Ֆովիզմն արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին: Այն դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։
Անվանումն առաջացել է փարիզյան ցուցահանդեսներից մեկի ժամանակ, երբ քննադատ Լուի Վոսելը, տեսնելով ներկայացվող համարձակ ու վառ կտավները, հեղինակներին անվանեց վայրի գազաններ (Les Fauves): Ժամանակի ընթացքում այդ բնորոշումը վերագրվել է մի ամբողջ ոճի:
«Վայրի գազաններ» անվանումը ցույց է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։
Ֆովիստներն իրենց աշխատանքներում ընդգծում էին վառ գույների ինտենսիվությունը, ռիթմն ու հակադրությունը:
Շարժման առաջնորդներն Անրի Մատիսն ու Անդրե Դերենն էին։ Նրանք ոգեշնչվել էին պոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգից և Պոլ Գոգենից, որոնք նախընտրում էին ավելի ընկալվող վառ, ինտենսիվ գույներ՝ իմպրեսիոնիստներին հատուկ: Մատիսի աշխատանքներում կնոջ քիթն, օրինակ, կարող էր կանաչ լինել: Մատիսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։
Մատիսից ու Դերենից բացի հայտնի ֆովիստ էին Albert Marquet-ը, Charles Camoin-ը, Louis Valtat-ը, Jean Puy-ը, Maurice de Vlaminck-ը, Henri Manguin-ը, Raoul Dufy-ը, Othon Friesz-ը և այլք:
Ֆովիզմը ներթափանցել է նաև երաժշտության ասպարեզ:
«Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր» – ասել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ Վասիլի Կանդինսկին:
Ըստ Կանդինսկու՝ գույնի միջոցով կարելի է ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա:
Երաժշտական ֆովիզմում կարևոր է ռիթմի և դինամիկայի դերը: Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը, հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն։
Իրենց ստեղծագործություններում երաժշտական ֆովիզմին են անդրադարձել ռուս կոմպոզիտորներ Իգոր Ստրավինսկին ու Սերգեյ Պրոկոֆևը, նաև հունգարացի երգահան Բելլա Բարտոկը: