Logo

Օսկար 2021. «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի»

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 06.04.2021Ռեժիսորներ
169591723 816890705571339 8782265599921958132 n - Օսկար 2021. «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի»

20-րդ դարի ամերիկյան երաժշտության մեջ իր նշանավոր տեղը զբաղեցնող, ինքնատիպ և անկրկնելի ջազ և բլյուզ երգչուհու՝ Բիլի Հոլիդեյի մասին պատմող կենսագրականը Օսկար-2021-ի հավակնորդների թվում է՝ սևամորթ Հոլիդեյին ստեղծագործական և անձնական կյանքի վերջին տասնամյակում մարմնավորող Անդրա Դեյը հավակնում է «Լավագույն դերասանուհու» կոչմանը։ Պատմում ենք, թե ինչպիսին է ստացվել «Միացյալ նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմը, որի ռեժիսորն է օսկարանոմ Լի Դենիելսը, ում «Հրեշների պարահանդեսի» շնորհիվ տարիներ առաջ Հոլի Բերին արժանացավ «Օսկար»-ի՝ դարձնելով Բերիին առաջին սևամորթ դերասանուհուն, ով արժանացավ «Օսկար»-ի «Լավագույն գլխավոր» դերի համար։ 1937 թվականին ծագումով հրեա, իսկ քաղաքական հայացքներով կոմունիստ՝ ամերիկացի ուսուցիչ և գրող Աբել Միրոպոլը տեսնում է Լինչի դատաստանին ենթարկված և ծառից կախված սևամորթ տղամարդու լուսանկարն ու եղելիությունից ցնցված գրում է «Strange Fruit» պոեմը՝ ներկայացնելով այն կեղծանվան տակ։ Սակայն արդյունքում պոեմը դառնում է ինքուրույն երգ և անգամ չպլանավորված ու ինքնաբուխ «մանիֆեստ», որը սկիզբ է դնում Միացյալ Նահանգներում սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժմանը։ 1939-ին երգը փոքրիկ և անկախ ձայնագրման ստուդիայում ձայնագրում է երիտասարդ երգչուհի Բիլի Հոլիդեյը՝ դարձնելով այն սեփական երգարվեստի այցեքարտը գալիք տասնամյակների համար։

Ռեժիսոր Լի Դենիելսը «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» կենսագրականի համար որպես մեկնարկային կետ ընտրել է հենց «Strange fruit» ստեղծագործությունը՝ ըմբոստ, բայց դրա հետ մեկտեղ փխրուն և թմրամոլային կախվածություն ունեցող Հոլիդեյի դիմակայությունը Հետաքննությունների դաշնային դյուրոյին և անձամբ Հարի Անսլինգերին, ով տարիներ շարունակ հետապնդում էր երգչուհուն։ Ամերիկյան պրոհիբիցիոնիստական և այդ ժամանակներում սևամորթների նկատմամբ խիստ խտրական քաղաքականությունը սրացնում և սադրում էր ինչպես ռասիստներին, այդպես էլ ռասիզմի հետևանքով տուժողներին։ Հոլիդեյի ստեղծագործական գործունեությունն ու «Strange fruit» կատարումը գտնվում էին Միացյալ Նահանգների օրենքի դաշտում, իսկ հերոինի նկատմամբ կախվածությունը՝ ոչ։ Անսլինգերն ու բյուրոյի վերնախավը որոշում են բռնել Հոլիդեյի թմրանյութերի գործով՝ բացի այդ նրանք երգչուհու դեմ բարեհաջող օգտագործում են վերջինիս տղամարդկանց և ամուսիններին, որոնք մեկը մյուսի հետևից դավաճանում են։ Թեև պատմությունն իրական է և BLM-ի ժամանակաշրջանում խիստ արդիական՝ Դենիելսի ֆիլմի սցենարը, կառուցվածքը ու ռեժիսորական աշխատանքն արդյունքում ստացվել է խիստ խաոտիկ, տեղ-տեղ մակերեսային, իսկ երկու կողմերի հակամարտությունը պատկերված է գրեթե կարծրատիպային։ Անսլինգերն օժտված է մի փոքր ծաղրանկարային դիմագծերով, իսկ էկրանային բյուրոյի գործակալ Ջիմի Ֆլեթչերը, ով հետապնդում է Հոլիդեյին և արդյունքում սիրահարվում երգչուհուն՝ խիստ հոլիվուդականացված, տվյալ ռոմինտիկացված կոնտեքստում անգամ անիրական։ Դենիելսը մի կողմից ներկարացնում է ամբողջ աշխարհին ներքին, իր հայրենիքում տեղի ունեցած պատմական, քաղաքական և մշակութային ետնաբեմը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Որքանով է ճիշտ և արդար այս՝ սևամորթների նկատմամբ տեղի ունեցած մեզ հայտնի և անհայտ խտրական վերաբերմունքի հիման վրա երբեմն շահարկվող կոնտենտ արտադրելու ակտիվ շրջանում ստեղծել միջակ ֆիլմ 20-րդ դարի կարևորագույն ջազ և բլյուզ երգչուհու մասին՝ հարցը մնում է անպատասխան։ Հոլիդեյին փաշաքշանքով և քնքշությամբ դիմում էին նաև «Լեդի Դեյ», սկզբից ընկերները, այնուհետև նաև երկրպագուները։ Խորհրդանշական է, որ ֆիլմում Լեդի Դեյին մարմնավորում է երգչուհի և դերասանուհի Անդրա Դեյը, ով արտաքնապես հիշեցնում է ոչ դե Հոլիդեյին, այլ մեկ այլ հանրահայտ արտիստուհու՝ Էրթա Քիթին։ Անդրա Դեյի Բիլին ապրում է իր հասուն կյանքի ամենատանջալի և խճճված շրջանը՝ դատարանից բանտախուց և այնուհետև լեգենդար բեմական վերադարձ, հերոինային ընդարմություն և մանկական ցնցումներ, որոնք մենք տեսնում ենք ֆլեշբեք-ցնորքների տեսքով։

Այնուամենայնիվ, որքան էլ տպավորիչ և համոզիչ լինի Դեյի խաղը, Դենիելսի կերտած ամերիկյան ջազ-աշխարհը, որը բուրում է թունդ ալկոհոլի, թանկարժեք պարֆյումի և տոթ սրահի ու ծխի մեջ քրտնող էլեգանտ կոստյումներով երաժիշտների հոտով, պատկերում է միայն Հոլիդեյ-այսբերգի գագաթը՝ ջրի տակ թաքցնելով այս բարդ և հակասական անձի բոլոր շերտերն ու հոգեբանական ապրումները։ Անդրա Դեյի նոմինացիան, այնուամենայնիվ, արժան է և տեղին, իսկ մենք սպասենք Բիլի Հոլիդեյի և անցած դարի սկզբին և կեսերին կատարվելիք հարավային անհանդուրժողականության մասին ավելի կենտրոնացված և ռեալ կինոկտավի։