Logo

Այդքան երկար սպասված հաղթանակի ձայնը... ի՞նչ էր մտորում կյանքի մայրամուտին դարի երգիչը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:49 / 23.05.2022Երաժիշտներ
Բացառիկ
null

Շառլ Ազնավուրն ապրել է երկար և իրադարձություններով լի կյանք, անցած ուղու և հետաքրքիր դրվագների մասին նա շատ է պատմել իր գրքերում, որոնցից գրեթե բոլորը հենց ինքնակենսագրական բնույթի են։ Այդ մասին VNews Culture-ի հետ զրույցում ասաց «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը։

Ի՞նչ էին հետո զգում «ոչինչ չի կարող ստացվել» ասողները․․․

Մեծն շանսոնյեի մասին շատ է գրվում, խոսվում, նա այն եզակի արտիստներից է, որը գնահատված է եղել իր կյանքի օրոք։ Այդուհանդերձ, կարիերայի սկզբում Ազնավուրին շատ էին քննադատում, խորհուրդ տալիս թողնել երգարվեստը, քանի որ նրա մոտ «ոչինչ չի կարող ստացվել»։

 

Համառության և աշխատասիրության շնորհիվ, սակայն, Շառլ Ազնավուրը կարողանում է որպես մենակատար իր առաջին հաջողությունները գրանցել արդեն 1950-ականներին։ Կարինե Էվոյանը նշում է, որ Շառլ Ազնավուրի համար կար մի պատմություն և մի պահ, որը միշտ հիշել է կյանքի ընթացքում։ 

«Նա առանձնահատուկ ձևով միշտ հիշում էր 1960 թ. դեկտեմբերի 12-ի երեկոն, երբ հանդիսատեսն անհաղորդ սառնությամբ էր ընդունել համերգի ընթացքում իր կատարած առաջին յոթ երգը։ Հետո նա երգել էր վերջին՝ «Je m'voyais déjà» երգը, որը պատմում է մեծ ամբիցիաներով, բայց անհաջողակ արտիստի մասին: 

 

Ելույթի ավարտին լույսերն ուղղվել էին դեպի հանդիսատեսը. ծափահարություններ չկային: Երբ նա բեմ էր դուրս եկել՝ վերջին անգամ խոնարհվելու, անասելի մեծ էր նրա զարմանքն ու հուզմունքը. դահլիճից ծափեր և հիացական բացականչություններ էին սկսել հնչել։ Դա նրա համար այդքան երկար սպասված հաղթանակի ձայնն էր… Այդ օրվա նրա երգացանկում նաև այլ երգեր կային, որ հետո բացարձակ հիթ դարձան աշխարհի տարբեր երկրներում՝ «Emmenez-moi», «Les comediens»-ը և այլն»,- պատմեց «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրենը։

Շրջապատը՝ «Շառլի աչքերով»

Շառլ Ազնավուրի արխիվը հարուստ է և բազմազան․ պատճառներից մեկն այն է, որ նա շատ սիրել է լուսանկարչությունը և անբաժան է եղել իր տեսախցիկից։ Ազնավուրների ընտանեկան արխիվում շատ լուսանկարներ և տեսագրություններ կան։ 

«Դրանցից, թերևս, կառանձնացնեի այն տեսագրությունները, որոնք արել է Ազնավուրը, և որտեղ նա ձայնով մեկնաբանել է նկարածը։ Օրինակ՝ կնոջը նկարելիս պատմում է, թե որքան յուրահատուկ է իր կինը և ինչպես է նա իրեն զգում կնոջ կողքին։ Այդօրինակ ձայնագրություններ շատ կան, որոնք նաև հիմք են դարձել «Շառլի աչքերով» ֆիլմի ստեղծման  համար, որի պրոդյուսերը Շառլ Ազնավուրի որդիներից մեկն է՝ Միշան»,- ասում է Կարինե Էվոյանը։ 

«Երազում էր իր հարյուրամյակին համերգով հանդես գալ»․․․

Լեգենդ, դարի երգիչ, մեծ արտիստ և հումանիստ. Ազնավուրի մասին շռայլած բնորոշումները միշտ թվում է, թե քիչ են, ամբողջությամբ չեն արտահայտում մեր զգացածը։ Ի՞նչ էր զգում մաեստրոն ինքը կյանքի վերջին շրջանում, ի՞նչ էր ասում, ինչո՞վ էր ոգեշնչվում, ի՞նչ էր եզրակացրել իր ապրածից․ մեծն շանսոնյեի անվան հիմնադրամի փոխտնօրենը պատմեց նրա մտորումների մասին․

«Ազնավուրն իր կյանքի և, հատկապես, վերջին տարիների մասին մտորումներով կիսվում էր իր գրքերում։ Արտահայտվելու այդ ձևը շատ հոգեհարազատ էր նրան, քանի որ երգերում էլ նա միշտ պատմում էր իր կյանքի պատմությունները։ Կարող եմ ասել, որ Ազնավուրը շատ էր սիրում կյանքը, նա իրեն ծեր մարդ չէր համարում. շարունակում էր աշխատել «Ազնավուր» հիմնադրամի ծրագրերի վրա, ստեղծագործում էր և համերգային շրջագայությունների մեկնում։ Երազում էր իր հարյուրամյակին համերգով հանդես գալ»...

