Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Ներսումս ինչ կա, փորձում եմ արտահայտել լուսանկարներումս». Կարեն Խաչատուրով

Կարեն Խաչատուրովը ծնվել է Երևանում, 1992 թվականին: Ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Տպագրվել է հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են՝ The Guardian-ը Le Monde-ը, Vogue-ը METRO.co.uk-ը և այլն: 2019 թվականին Խաչատուրովը հրատարակել է իր առաջին ֆոտոգիրքը՝ «Pastel poetry»-ն, երկու տարի անց երկրորդը՝ «Dystopia»-ն:

Սկսենք սկզբից…

- Մինչ լուսանկարչությամբ զբաղվելը բժշկական քոլեջում եմ սովորել, հետո` ծրագրավորում։ Այդ ամբողջ ընթացքում զուգահեռաբար զբաղվել եմ նաև երաժշտությամբ. երաժշտություններ եմ գրել, մոտ 6 տարի։ Երաժշտությունը մինչև հիմա էլ ակտուալ է։ Հետո, ժամանակի ընթացքում հասկացա, որ վիզուալ պատկերների հետ աշխատելն ինձ դուր է գալիս, շրջապատում էլ կային ընկերներ, որ ֆոտոյով էին զբաղվում և, այսպես ասած, իրենցից էլ ոգեշնչվեցի։ 

Լուսանկարչության ո՞ր ժանրից ես սկսել, ի՞նչ էիր նկարում։

-Ամեն ինչ նկարում էի սկզբից, հիմնականում street։ Հետո արդեն սկսեցի կոնցեպտուալ լուսանկարչության վրա կենտրոնանալ ու հենց այդ ժանրում էլ սկսեցի խորանալ։ 

Կարեն, չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայաստանյան լուսանկարչության մեջ քո ոճը հստակ տարբերվում է, այսինքն՝ տարբեր լուսանկարներ նայելով միանշանակ կարող ենք «կռահել»` որն ես դու նկարել, և այդ հարցում ամենաշատն օգնում են ֆոտոյում գերակշռող պաստելային գույները։ Որտեղի՞ց է դա գալիս։

- Հենց սկսեցի կոնցեպտուալ լուսանկարչության մեջ խորանալ` գույներն էլ զուգահեռաբար «եկան», այսինքն՝ գույները կոնցեպտի մի մասն են։



Ի՞նչ ես փորձում ասել, փոխանցել լուսանկարներով։

- Հիմնականում վերցնում եմ ծանր «մեսիջներ», օրինակ՝ իմ անձնական կյանքից։ Եվ, այսպես ասած, դրանք ներկում եմ գույներով, որ կոնտրաստ ստացվի։ Լուսանկարներիս հիմնական մասում սարկազմի տարրեր կան, իսկ պաստելային գույները ծանր մեսիջները մի փոքր թեթևացնում են…

Իսկ ընտրված թեմաները մի՞շտ են անձնական։

- Դա ինձ ուղղակի դուր է գալիս։ Ես իրականում շատ եմ փորձել գլոբալ թեմաներից «խոսել», բայց հասկացել եմ, որ իմը չեն։ Կան արվեստագետներ, որ, օրինակ, ֆեմինիզմից են շատ խոսում, էկոլոգիայից և այլն։ Եթե ես փորձեմ էկոլոգիայի հետ կապված ինչ-որ շարք անել` շատ կեղծ կստացվի, քանի որ դա իմ ներսից չի գալիս։ 
Ներսումս ինչ կա, փորձում եմ դա արտահայտել լուսանկարներում։ Օրինակ՝ ընտանիքիս անդամներին եմ շատ նկարում, ներկայացնում եմ իմ հոգեկան ապրումները։ Այդ ամենն ինձ համար բնական է։ 

Այսինքն՝ քո արվեստում կա այդ ազատությունը` ասելու այն, ինչ ինքդ ես ուզում։

- Հա, իհարկե։ Չեմ անում ինչ-որ բան, ուղղակի անելու համար։

Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ քեզ` որպես լուսանկարչի, սկսեցին ճանաչել պապիկիդ` «Patel struggle» կոչվող ցուցահանդեսից հետո։ 

- Չեմ կարծում, մինչ դա էլ շատ-շատ ցուցահանդեսներ եմ ունեցել։ Պարզապես ինձ համար դա սկիզբն էր ավելի կոնցեպտուալ մտածողության. հասկացա, թե ինչպես է պետք կառուցել կոնցեպտը, որ վիզուալն ու տեքստը համահունչ դառնան։ Զուտ այդ տեսանկյունից ինձ համար հրաշալի փորձ էր հենց այդ ցուցահանդեսը։ 
Իրականում այդ շարքս մեծ հաջողություններ ունեցավ։


 


Ըստ քեզ՝ քո ստեղծած ֆոտոշարքերին ինչե՞րն են արժեք տալիս։

- Էմոցիաները։ Եվ կարևորը, թե ինչ եմ ուզում ասել։

Ունե՞ս ֆավորիտ ֆոտոշարք կամ ֆոտոշարքեր։

- Պապիկիս մասին արված մյուս ֆոտոշարքս, որը նկարել եմ տատիկիս մահից հետո։ Ցուցադրվեց Իգիթյան կենտրոնում, ֆրանսիական Circulations փառատոնի շրջանակներում։



Ի՞նչ ես մտածում լուսանկարչություն-բիզնես կոչվածի մասին։ 
Ունես լուսանկարներ, ֆոտոգրքեր, պոստքարտեր, որոնք նաև վաճառում ես։ Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ լուսանկարչությունը քեզ համար նաև գումար աշխատելու միջոց է։

- Իմ դեպքում՝ այո։ Կարելի է ասել՝ ես ապրում եմ իմ ֆոտոգրքերի, պրինտների վաճառքի գումարով, նաև ամսագրերից ստացած հոնորարներով։ 

Հայաստանում դժվա՞ր չէ լուսանկար, ֆոտոգիրք վաճառելը։

- Շատ դժվար է։ Նույնիսկ մատների վրա կարող եմ հաշվել, թե Հայաստանում քանի լուսանկար կամ ֆոտոգիրք եմ վաճառել։ Հիմնական գնորդներն արտերկրից են։ 

Խոսենք արտերկրում ունեցած քո հաջողություններից։ Ի՞նչ ցուցահանդեսներ ես ունեցել, ո՞ր երկրներում։ 

- Առաջին ցուցահանդեսս վավերագրական նախագիծ է եղել։ Նախագծում ներկայացրել եմ Արևմտյան Հայաստանի գյուղերի կյանքը։ Ցուցահանդեսը եղել է Թբիլիսիում` 2015 թվականին։ Դա մինչև կոնցեպտուալ լուսանկարչությամբ զբաղվելն էր։ 
2017-ին Պեկինում մասնակցել եմ իրենց մոտ անցկացվող ամենամյա արվեստի միջազգային բիենալեին, որից հետո ցուցահանդեսս «շրջեց» Չինաստանով մեկ։
Ցուցահանդեսներ եմ ունեցել նաև Բեռլինում, Սիդնեյում, Իսրայելում, Նյու Յորքում` երկու անգամ, 2018-ին կրկին Թբիլիսիում և այլն։

Իսկ ինչպե՞ս է դա կազմակերպվում։ Դո՞ւ ես դիմում, թե՞ առաջարկներ ես ստանում…

- Ինձ հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով են գտնում։

Վերջերս Փարիզում էիր, դու ու ևս մի քանի հայ լուսանկարիչներ ցուցահանդես ունեցաք։ Կպատմե՞ս։

- Հա, այդ ցուցահանդեսը դեռ կա և կշարունակվի մինչև մայիսի 29-ը։ Փարիզի CANTER QUATRE 104 ցուցասրահում է, որտեղ ներկայացրել եմ «Self Destruction» շարքը։ 



Եվ վերջին հարցը.
Լուսանկարի հետ տեքստ ներկայացնելը որքանո՞վ ես կարևորում։ 

- Հիմա հենց այդ փուլում եմ, փորձում եմ զարգացնել ֆոտո+տեքստ համադրությունը։ Նույնիսկ առաջին հերթին ծնվում է տեքստը, հետո նոր լուսանկարը։ Դա շատ երկար պայքար էր ինքս ինձ հետ՝ պե՞տք է արդյոք տեքստ/նկարագրություն, թե՞ ոչ։ Հասկացա, որ իրականում շատ կարևոր է դա։ 

 

Կարեն Խաչատուրովի առաջիկա՝ «Artist is a clown» կոչվող ցուցահանդեսին կարող եք այցելել հունիսի 8-ին` Ալբերտ և Թովէ Բոյաջյան Ցուցասրահում:  
Իսկ լուսանկարչի ամբողջական ֆոտոշարքերին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ այցելելով karenkhachaturov.com կայք: