեստան (հետկեսօրյա հանգիստը) անսովոր էր. նստում էր բազկաթոռին` ձախ ձեռքի բթամատի և ցուցամատի արանքում սեղմելով մի մեծ պղնձե բանալի: Հատակին դրվում էր շրջված պղնձե թաս: Հենց որ Դալին ննջում էր` բանալին ձեռքից ընկնում էր ափսեի վրա, և այդ զնգոցից նա արթնանում էր:
Սյուրռեալիզմի վարպետը բացատրել է, որ հենց վայրկենական քունն է, որն իրեն թարմացնում է և բերում զարմանահրաշ տեսիլքներ:
«Սառույց լցրեք գլխիս, որ նվագեմ»
Հանճարեղ երգահան Լյուդվիգ վան Բեթհովենի որոշ տարօրինակությունների մասին պատմել են իր ծառաները: Ասում են՝ աշխատանք սկսելուց առաջ նա երբեք չէր սափրվում, համարում էր, որ այդ ժամանակ իր ոգեշնչումը մարում է:
Բեթհովենը գտել էր իրեն լավագույնս ոգեշնչող միջոցը` գործերով զբաղվելուց առաջ նա սիրում էր գլխին մի ամբողջ դույլ սառույցով ջուր լցնել:
Նեխածի հոտ․ ում համար՝ զզվանք, ում համար՝ ներշնչանքի աղբյուր
Գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերին աշխատելու էր տրամադրում նեխող խնձորի հոտը: Նա դրանցով լցնում էր իր սեղանի դարակը և ծառաներին արգելում իր առանձնասենյակը հավաքել: Այդ մասին վկայել է Շիլլերի մտերիմ ընկեր, ոչ պակաս հանճարեղ Վոլֆգանգ Գյոթեն.
«Ես մի անգամ այցի գնացի Ֆրիդրիխին, բայց նա ինչ-որ տեղ էր գնացել: Կինն ինձ խնդրեց սպասել նրա առանձնասենյակում: Ես նստեցի բազկաթոռին, կռթնեցի սեղանին և հանկարծ ուժեղ սրտխառնոց զգացի: Նույնիսկ մոտեցա բաց պատուհանին, որպեսզի թարմ օդ շնչեմ: Սկզբում իմ այդ վիճակի պատճառը չէի հասկանում, իսկ հետո կռահեցի, որ ամեն ինչ ուժեղ հոտից եղավ»,- պատմել է Գյոթեն:
Գլխի ընկնելով, որ անսովոր հոտը սեղանի դարակում կուտակված նեխած խնձորներն են արձակում` Գյոթեն Շիլլերի ծառաներին հանձնարարում է «աղբը հեռացնել», բայց ծառաները միայն ուսերն են թոթվում:
Շիլլերն իր դրամաները գրել է նաև ոտքերը սառույցով լի ջրի մեջ դրած:
Երբ ականջը կտրում են ոչ թե վատ պահվածքի, այլ ստեղծագործելու համար
Վան Գոգն անդադար նկարել է օրեր շարունակ, դույլերով աբսենտ է խմել։ Իր իսկ ձեռքով կտրել է իր ձախ ականջը և վիրակապված վիճակում ինքնանկարն արել։ 37 տարեկանում ինքնասպան է եղել:
Այսօր բժիշկներն ու գիտնականներն արդեն մոտ 150 ախտորոշում են հրապարակել, որոնք կյանքի օրոք ունեցել է մեծ նկարիչը:
«Ե՞ս, ես օղի և ճամպրուկ եմ պատրաստում, ի՞նչ քիմիական տարր»
Դմիտրի Մենդելեևի հոբբին բավականին օգտակար եղավ ալկոհոլի սիրահարներին: Հայտնի քիմիկոսը ռուսական օղու համար մշակեց ստանդարտ, որով արժանացավ նույնքան փառքի, որքան քիմիական տարրերի աղյուսակի բացահայտման ժամանակ:
Մենդելեևը նաև սիրում էր ճամպրուկներ պատրաստել: Հարևաններից շատերը նրան ճանաչում էին որպես լավ ճամպրուկ պատրաստող վարպետ, այլ ոչ որպես անգերազանցելի քիմիկոս:
«Կապեք ինձ աթոռին, որ աշխատեմ»
Լավ աշխատելու համար ֆրանսիացի գրող, հրապարակախոս Էմիլ Ֆրանսուա Զոլան իրեն կապում էր աթոռին:
Հ.Գ․- Տարօրինակ սովորություններն օգնել են այս մարկանց մարզելու ուղեղը, իսկ հանճարեղ նրանք եղել են բնատուր։ Այնպես, որ հասարակությունից առանձնանալ ձգտելիս ցանկալի է օրինակ վերցնել նրանց գաղափարները, տաղանդը, այլ ոչ թե արտառոց պահվածքը․ եթե հանճար չեք, զավեշտի առարկա դառնալ չարժե։)))