Ազնավուրի ներկայությունը կզգացվի նրա թանգարանում

Շառլ Ազնավուրը մշտապես աջակցել է Հայաստանին՝ սկսած 1988-ի ավերիչ երկրաշարժից․ նրա հայտնի «Քեզ համար, Հայաստան» երգի շուրջ միավորվեցին հարյուրավոր աշխարհահռչակ աստղեր, և սկավառակի ամբողջ հասույթը ևս ուղղվեց երկրաշարժից տուժածներին։

 

2016 թվականին նա որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծեց «Ազնավուր» հիմնադրամը, որն ունի երեք հիմնական ուղղություն՝ սոցիալական, կրթական և մշակութային։

Շառլ Ազնավուրի մահից հետո առաքելության կարևորագույն մաս է կազմում նաև նրա մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն ամբողջ աշխարհում։ 

««Ազնավուր» կենտրոնն այն նախագծերից էր, որն իրականացնելու համար Շառլ Ազնավուրն անձամբ է աշխատել կյանքի վերջին տարիներին։ Կենտրոնը մի միջավայր է առաջարկելու, որտեղ երիտասարդները կկարողանան զբաղվել երաժշտությամբ, ուսումնասիրել կինոարվեստը, մասնակցել վարպետության դասերի, սովորել ֆրանսերեն։

Կենտրոնում նաև տեղակայված է լինելու Շառլ Ազնավուրի թանգարանը, որտեղ ներկայացված են լինելու արտիստի անձնական իրերը, հայտնի և անհայտ պատմությունները, անձնական նամակները և շատ այլ թանկարժեք հուշեր։ Նորարարական լուծումների շնորհիվ այցելուներին մեծ անակնկալ է սպասելու, նրանք կզգան Մաեստրոյի շունչն ու ներկայությունն այդտեղ»,- ասաց նա։ 

«Ամենօրյա ոգեշնչումը հենց Ազնավուրն է»․ առաքելությունը շարունակվում է

Հիմնադրամն այս պահին ակտիվորեն աշխատում է մի քանի ծրագրի ուղղությամբ։ Դրանցից վերջինը՝ «Aznavour Classique»-ը, ներկայացվեց հանրությանը նախորդ շաբաթ։ 

«Դա համերգային մի նոր նախագիծ էր, որի ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի երգերը՝ դասական մատուցմամբ։ Մեր հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, որը նաև Նիկոլա Ազնավուրի կինն է, համերգի մենակատարն էր։ Հատուկ երևանյան պրեմիերայի համար այստեղ էին ժամանել նաև Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, որոնք նվագակցել են Ազնավուրին երկար տարիներ։ Բեմում նրանց միացավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնիի ղեկավարությամբ։ Համերգը կմեկնի նաև համաշխարհային շրջագայության»,- ներկայացրեց Կարինե Էվոյանը։ 

Նա հավելեց՝ համերգի ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն էր, որ ամբողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի և «Զինվորի տան» համատեղ ծրագրին՝ «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին»։ Փոխտնօրենը նշեց, որ անելիքները շատ են․ 

«Այս ծրագիրը մենք սկսել ենք Արցախյան պատերազմից հետո, որի շրջանակում բիզնես հիմնելու դրամաշնորհներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպաններին։ Արդեն ունենք 24 ֆինանսավորված ծրագիր, նպատակ ունենք շարունակել այդ հաջողությունները և նոր տղաների ներառել ծրագրում։ 

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է - yerkir.am

Արցախյան պատերազմի ընթացքում հիմնադրամը մարդասիրական մեծ օգնություն է հավաքագրել և տեղափոխել Հայաստան՝ Ֆրանսիայի կառավարության, տարբեր կազմակերպությունների և անհատների օգնությամբ։ Պատերազմից հետո էլ Վանաձորի բժշկական կենտրոնում հիմնել ենք համակցված վերականգնողական բուժում տրամադրող նոր բաժանմունք։ Ծրագրերը բազմազան են, և սա դեռ ամենը չէ։ Մեր ամենօրյա ոգեշնչումը հենց Շառլ Ազնավուրն է՝ նրա մարդասիրությունն ու գործերը, որոնցով ներշնչված՝ շարունակում ենք նրա առաքելությունը»,- ասաց նա: