Logo

Նկարչի խոստումը մահացած երեխայի պատկերի առաջ աղոթող մորը․ մի նկարի պատմություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:30 / 24.03.2022Արվեստանոց
null

Ձմռան մթնշաղ, ձնաբուք։ Երկու տղա և մի աղջիկ դժվարությամբ քարշ են տալիս սառցակալած հսկայական ջրի տակառով սայլակը քաղաքի փողոցով։ Երեխաներն ուժասպառ են։ Սուր քամին անցնում է նրանց պատառոտված հագուստի միջով։ Ինչ-որ բարի մարդ օգնում է սահնակը բարձրացնել բլրով: Հայտնի նկարիչ Վասիլիյ Պերովն իր ստեղծագործությունն անվանել է «Եռյակ»։ Որքա՜ն ցավ ու դառնություն կա այդ անվան մեջ։ Մենք սովոր ենք լսել երգեր սուրացո՛ղ եռյակի մասին, իսկ այստեղ հյուծված երեխաների եռյակն է: «Եռյակ» անվանմանը Պերովը հավելել է. «Աշակերտ արհեստավորները ջուր են տանում»։

Պերովն արդեն սկսել էր նկարել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում տղա երեխայի հարմար կերպար գտնել։ Այնինչ այդ տղայից շատ բան էր կախված. նա միանգամից գրավում է դիտողի ուշադրությունը։ 

Մի արևոտ գարնանային օր նկարիչը, սովորության համաձայն, թափառում էր ուղեկալների մոտ, նայում անցորդներին։ Հանկարծ նա նկատեց մի կնոջ՝ տղայի հետ։ Մոտեցավ։ Տղան հենց նա էր, ում փնտրում էր երկար ժամանակ: Սկսեցին զրուցել։ Նրա նոր ծանոթները Ռյազանի գյուղից գնացել էին վանք, հասել Մոսկվա, բայց գիշերելու տեղ չունեին։  Պերովը նրանց բերում է արվեստանոց, ցույց տալիս կիսատ տեսարանը և խնդրում նկարել տղայի դիմանկարը։ Կինը համաձայնում է։

Մինչ Պերովն աշխատում էր, կինը պատմում էր իր կյանքի մասին։ Նրան մորաքույր Մարյա են կոչում։ Ճակատագիրը նրան երես չի տվել: Մորաքույր Մարյան սովի ու աղքատության մեջ է ապրել, հուղարկավորել է ամուսնուն և երեխաներին։ Հիմա կնոջը մի մխիթարություն է մնացել՝ տասներկուամյա որդի Վասենկան։ Նկարիչը լսում էր տխուր պատմությունը, իսկ կտավի վրա վրձնի յուրաքանչյուր շարժման հետ ավելի պարզ էր երևում Վասյայի դեմքը։ Ծանր սահնակին գամված՝ Վասյան այժմ դիտողներին կհիշեցնի շուրջն ապրող բազմաթիվ երեխաների դժվար վիճակի մասին…

Անցավ մոտ չորս տարի: «Եռյակ» կտավը վաղուց գտնվում էր Տրետյակովի պատկերասրահում։ Մի օր վաղ առավոտյան Պերովի մոտ եկավ մի անսպասելի հյուր՝ կիսամուշտակով և ցեխապատ մեծ կոշիկներով մի գյուղացի պառավ։ Նա աղքատիկ նվեր տվեց նկարչին՝ հավկիթներով փոքրիկ կապոց, և սկսեց լաց լինել: Պերովը հազիվ ճանաչեց մորաքույր Մարյային։ Նա պատմեց, որ իր միակ որդին անցյալ տարի հիվանդացել է և մահացել , իսկ ինքը վաճառել է ունեցվածքը, աշխատել ձմռանը, մի փոքր գումար հավաքել և հիմա եկել է գնելու նկարը, որտեղ պատկերված է Վասենկան։ Պերովը հյուրին բացատրեց, որ անհնար է գնել նկարը, սակայն կարող է տեսնել այն։ Նա մորաքույր Մարյային տարավ Տրետյակով։

- Դու իմ սիրելի: Ահա, ատամիկդ էլ ընկել է,- բացականչեց մորաքույր Մարյան և ծնկի իջավ նկարի առաջ։

Պերովը մենակ թողեց կնոջը։ Մի քանի ժամ անց նա վերադարձավ դահլիճ։ Մորաքույր Մարյան դեռ ծնկած էր ու... աղոթում էր։ Նա աղոթում էր ոչ թե սրբապատկերի, այլ նկարի մոտ։ Նկարիչն իր արվեստով հավերժական կյանք էր պարգևել որդուն։ Պերովը մորաքույր Մարյային խոստացավ նկարել Վասյայի դիմանկարը։ Նա կատարեց իր խոստումը և  գյուղ՝ կնոջն ուղարկեց որդու ոսկեզօծ շրջանակով դիմանկարը։